Ասում է Արման Մելիքյանը
– Ի՞նչ տվեցին Երեւանի ավագանու ընտրությունները հայ հանրությանը կամ ի՞նչ տարան նրանից:
– Ընդհանուր առմամբ, այդ ընտրություններն ազդարարեցին անցյալ տարվա նախագահական ընտրություններով սկսված ընտրական փուլի ավարտը: Արդյունքը մեկն էր՝ սկսվեց իշխող կոալիցիայի վերակառուցման գործընթացը: Կոալիցիայից դուրս եկավ ՀՅԴ-ն, իսկ ՀՀԿ-ն սկսեց ձգտել երկիրը միակուսակցական կառավարման համակարգի բերելու: Սա երկրի ներսում շատ հստակ նոր շեշտադրումներ է առաջացնում: Ընդդիմությունն, ըստ էության, գնալով ավագանու ընտրություններին, հաստատեց, որ այլեւս չի պատրաստվում վիճարկել նախագահական ընտրությունների արդյունքները: Մյուս կողմից՝ փորձեց պահպանել իր դեմքը՝ չհամաձայնելով ավագանու ընտրությունների հրապարակված պաշտոնական արդյունքների հետ: Մեծ հաշվով, դա չփոխեց իրավիճակը: Զավեշտն այն է, որ քաղաքի ավագանու ընտրություններն անգամ օրենքից դուրս էին, քանի որ անցկացվել են փաստացի գոյություն չունեցող համայնքում, ինչը գործող օրենսդրության աղաղակող խախտում է: Այդ մասին հրապարակավ ասվել է, բայց ոչ ընդդիմությունը, ոչ էլ, բնականաբար, իշխանությունները չփորձեցին հետեւել օրենքի տառին: Ընտրությունները եղան քաղաքական ակտիվություն դրսեւորելու հերթական առիթը, եւ մեր հասարակության մեջ խորացող ճեղքն էլ ավելի խորացավ: Փաստորեն, երկիրը բաժանված է երկու ճամբարների, որոնք մեկը մյուսին չեն ընդունում, չեն հարգում, չեն ընկալում, իսկ ցանկացած ընդդիմախոսություն որակում են որպես անձնական վիրավորանք կամ դավաճանություն: Այս տեսանկյունից անցած ընտրությունները խորացրեցին առկա հիասթափվածությունը, իշխանությունների հանդեպ անվստահությունը, որոշակիորեն նաեւ ավելացավ քննադատական վերաբերմունքն ընդդիմության առաջնորդների գործողությունների նկատմամբ, որովհետեւ շատերն էին արագ արդյունքների սպասում:
– Այսօր ԱԺ-ում համաներման առաջարկն է քննարկվելու: Դա որեւէ կերպ չի՞ նպաստի իրավիճակի փոփոխությանը:
– Մենք հայտնվել ենք «Ջելսամինոն խաբեբաների երկրում» հեքիաթի հերոսների վիճակում՝ հասարակական պատկերացումների, երկակի չափանիշներով ապրելու, կեղծ մտավորականության առկայության եւ առհասարակ՝ կեղծի գերակայության տեսանկյունից: Այս համաներումը պարզապես իրավիճակը փրկելու, քաղաքական ճգնաժամը կոծկելու եւ իշխանության դեմքը փրկելու արհեստական միջոց է, որով իրականում որեւէ խնդիր չի լուծվի: Անգամ եթե համաներումն իրագործվի, դա չի վկայելու իշխանության արդարամտության եւ Հայաստանի՝ իրավական պետություն լինելու մասին: Նաեւ՝ չի կարելի կոչ անել մարդկանց, որ չընդունեն համաներումը եւ մնան բանտերում, քանի որ բանտերում են քաղաքական հայացքների համար եւ ոչ թե քրեական գործողությունների: Վերջին հաշվով, մեկ տարուց ավելի այդ մարդիկ բանտերում են եւ բավական ծանր վիճակում են. չի կարելի նրանց առաջ նման պահանջ դնել: Այս պարագայում համաներումը գթության ակտ չէ, այլ հստակ ուղղորդված քաղաքական քայլ, որի միջոցով իշխանությունը քրեական հանցագործների հետ մեկտեղ բանտերից ազատ կարձակի նաեւ քաղաքական պատճառներով այնտեղ հայտնված մարդկանց մի մասին:
– Դուք ակնարկեցիք «կեղծ մտավորականության» մասին: Ի՞նչը կամ ո՞ւմ նկատի ունեք:
– Իշխանության եւ ընդդիմության մեջ կան մարդիկ, ովքեր գրագետ են, բարձրագույն կրթություն, գիտական կոչումներ ունեն, բայց մտավորականի կոչմանը հավակնելու իրավունք չունեն: Մտավորական լինելը մասնագիտություն չէ. դա ներքին կոչում է, դա խղճի կշեռքի առկայությունն է, որը կարողանում է այս աշխարհում իր կրողին կողմնորոշել լավի, վատի, չարի ու բարու հարցերում: Երբ մարդը բացահայտ կեղծին արդար է հռչակում, ընդ որում՝ միայն հանրայնորեն, իսկ նեղ շրջանակներում ասում հակառակը, այդ մարդը չի կարող մտավորական լինել: Չի կարելի մի չարիքն արմատախիլ անել՝ միավորվելով մեկ այլ չարիքի հետ, եւ դրանից հետո քեզ արդար համարել: Չարիքը չարիք է:
– Ընդդիմության «ամառային արձակուրդներից», ըստ ձեզ՝ ով ի՞նչ կշահի եւ ով ի՞նչ կկորցնի:
– Ընդդիմությունն, իսկապես, վերակառուցվելու խնդիր ունի, բայց, ըստ իս՝ Հայաստանի ապագան ոչ ներկայիս իշխանությունն է, ոչ էլ այսօրվա ակտիվ ընդդիմությունը: Թե մեկը, թե մյուսը շատ բան արեցին, որպեսզի հասարակությունը պառակտվի, ստեղծվեն միմյանց գոյությունը չընկալող ու մերժող ճամբարներ: Սա աշխարհայացքային մակարդակի եւ շատ որոշակի հասարակական անջատողականության դրսեւորում էր: Հասարակությանը միավորող ներուժն այսօր քաղաքական դաշտում ակտիվ դերակատարում չունի, բայց ի հայտ գալու եւ գործելու լայն հնարավորություններ է ստանալու: Իշխանությունն ու գործող ընդդիմությունը բացասական առումով իրենց անգործունակության ապացույցները ներկայացնելու, ցույց տալու դեռ բան ունեն, որովհետեւ թե ՀԱԿ-ին, թե իշխանությանը սատարող բազմաթիվ մարդիկ կան, որոնց հիմնական մտավախությունը՝ համապատասխանաբար հակառակորդների իշխանության գալն է կամ իշխանության մեջ մնալը: Այդ բացասականի կրիտիկական զանգվածը կուտակվում է եւ կպարպվի: Եթե այդ երկու ուժերը չփորձեն քաղաքական երկխոսության միջոցով բացասականը դրականի վերափոխել՝ երկուսն էլ շանս չունեն: Ամեն դեպքում, հասարակությունը դա կվերապրի, կստանա ապագա զարգացման իր ճանապարհը եւ կգա սրանց գոյության վերջն ազդարարող նորը: Պարզապես կլինեն մարդիկ, ովքեր նորի ուղեծրից դուրս կմնան: Այդ տեսանկյունից «Հանրային խորհուրդը» եւս մի խաբկանք էր, որի զոհը դարձան շատերը, ովքեր իսկապես երկրի ճակատագրով մտահոգ էին եւ հույս էին կապում այդ կառույցի հետ: Այդ խորհուրդը ստեղծված էր իշխանության կարիքները սպասարկելու համար, եւ այդ առումով առաջին քայլն արդեն արված է, արդյունքներն էլ՝ ակնհայտ: Իմ տեղեկություններով՝ խորհրդի անդամներից շատերի մոտ հիասթափությունն արդեն առկա է եւ խորանում է: