Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած գործողությունների ծրագրի մասին ասում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
– Ընդդիմադիր ուժերին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած միավորման պլատֆորմի 12 կետերից առնվազն 7-8-ը խնդիրներ են, որոնք միշտ կարեւորել է Դաշնակցությունը: Ուրեմն՝ ի՞նչն է խոչընդոտում համագործակցությանը՝ ՀՅԴ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ ավանդական վատ հարաբերություննե՞րը, թե՞ մեկ այլ գործոն:
– Մենք ավանդական հարաբերությունների զոհ չենք դառնում: Խնդիրը շատ հստակ է մեզ համար. քաղաքական դաշտում մեր փոխված տեղի ու որպես կուսակցություն մեր առաքելությանը համապատասխան՝ դերակատարություն ճշտելու հարցն օրակարգի վրա է: Այս պահին մենք հենց այդ քննարկումների մեջ ենք: Մեզ համար հստակ է, որ նախ եւ առաջ պիտի հասարակության առջեւ հանդես գանք այցեքարտով, որպեսզի շատ ավելի հստակ պատկերացնի, թե որպես քաղաքական ուժ ի՛նչ ենք ուզում, ի՛նչ ձեւերով ենք պատկերացնում լուծումները եւ դրա համար ի՛նչ գործունեություն ենք ծավալելու: Եթե այս խնդիրը մենք չլուծենք՝ հստակություն չի լինի, ամեն ինչ կլղոզվի ու ձեւը կդառնա ավելի կարեւոր, քան բովանդակությունը:
– Կարծում եք, թե հասարակությունն անցած տարիների ընթացքում այդպես էլ չի՞ տեղեկացել, թե ՀՅԴ-ն ինչ է ուզում:
– Գիտի մի մասով, բայց ոչ մյուս մասը, որը շատ կարեւոր է մեզ համար: Հասարակությունը գիտի, որ ՀՅԴ-ն ազգային գաղափարների պաշտպան կուսակցություն է, այն էլ փորձել են անընդհատ աղավաղել, թե ինչպիսի պաշտպան է: Ուստի պետք է հստակեցնել մեր պլատֆորմը 3 գլխավոր ուղղություններով՝ ազգային խնդիրներ, ընկերվարական արժեհամակարգ եւ ժողովրդավարություն: Օրինակ՝ ընկերվարական արժեհամակարգը, սոցիալիզմ ասվածը լիարժեք ընկալված չէ, շփոթ կա, եւ սրա հետ կապված մենք ունենք լուրջ անելիքներ: Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը՝ այստեղ հատման դաշտը կարող է շատ ավելի լայն լինել, քանի որ բոլորն ուզում են ժողովրդավարություն, բայց մեզ համար խնդիր է հետեւյալը. եթե ժողովրդավարության համար բոլորս՝ քաղաքական ուժերով չենք ստեղծել նախադրյալներ՝ չպիտի ակնկալենք, որ ընտրությունների ժամանակ հանկարծ այդ ժողովրդավարությունը պիտի ծաղկի: Եվ մենք այդ նախապատրաստման գործը չափազանց կարեւորում ենք: Բայց մեր կողմնորոշման համար ուղենիշ, գլխավոր սկզբունք, չափորոշիչ են լինելու ազգային հարցերը: Եվ դրանց հետ կապված՝ այն, ինչ այսօր հայտարարվում է, շատ մակերեսային է ու շատ ընդհանուր: Մեր պատկերացրած պլատֆորմը բոլորովին այլ բան է:
Եթե ընդհանուր գնահատենք այն, ինչ հիմա առաջարկվում է՝ չնայած պրն Տեր-Պետրոսյանը շեշտեց, թե խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի, այլ քաղաքական պլատֆորմի շուրջ միավորվելուն, բայց իրականում սա հենց ՀԱԿ-ին միանալու առաջարկ է: Եվ այս հարցը նա պետք է շատ ավելի հստակեցնի: Այդ տարանջատումը նա չի կարողանում իր մեջ կատարել՝ միշտ այնպես է ներկայացնում, որ ի վերջո դառնում է իրեն միանալ: Եվ եթե չես միանում, իր հետ չես, ուրեմն՝ իրենց դեմ ես, դավաճան ես եւ այլն: Հաջորդ քայլը դա՛ է. եթե մենք իր 12 առաջարկները չենք ընդունում՝ նշանակում է, վաղը նորից հայտնվելու ենք դավաճանների իր ցուցակում: Սա մոտեցո՛ւմ չէ: Մի քանի կարեւոր հարցերի վերաբերյալ օգտագործված բառապաշարն ու գնահատականները, որոնք պահանջների տեսքով ներկայացված են այս պլատֆորմում՝ այդ հաստատումը կատարելու լիարժեք հնարավորություն են տալիս ինձ. սա ՀԱԿ-ի օրակարգն է ամբողջությա՛մբ:
– Խնդրեմ որոշակիացրեք՝ 12 կետերից ո՞ր մեկում եք արձանագրել դա:
– Լեւոն Տեր-Պետրոսյանի ոճին ես վաղուց եմ ծանոթ. նա կարող է ասել 10 արտահայտություն, որից 6-8-ը կարող են չափազանց ճիշտ լինել ու բոլորի համար ընդունելի: Բայց շատ կարեւոր է մյուս 1-2-ը, որոնք ոչ այնքան ճիշտ են կամ ուղղակի սխալ: Խոսքը տվյալ դեպքում պլատֆորմի 11 եւ 12 կետերի մասին է, որոնցով առաջարկվում է անցկացնել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ ու պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը։ Սա, ըստ էության, իշխանափոխության իր սխեման է, որին առաջարկում է, որ միանան բոլորը: Իսկ մեզ համար դա ինքնանպատակ չէ. մենք ասում ենք՝ այս փուլում «սայլը չդնենք եզներից առաջ»: Նկատի ունենք, որ իշխանության գալու խնդիրը, բնական է, բոլոր քաղաքական ուժերն էլ հետապնդում են, եւ դա նորմալ է: Բայց իշխանության համար պայքարը չպիտի դառնա գերակայող խնդիր, երբ փորձում ես հարաբերություններ հաստատել քաղաքական այլ ուժերի հետ: Քանի որ հարց է առաջանում՝ ես էլ եմ ուզում իշխանության գալ, դու էլ, էն մյուսն էլ. ես ինչի՞ պիտի նպաստեմ իշխանության քո գալուն: (11 եւ 12 կետերի կապակցությամբ հիշեցրինք, որ կոալիցիայից դուրս գալուց հետո ասուլիսում հենց ինքն էր ընդգծել, թե այս պահի՛ն չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ չբացառելով, որ այդ միջոցին կդիմեն հետագայում: Իսկ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը մայիսի 31-ից հետո հայտարարել էր. «Այն, ինչ մենք տեսել ենք ընտրություններին՝ ուղղել հնարավոր չէ. պիտի նոր ընտրություններ անցկացնել»: Այս հիշեցումներին ի պատասխան՝ պրն Ռուստամյանը ընտրական համակարգի բարեփոխման իրենց ծրագրային առաջարկներից շարադրեց, որոնց, ի դեպ, համահունչ են Լեւոն Տեր-Պետրոսյանի պլատֆորմում այս կապակցությամբ արված առաջարկները.- Ա. Ի.):
Եվ թող չթվա, թե խոսքը միայն 11 ու 12 կետերի մասին է: Թվում է, թե մենք ամբողջությամբ կարող ենք համաձայնել պլատֆորմի այն կետերին, որոնք վերաբերում են հայ-թուրքական հարաբերություններին ու ԼՂ-ին: Բայց մեզ համար շատ քիչ է «թույլ չտալ անհարկի զիջումների գնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում» ձեւակերպումը: Ի՞նչ է դա նշանակում: Ինձ համար դա շատ պարզ է, բայց իր համար կարող է մեկ այլ բան է նշանակում «անհարկի» բառը: Եվ ի վերջո՝ կարող է պարզ չդառնա, թե մենք միասին պայքարելու ենք ինչպիսի՞ զիջումներից խուսափելու դեմ: ՀՅԴ պլատֆորմում, ասենք, գրվելու է, որ զիջումների դաշտն արդեն սահմանել է ժողովուրդը՝ 1991 եւ 2006 թվականների հանրաքվեներով. դրանից ո՛չ մի զիջում: Համաձա՞յն են դրան: Կամ՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ դրույթը միայն չպիտի վերաբերի պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վիժեցմանը: Այնտեղ այլ հարցեր էլ կան, որոնք մեզ համար չափազանց կարեւոր են:
– Վերլուծաբաններից մեկը նշել էր, թե ՀԱԿ-ի հետ համագործակցության հնարավորությունը մերժում են ՀՅԴ «հին գվարդիայի» ներկայացուցիչները, որոնք 90-ականներին, Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, հայտնվել էին բանտում, իսկ կոալիցիայի մեջ լինելով՝ կոալիցիոն գործընկերների հետ կապվել են հարազատական կապերով: Մինչդեռ առավել երիտասարդ դաշնակցականները, օրինակ՝ Արծվիկ Մինասյանը, բազմիցս կոչ են արել թողնել անձնական ատելությունն ու գաղափարական տարաձայնությունները: Որքանո՞վ է դեր խաղում այս անձնական փորձառությունը:
– Անձնական փորձառությունն այնքանով է դեր խաղում, որ դա ազդում է նրա վրա, թե որքանով են վստահելի եւ հավատ ներշնչող տվյալ անձի ասածները: Մեզ համար շատ ավելի հստակ է, կարող է՝ նոր քաղաքական ուժերը չունեն այդ փորձառությունը: Մենք իրար հետ աշխատում ենք արդեն գրեթե 20 տարի եւ իրար այդքան ենք ճանաչում: Եվ այդ ժամկետները հաշվի առնելով՝ նրա գնահատականները մեզ համար շատ հաճախ ոչ միայն զարմանալի են, այլեւ հասնում են աբսուրդի աստիճանի հակասությունների: Երբ մենք խոսում ենք ժողովրդավարական մեխանիզմներ ստեղծելու մասին՝ ես չեմ կարող հավատալ մի մարդու անկեղծությանը, երբ որ նա քանդե՛ց այդ մեխանիզմները: Օրինակ՝ իրենք մինչեւ հիմա համարում են, թե 1995-ի Սահմանադրությամբ հաստատված կարգը ժողովրդավարության առումով օրինակելի է, էտալոն: Եվ հիմա մե՜ծ հարց ունեմ՝ երբ հիմա սահմանադրական կարգը վերականգնելու խնդիր են դնում՝ ա՞յդ կարգն են վերականգնելու: Եթե այո՝ մենք այդտեղ ընդհանրապե՛ս անելիք չունենք: Ասենք, 1995-ին Երեւանը դարձրին մարզ եւ թաղեցի՛ն տեղական ինքնակառավարումը մայրաքաղաքում: Սրանք երկրորդական բաներ չեն՝ նայեք, թե 1995-ի Սահմանադրության մեջ տեղական ինքնակառավարման մեխանիզմներն ի՜նչ խղճուկ հոդվածներով են սահմանված: Սա՞ են վերականգնելու:
– Նկատո՞ւմ եք, որ անգամ ընդդիմություն դառնալուց հետո էլ ՀՅԴ-ն առավել քննադատաբար հանդես է գալիս ընդդիմության մեկ այլ հատվածի դեմ, քան իշխանության:
– Բացարձակապե՛ս: Մենք նախ դա առաջին պահից զգացինք հենց մեր նկատմամբ՝ կասկածանք, թե խաղ է… ի՜նչ ասես ասացին: Եվ հենց ես առաջինն առաջարկեցի, որ ընդդիմությունը չպիտի պայքարի ընդդիմության դեմ: Այն, ինչ ես ասում եմ՝ ոչ թե պայքարի բնույթ ունի, այլ առողջացման:
Ես իրենց կադրային բանկին վատ գնահատական չեմ տալիս՝ ի վերջո, փորձ ունեցող մարդիկ ունի ՀՀՇ-ն, ճանապարհ են անցել: Եվ այո՛, կարող են շատ օգտակար գաղափարներ հրապարակ բերել, ու դրանք քննարկվեն՝ այստեղ տարանջատման կամ խանդի խնդիր չունենք: Բայց ճի՛շտ ձեւակերպենք հարցը: Եվ թիվ 1 հարցը սա է լինելու՝ ինչպե՞ս ենք մենք նպաստելու, որ հաջորդ ընտրությունների ընթացքում մեր քաղաքացին իր ձեռքում պահի սեփական ընտրական իրավունքը: Մենք պիտի նպաստենք, որ նախ քաղաքացին գա այդ գիտակցությանը, եւ երկրորդը՝ բոլոր նրանք, ովքեր ոտնձգություն են կատարելու ընտրական իրավունքի դեմ՝ իմանան, որ իրենց դեմ կանգնած կա հզոր ճակատ: Կեղծիքները սահմանափակելու հարցում մենք բոլորի՛ հետ պիտի համագործակցենք եւ ինչքան լավ գաղափար կա՝ օգտագործենք: