ԵԽԽՎ նստաշրջանին ընդառաջ
Ակնկալվում է, որ հունիսի 22-ին կհրապարակվեն «Յոթի» գործից անջատված մասերով 5 քաղբանտարկյալների՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, նաեւ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավճիռները: Նրանք մեղադրվում են 2008թ. մարտի 1-ին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ, որի համար ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժաչափը ազատազրկումն է՝ 4-10 տարի ժամկետով: Ինչ վերաբերում է Աբովյանի նախկին քաղաքապետ եւ ՀՀՇ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանին, ապա նրա գործով երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում նախատեսված դատավարությունը հետաձգվել է, որովհետեւ ավելի վաղ դատավորի կողմից կիրառված սանկցիայի՝ Ոսկերչյանին դատարանի դահլիճից հեռացնելու ժամկետը չի լրացել, իսկ ամբաստանվողը արգելել է իր պաշտպաններին առանց իր ներկայության մասնակցել դատաքննությանը:
Երեկ նույն եւ Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարաններում շարունակվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Սասուն Միքայելյանի գործով դատական նիստերը: Երեւանում 45 էջանոց պաշտպանական ճառով հանդես է եկել Հ. Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը: Նա վկայակոչել է այն տեսասկավառակները, որտեղ հստակ երեւում է, որ Հ. Հակոբյանը թույլ չի տվել, որ որոշ ցուցարարներ ջարդեն ոստիկանության մեքենաները, նա իր մարմնով պաշտպանել է ոստիկաններին, ինչպես նաեւ կանխել է ցուցարարների եւ ոստիկանների միջեւ հնարավոր բախումները: Պաշտպանը շեշտել է՝ դա արդեն վկայում է, որ նա չէր կարող լինել զանգվածային անկարգությունների կազմակերպիչ: Մելանյա Առուստամյանը հայտարարել է, թե նախաքննական մարմինը չկարողացավ «որակյալ» գործ կազմել անգամ ցուցմունքներ կորզելու ու անհիմն, մտացածին ապացույցներ ստեղծելով: Նա արձանագրել է, որ նախաքննական մարմինը Հ. Հակոբյանի դեմ սկսել է ապացույցներ ստեղծել նրա կալանավորումից հետո 6 ամսվա ընթացքում, որը նպատակ է ունեցել արդարացնել ՀՀ գլխավոր դատախազի՝ մարտի 4-ին ՀՀ ԱԺ-ին ներկայացրած միջնորդությունը առ այն, թե 4 պատգամավորների, այդ թվում՝ Հ. Հակոբյանի մեղավորությունն ապացուցված է: «Իմ պաշտպանյալի անձը, նրա կենսագրությունը, մարտական անցյալը, երկրի նկատմամբ ունեցած անսահման սերն ու նվիրվածությունը չէին կարող թույլ տալ, որ նա կազմակերպեր զանգվածային անկարգություններ: Իմ պաշտպանյալն անմեղ է, հետապնդվում է իր այլախոհության, սեփական կարծիքն արտահայտելու համար: Դատաքննությամբ իմ պաշտպանյալի մեղքը Քր. օր.-ի 225 հոդվածի 1-ին մասով ապացուցված չէ, հետեւաբար՝ Հակոբյանը պետք է ճանաչվի անմեղ եւ դատարանով արդարացված: Միջնորդում եմ, որ դատարանը կայացնի արդարացման դատավճիռ»,- իր պաշտպանական ճառը եզրափակել է պաշտպանը:
Մ. Առուստամյանի ճառից անմիջապես հետո «վերջին խոսքով» հանդես է եկել նաեւ Հ. Հակոբյանը: Նա իր ճառը սկսել է 20 տարի առաջ սկսված Շարժումից եւ հասել մերօրյա իրադարձություններին: 2008թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ Հ. Հակոբյանն ասել է, թե այդ օրերին Համաժողովրդական շարժման մեջ ընդգրկված բոլոր երկրապահների տները խուզարկել են։ Ինչ վերաբերում է Ազատության հրապարակի հանրահավաքներին եւ մարտիմեկյան դեպքերին, ապա, ըստ նրա, դա քաղբանտարկյալների հետ կապ չունի: «Ես մտածում եմ, որ ամիսը մեկ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունենում Ալիեւի հետ, որն ամբողջ աշխարհը տեսնում է: Նա պիտի ցույց տար, որ էդ հրամանատարներին, «խանգարող» մասսային փակում են, որպեսզի թուրքերը մի քիչ իրանց հանգիստ զգան, լավ զգան, որ ինքը մնա իշխանության»,- ասել է պատգամավորը: Քաղբանտարկյալը միաժամանակ կարծիք է հայտնել, թե հետապնդումները կշարունակվեին, եթե կարողանային ապացուցել այն ամենը, ինչում իրենց մեղադրում են կամ, եթե կարողանային կոտրել Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Շարժումը: Պատգամավորը շնորհակալություն է հայտնել նաեւ իշխանություններին՝ «բոլորից էնքան եմ շնորհակալ, որ համարյա մոռացված էինք, իսկ իրանք մեր բոլոր տղերքին պատմություն սարքեցին: Շնորհակալ եմ ձեզանից: Եթե մի տասը թուրքի գյուղ էլ գրավեինք, էդքան անուններս չէր բարձրանա, ինչքան դուք օգնեցիք մեզ, որ մեր ռեյտինգը բարձրանա, իսկ մնացածը՝ մենք էդ եղածի հետ կապ չունենք: Ես անձամբ չեմ նեղանում, վիրավորված չեմ: Ես ԱԺ-ում էլ ասեցի՝ եթե իմ կյանքի խնդիրն ա դրված, որ էս երկրում խաղաղություն լինի, ամեն ինչ օրինավոր լինի, ես խնդիր չունեմ: Պատերազմով անցած ոչ մի տղու ձեռ չէր տալու, որ հանրապետությունում լարվածություն լիներ: Պրծա՞նք»: Երեկ Հ. Հակոբյանի դատավարությունն ավարտվել է, իսկ դատավորն անցել է խորհրդակցական սենյակ՝ երկուշաբթի օրը վճիռը հրապարակելու համար:
Իսկ Կոտայքում Ս. Միքայելյանի դատավճռի հրապարակումը հետաձգվել է մինչեւ երկուշաբթի: Երեկ նրան դատարան չեն բերել, իբր, առողջական խնդիրների պատճառով: