Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՔՍՏՐԱՎԵ՞ՐՏ ԵՔ, ԹԵ՞ ԻՆՏՐԱՎԵՐՏ

Հունիս 18,2009 00:00

Հոգեբանական թեստ

Շվեյցարացի գիտնական Կարլ Յունգը իր «Հոգեբանական տիպերը» գրքում հոգեբանական բնութագրման նպատակով առաջինը գործածեց «էքստրավերտ» (բառացի թարգմանությամբ՝ արտաքին ուղղվածություն ունեցող) եւ՝ «ինտրավերտ» (ներքին ուղղվածություն ունեցող) հասկացությունները: Ըստ նրա նկարագրության՝ էքստրավերտները ձգտում են ընդլայնել գործնական շփումները, օգտագործել բոլոր հնարավորությունները, իսկ ինտրավերտները, ընդհակառակը՝ սահմանափակում են շփումները, ինքնամփոփ են, թույլ չեն տալիս ավելորդ ծախսեր՝ պահպանելով ուժերը:

Նկատի ունենալով էքստրավերտներին եւ ինտրավերտներին բնորոշող վերոշարադրյալ հատկանիշները, եկեք պարզաբանենք, թե այդ երկու հիմնական հոգեբանական տիպերից որի՞ն եք պատկանում դուք:

Եվ այսպես. եթե դուք էքստրավերտ եք, ապա.

– Օրվա ընթացքում, առանց ճիգ գործադրելու կարող եք դիտել 2 ֆիլմ, համերգ, բեմականացում եւ այլն, նշանակել միանգամից մի քանի հանդիպում՝ հասցնելով իրագործել դրանցից միայն 1-2-ը:

– Օրեցօր ավելանում է ձեր մտերիմների, ծանոթների թվաքանակը։

– Դուք անտրամադիր եք դառնում, երբ հեռուստացույցն ու ռադիոընդունիչը փչանում են, իսկ եթե անջատում են հեռախոսը՝ դուք ձեզ բոլորովին միայնակ եք զգում։

– Հեշտ եք հիշում դեմքերը, դեպքերը, կենսագրությունները, բայց բանաձեւերն ու այլ մարդկանց դատողությունները դժվար մտապահում:

– Շատ եք սիրում ուտել, զվարճանալ որեւէ ընկերախմբում: Խուսափում եք մենակ մնալուց: Կենսախինդ մարդկանց թվին եք դասվում եւ շփումներ եք փնտրում ձեր նմանների հետ՝ խուսափելով ինքնամփոփ մարդկանցից:

– Ձեր հոբին է՝ նմանակել ուրիշներին, զվարճալի պատմություններ պատմել. թեթեւ բնավորություն ունեք: Սիրում եք ճառեր, կենացներ ասել. մշտապես ուշադրության կենտրոնում լինելը հաճելի է ձեզ:

– Դուք գիտեք՝ ինչ, որտեղ եւ երբ անել:

– Արագ եք կոնտակտի մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ եւ հեշտությամբ եք կողմնորոշվում նոր միջավայրում եւ, որ ամենակարեւորն է՝ առանց արտասովոր դժվարությունների դուրս եք գալիս բարդ իրավիճակներից:

– Որոշումները արագ եք կայացնում, ընդունակ եք ռիսկի դիմել, որը գրեթե միշտ արդարացվում է: Գործուղումները ձեզ համար զվարճանալու միջոց են, եւ դուք հաճույքով եք ընդունում դրանք:

– Անթիվ ծրագրեր, առաջադրանքներ, պրոբլեմներ ու գաղափարներ ունեք, սակայն իրականում ի վիճակի եք իրագործել միայն դրանց մի մասը:

– Դուք չեք հասկանում եւ կարեկցում մարդկանց, որոնք անդադար դժգոհում են իրենց առողջությունից:

– Ձեզ համար կարեւոր է, թե ինչ տպավորություն եք թողնում շրջապատի վրա:

Իսկ եթե ինտրավերտ եք, ապա.

– Ամենաչնչին իրադարձությունն իսկ բավական է, որ կասեցնեք կարեւոր որոշման կայացումը:

– Շատ հաճախ մեկ ներկայացումը կամ համերգը բավարարում են ձեզ՝ ողջ ամսվա ընթացքում:

– Հաճախ եք ընկնում հիշողությունների գիրկը:

– Թվով քիչ ընկերներ ունեք, դժվարությամբ եք մտերմանում մարդկանց հետ:

– Գերադասում եք փոքրաքանակ, բայց նախապես մշակված ինֆորմացիան, քան վերահսկել հաղորդագրությունների ամբողջ հոսքը:

– Ձեզ խորթ են իրարանցումը, բարձր երաժշտությունը, աղմկոտ ընկերախմբերը:

– Ունեք քիչ քանակությամբ իրեր, սակայն դրանք ձեր ամբողջության մասնիկն են կազմում:

– Դուք շատ եք սիրում լուսանկարվել:

– Միայնակ հաճույքով եք սնվում, դուք ավելի ազատ եւ անկաշկանդ եք ընտանեկան միջավայրում, խուսափում եք անծանոթ ընկերախմբերից:

– Շատ դժվար եք հարմարվում նոր միջավայրին, կոլեկտիվին, իրավիճակին…

– Դուք սկզբունքային անձնավորություն եք, ձգտում եք խստորեն հետեւել ձեր սկզբունքներին:

– Ձեր առողջության նկատմամբ հետեւողական եք, եւ գտնում եք՝ ավելի լավ է պրոֆիլակտիկ նկատառումներով՝ ավելորդ անգամ դեղահաբ ընդունել, քան հետո բուժել հիվանդությունը:

– Ձեզ երբեմն խորհուրդ են տալիս՝ որոշ հարցերի ավելի թեթեւ վերաբերվել, սակայն դուք այլ կարծիքի եք:

Հաշվարկելով ձեր դրական պատասխանները, կեզրակացնեք, թե Յունգի առանձնացրած հոգեբանական տիպերից որն է ձեզ առավել բնորոշ. եթե երկու դեպքերում դրական պատասխանների թիվը նույնը լինի, նշանակում է՝ դուք պատկանում եք ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ, այլ՝ երրորդ տիպին, որը կոչվում է «ամբավերտ»: Հարկ է նշել, որ մարդիկ մեծ մասամբ հենց այս վերջին տիպին են դասվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930