tert.am-ից տեղեկանում ենք, որ բելգիական ոստիկանություն է դիմել 18-ամյա մի աղջիկ, որը տատու-սրահի աշխատակցին մեղադրում է նրանում, որ վերջինս երեք աստղիկի փոխարեն իր դեմքի վրա նկարել է 56-ը: Այժմ նա 12 հազար եվրո է պահանջում: Քիմբերլի Վլամինկը ասել է, որ ինքը պատրաստվում էր անել փոքրիկ դաջվածք, սակայն Ռուսլան Թումանյանց անունով վարպետն այնքան վատ էր խոսում անգլերեն եւ ֆրանսերեն, որ չի հասկացել, թե ինչ էր ուզում հաճախորդը:
Աղջիկը պնդում է, որ դաջվածք անելու ժամանակ ինքը քնել է՝ արթնանալուց հետո հայտնաբերելով, որ դեմքին 56 աստղիկ է նկարված:
Գումարը, որը Քիմբեռլին պահանջում է սրահից, նա պատրաստվում է ծախսել լազերային վիրահատության միջոցով դաջվածքը հանելու վրա: Սակայն, ամենայն հավանականությամբ, նախկին տեսքին վերադառնալ նրան այդպես էլ չի հաջողվի. դաջվածքների տեղերում սպիներ կմնան:
Հայազգի վարպետը պնդում է, որ ոչ մի սխալ էլ չի եղել. հաճախորդը ստացել է այն, ինչ ցանկացել է: Իսկ դատարան աղջիկը դիմել է այն ժամանակ, երբ արժանացել է ծնողների նախատինքին: