Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղատները՝ քաղաքո՞ւմ, թե՞ քաղաքից դուրս

Հունիս 18,2009 00:00

Կամ արդյո՞ք դրանք հասարակությունն ապականելու միջոց են

«Եթե ԱԺ-ն հավանության արժանացնի խաղատների համար հատուկ շրջաններ՝ Ծաղկաձորի, Ջերմուկի եւ Սեւանի բնակավայրերը տրամադրելու մասին նախագիծը, ապա 2013-ի հունվարից Արգավանդ տանող ճանապարհին գործող խաղատների գործունեությունը կդադարեցվի»,- երեկ «Հայելի» ակումբում կայացած բանավեճի ժամանակ ասաց Շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը:

«Բարեփոխում» հ/կ-ի նախագահ Կարինե Հակոբյանի համոզմամբ, տգեղ է, որ քաղաքի մուտքը խորհրդանշում են խաղատները, բայց, միեւնույն ժամանակ՝ ճիշտ չէ սխալը սխալով ուղղելը: Տիկին Հակոբյանը զարմացած է կառավարության՝ խաղատների համար առողջարանային երեք բնակավայրերը տրամադրելու մտահղացումից, այդ քայլով փաստվում է, որ Հայաստանում բացակայում է անվտանգ եւ կայուն զարգացման հայեցակարգ. «Այդպիսով, փոխվելու է բնապահպանական, մշակութային, սոցիալական ոլորտների բնույթը, փոքր քաղաքներում խաղատների գործունեությունը կրկնակի վտանգավոր է, փոքր միջավայրում բաց երեւույթներն ավելի արագ տարածվելու հնարավորություն ունեն եւ դիմադրողականությունն ավելի նվազ կլինի»: Կ. Հակոբյանը, վկայակոչելով քաղաքակիրթ երկրների փորձը, նշեց, որ աշխարհում խաղատների նշանակությունը չի սահմանափակվում միայն խաղով. դրանք նաեւ մշակույթի եւ պատմության մաս են կազմում, ինչը չես ասի Հայաստանի պարագայում: Ըստ բանախոսի, ի տարբերություն մեր երկրի, արտերկրում խաղատները կառուցվում են ամայի տարածքներում՝ չվնասելով արդեն ձեւավորված կոնկրետ միջավայրը:

Կ. Թամազյանը խնդրին անդրադարձավ ֆինանսական տեսանկյունից. «Քաղաքներից դուրս խաղատների գործունեություն ծավալելու որոշումը, իմ կարծիքով, մի քայլ առաջ է, իսկ կոնկրետ տարածքներ հատկացնելն էլ կնպաստի տարածքային եւ տուրիզմի զարգացմանը»: Տարածաշրջանում խաղատների բիզնեսը թույլատրված է միայն Վրաստանում եւ Հայաստանում, հետեւաբար, բանախոսի կարծիքով, այդ երկու պետությունները գտնվում են մրցակցային գոտում. խաղատների սիրահար Իրանի քաղաքացիներին Վրաստանին չզիջելու համար կառավարության՝ ԱԺ-ին ներկայացված առաջարկը Հայաստանի համար օգտակար է: Կ. Հակոբյանի այն դիտարկմանը, թե դա կխանգարի քաղաքից դուրս իրենց հանգիստն իրականացնող շարքային քաղաքացիների անդորրը, Կ. Թամազյանն ասաց, որ կառավարությունը համապատասխան կազմակերպչական աշխատանքների մասին հոգ կտանի: Նրա պնդմամբ, կառավարությունն արդեն իսկ փորձում է քայլ առ քայլ խստացնել հնարավոր կազմակերպչական մոտեցումները խաղատների հանդեպ: Կ. Հակոբյանը, չհամաձայնելով Կ. Թամազյանի հետ, նշեց, որ խաղատների՝ քաղաքից դուրս գտնվելը բոլորովին կապ չունի տուրիզմի զարգացման հետ. «Ես չեմ ասում՝ խաղատները պետք է լինեն, թե՝ ոչ. պարզապես դրանք չպետք է լինեն ծերերի եւ կանանց առողջության, երեխաների հանգստի, բարոյական միջավայրի հաշվին, թող գոյություն ունենան առանձին վայրերում»: Մյուս բանախոսն էլ հայտնեց, որ խաղատները չեն ապականում հասարակությունը եւ առանձնապես վտանգ չեն ներկայացնում առողջարանային գոտիներում իրենց գործունեությամբ. «Կառավարությունը բավականաչափ ողջամիտ որոշում կկայացնի. խաղատները կլինեն այնպիսի վայրերում, որ մարդիկ իրենց ցանկության դեպքում կգնան խաղալու, խաղամոլություն չի առաջանա… Խաղատների գործունեությունը քաղաքներից տեղափոխելու մասին որոշումը բիզնես չէ, այլ նպատակ է հետապնդում քաղաքի անցուդարձին չվնասելու եւ քաղաքացիների համար անմոռանալի հանգստի հնարավոր տարբերակներ ստեղծելու»: Բանավեճի ժամանակ Կ. Թամազյանն այդպես էլ մինչեւ վերջ համաձայնության եզրեր չգտավ հանդիպման մյուս բանախոս Կ. Հակոբյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել