Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամերային» ռեժիսորը մեծ բեմում

Հունիս 18,2009 00:00

Կամ «Մուսա լեռան 40 օրը»՝ Արմեն Էլբակյանի գեղագիտությամբ

\"\"
Բեմադրիչ Արմեն Էլբակյանը՝
Հարություն Մովսիսյանի եւ Աննա Էլբակյանի հետ, փորձի պահին:

Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» առաջին գործն էր, որը օտարագիր հեղինակի միջոցով ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը: 1980-ականներին Գրիգոր Չալիկյանի ռեժիսուրայով ստեղծվեց ռադիոբեմականացում, ավելի ուշ՝ հեռուստաներկայացում: Այս վեպի բեմականացման փորձը հիմա էլ նախաձեռնել է «Էդգար Էլբակյան» թատրոնի ներկայիս եւ Խամաճիկների թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում: Բեմադրությունը կյանքի է կոչվում «ազատ բեմի» շրջանակներում՝ որպես նոր գեղարվեստական էքսպերիմենտի արտահայտություն: Ներկայացման հանձնումը նախատեսված է մոտ ժամանակներում, իսկ պրեմիերան՝ աշնանը:

«Առավոտը» հանդիպեց բեմադրիչ Արմեն Էլբակյանի, գլխավոր դերակատարներ Աննա Էլբակյանի ու Հարություն Մովսիսյանի հետ: Ա. Էլբակյանից հետաքրքրվեցինք, թե ինչքանո՞վ են հավաստի այն շշուկները, թե այս բեմադրությունն իր համար ճանապարհ է բացելու դեպի Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր ռեժիսորի պաշտոն: «Երբեւէ որեւէ գործ չեմ արել ինչ-որ նպատակների հասնելու համար: Կոնկրետ «Մուսա լեռան 40 օրը» հասկանալի պատճառով հուզում է նաեւ ինձ: Խռոված է հոգիս ու դրա շուրջ ուզում եմ կիսվել հանդիսատեսի հետ: Իսկ եթե որոշվի, որ իմ գեղագիտությունը անհրաժեշտ է Մայր թատրոնին, անշուշտ, պատրաստ եմ ծառայել»,- ասաց պարոն Էլբակյանը: Դիտարկմանը՝ վիպական նյութը բարդ է իր կառուցվածքով, տեսարանների, կոմպոզիցիայի առումով դժվար չէ՞ այս հանրածանոթ գործի բեմական տարբերակի ստեղծումը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե, դժվար է: Փորձում ենք կոմպոզիտոր Գարրի Քեոսայանի, նկարիչ Դավիթ Մինասյանի եւ ներկայացման մեջ ընդգրկված ողջ անձնակազմի հետ ոչ միայն ներկայացնել վեպում տեղի ունեցող հայտնի անցքերը, այլեւ հետադարձ հայացք նետել ցեղասպանությանը, այն հրամայականներին, որոնք դրված են մեր ազգի առջեւ: Փորձում ենք յուրովի պարզել այդ հարեւանի հետ գոյատեւելու ճանապարհը՝ միաժամանակ չկորցնելով մեր արժանապատվությունը»:

Մեր հարցին, թե աշխատելով կամերային թատրոնում, ինքն արդեն սովոր է կամերային մթնոլորտին ու արտահայտչաձեւերին, մի՞թե դժվար չէ անցնել մեծ բեմի գեղագիտության, Աննա Էլբակյանը պատասխանեց. «Փոքր բեմում ավելի դժվար է խաղալ. շուտ ես սպառվում, իսկ մեծ բեմում ավելի քիչ ես հոգնում: Վերջերս, երբ Մայր թատրոնի բեմում խաղացինք «Ուշացած թռչունը», Արմեն Էլբակյանն ասաց, թե այն կարելի էր առանց ընդմիջման կրկնել եւս երկու անգամ: Մեծ բեմում մարմինդ անընդհատ շարժման մեջ է, ինչպես բալետի արտիստուհունը, իսկ ձայնիդ մեղմ հնչերանգն անգամ պետք է լսելի լինի վերջին շարքերին: Էլ չեմ խոսում դեմքի արտահայտության մասին: Ինչ վերաբերում է իմ կերպարին՝ Ժուլիետին, այն ինձ հոգեհարազատ է, տանը թե դրսում Ժուլիետիս հետ եմ»:

Գաբրիելի դերակատար Հարություն Մովսիսյանն էլ՝ տարված իր կերպարով, ասաց. «Շուրջ տասը տարի չեմ եղել այս բեմում, բայց օտարություն չեմ զգում: Վերստին համոզվեցի, որ, ի վերջո, բեմն է իմ աշխարհը… Բեմում յուրաքանչյուրս պետք է պատասխանատվություն կրենք մեր արածի համար: Բեմը կարող է դաժան լինել. եթե այս կամ այն գործը լավ չի բեմադրված, դերասանական խաղն էլ այն չէ, բեմը իսկույն վանում է հանդիսատեսին: Ինչ վերաբերում է «Մուսա լեռան 40 օրին», սա այն ստեղծագործությունն է, որը պետք է պարզապես անթերի մատուցես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930