Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՎ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՆԵՐՈՒՄԻՑ

Հունիս 18,2009 00:00

Մեկնաբանում է իրավաբանը

Ներկայումս լայնորեն քննարկվում է «Մարտի 1»-ի իրադարձությունների առիթով դատապարտյալների եւ «7-ի» գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառելու խնդիրը: Դիտարկենք համաներում եւ ներում հասկացությունների էությունը եւ դրանց իրավական հետեւանքները: Համաներումը (լատիներեն՝ amnestia՝ ներում, մոռացություն) համարվում է ազատման բազմաբնույթ ձեւ, ընդսմին, նրա միջոցով գործնականում հնարավոր է դատավարության տարբեր փուլերում իրականացնել քրեական պատասխանատվությունից եւ պատժից ազատելու գործողություններ: ՀՀ քրօրի թիվ 82 հոդվածը վերաբերում է այդ հասկացությանը, ըստ որում, հանցանք կատարած անձը համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխվել ավելի մեղմ պատժով կամ կարող է վերացվել դատվածությունը:

Համաներումը լինում է ընդհանուր, այսինքն՝ այն վերաբերում է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարած բոլոր անձանց, եւ մասնակի, որը վերաբերում է համաներման ակտում նշված որոշակի կատեգորիայի անձանց: Նկատենք, որ համաներումը վերաբերում է քրեական պատասխանատվությունից եւ պատժից ազատմանը կամ պատժի չկրած մասի կրճատմանը: Դրանից բացի, ակտը ունենում է դրույթներ, թե համաներումը անձանց որ շրջանակի վրա է տարածվում եւ թե անձանց որ կատեգորիայի վրա չի տարածվում: ՀՀ Սահմանադրության համաձայն, համաներումը ԱԺ-ի արտոնությունն է, հետեւաբար ոչ թե դատաիրավական, այլ պետաիրավական ակտ է: Համաներման ակտը համարվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանք (Քրեական դատավարական օրենսգրքի թիվ 35 հոդվածի 13 կետ): Նշվեց, որ համաներման ակտը բազմաբնույթ է, կարող է կիրառվել մինչդատական վարույթում գտնվող անձանց եւ դատապարտյալների նկատմամբ:

Օրենսդիրը համաներման իրացման ձեւակերպումը չի սահմանել, օրենքը թերի է, սակայն կանոնը հետեւյալն է.

-քրեական գործ հարուցելու փուլում. որոշմամբ քրեական գործի հարուցումը դադարեցվում է,

– մինչդատական վարույթի փուլում՝ որոշմամբ կարճվում է քրեական գործի վարույթը եւ դադարեցվում քրեական հետապնդումը,

– այն անձանց նկատմամբ, որոնց գործը գտնվում է դատարանում, բայց դատաքննությունը չի սկսվել, որոշում է կայացվում նրանց քրեական պատասխանատվությունից ազատելու մասին,

– այն անձանց նկատմամբ, որոնց գործի դատաքննությունը սկսվել է, արձակվում է մեղադրական դատավճիռ եւ դատապարտյալը ազատվում է պատժից,

– անձանց, որոնց նկատմամբ դատարանը հրապարակել է դատավճիռ, սակայն դեռեւս դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել, ենթակա է պատժից ազատման,

– եթե դատավճիռը բողոքարկվել է հսկողական կարգով եւ գործը քննվում է համաներման ակտը գործողության դրվելուց հետո՝ երկրորդ ատյանի դատարանը դատավճիռը թողնում է առանց փոփոխման եւ դատապարտյալին ազատում պատժից (այն պայմանով, որ դատավճիռը այլ հիմքով փոփոխման ենթակա չէ):

Համաներումը քրեական պատասխանատվությունից եւ պատժից ազատելուց բացի, կարող է պարունակել դրույթներ, որոնք վերաբերեն նշանակված պատժի կրճատմանը, նրա փոփոխմանը ավելի մեղմ պատժով, կարող է լուծել նաեւ լրացուցիչ պատժից ազատելու եւ դատվածությունը վերացնելու հարցերը:

Քրեական դատավարության օրենսգրքի թիվ 35 հոդվածի 6-րդ մասի համաձայն, համաներման ակտի հիմքով գործի վարույթի կարճում եւ քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը, այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:

Ի տարբերություն համաներման, որը կիրառվում է անհատապես չորոշված անձանց նկատմամբ եւ նորմատիվ բնույթ ունի, ներումը կիրառվում է անհատապես որոշակի անձանց նկատմամբ, անհատական ակտ է եւ համարվում է Հայաստանի Հանրապետության նախագահի առանձնաշնորհը (Սահմանադրության թիվ 55 հոդված): Ներումը կիրառվում է միայն դատապարտյալի նկատմամբ: Այդ հարաբերությունը կարգավորվում է ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 83 հոդվածով, ըստ որի, հանցագործության համար դատապարտված անձը ներման ակտով կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով կամ կարող է վերացվել դատվածությունը:

ՀՀ նախագահին ներման խնդրագրով կարող է անդրադառնալ միայն ինքը՝ դատապարտյալը: Այդպիսի խնդրագիրը տրվում է պատիժը իրականացնող հիմնարկության կամ մարմնի վարչության միջոցով:

Օրենքը ներման խնդրագիր ներկայացնելու ժամկետ չի սահմանել, դա նշանակում է, որ դատապարտյալը այդպիսի միջնորդությամբ կարող է անդրադառնալ յուրաքանչյուր պահի, նաեւ պատիժը կրելու հենց առաջին օրից: Խնդրագիր ներկայացնելու հիմքերը կարող են լինել տարբեր՝ դատապարտյալի դրական վարքագիծը, աշխատանքին ազնիվ մոտեցումը, դատապարտյալի կամ նրա հարազատների հիվանդությունը եւ այլն:

Ներումը իրականացնելիս դատապարտյալը կարող է ազատվել հետագա պատիժը կրելուց, կարող է պատիժը կրճատվել կամ փոխվել ավելի մեղմ պատժով:

Դիտարկենք նաեւ պետաիրավական հիշյալ ակտի՝ համաներման դրական եւ բացասական կողմերը: Մասամբ համաներումը ազդում է քրեական իրավունքի գործունեությանը եւ կարող է բարդացնել քրեածին իրավիճակը (համաներման հակառակորդներ են եղել Ի. Կանտը, Չ. Բեկարիան): Չնայած դրան, համաներումը համարվում է կարեւոր ինստիտուտ եւ դիտվում է հումանիզմի դրսեւորում:

Հաճախ համաներման կիրառմամբ վերացվում են Քրեական օրենսգրքում տեղ գտած թերությունները, բացի դրանք, երկրում տարբեր շարժառիթներով առաջացած ներքաղաքական իրավիճակները մեղմելու, կայունացնելու լավագույն խթան է: Օրինակ, վերջերս Մոլդովայում պառլամենտական ընտրությունների պատճառով պայթյունավտանգ իրավիճակը մեղմելու համար այդ երկրի օրենսդիր մարմինը հայտարարեց համաներում:

Նկատենք, որ մեր երկրում մարտի 1-ի իրադարձությունների պատճառով ներքաղաքական իրավիճակը լարված է եւ զգացվում է համաներման անհրաժեշտություն (կարծում եմ, Ազգային ժողովը այս հարցում հապաղել է): Տեսակետը չի վերաբերում ընդհանուրին, այսինքն՝ սպանություններ եւ բռնարարքներ կատարողներին, այլ անձանց այն կատեգորիային, որոնք անմիջական չեն մասնակցել բռնարարքներին եւ օժանդակել կատարողներին:

Հայրենի օրենսդիրը պետք է նկատի, որ իրադարձությունների առիթով դատապարտվածների մեղավորությունը հաստատող ապացույցները թույլ են եւ անբավարար, բացի այդ, քրեական հետապնդում իրականացնող մարմինները թույլ են տվել սխալներ: Ուստի համաներմամբ դատապարտյալներին պատժից ազատելու հանգամանքը կարող է դրանք հարթել: «7-ի» գործի էությունը այլ է: Իմ համոզմունքով, հիշյալ գործով մեղադրյալների կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու հանգամանքը ապացուցված չէ, ուստի քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Ըստ որում, դատարանում քննվող գործերով՝ արդարացնող դատավճիռ արձակելու միջոցով, իսկ մինչդատական վարույթում կասեցված մասով (Խաչատուր Սուքիասյան, Նիկոլ Փաշինյան եւ մյուսներ) արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել