Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՈԹԵՐԳԵՅԹԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ ՋՐԻ ԵՐԵՍ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ

Հունիս 18,2009 00:00

Լրացավ ամենահայտնի քաղաքական սկանդալներից մեկի 37 տարին, եւ այդ առթիվ ԱՄՆ-ում գաղտնիության մակնշումը հանվեց նախագահ Նիքսոնի հրաժարականին հանգեցրած ուոթերգեյթյան սկանդալի առանցքային մասնակից Հովարդ Հանթի անձնական գործի վրայից: Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) 2007 թվականին մահացած Հովարդ Հանթի 167 էջանոց անձնական դոսյեն փոխանցել է Associated Press գործակալությանը: 37 տարի առաջ՝ 1972 թվականի հունիսի 17-ին, ձերբակալվեցին Նիքսոնի վարչակազմի «ջրմուղագործների» խմբի անդամները, որոնք մասնակցել էին անօրինական գաղտնալսումների: Մամուլը հատուկ ծառայությունների խմբին այդ անվամբ կնքեց այն բանի համար, որ նրանք գաղտնալսող սարքերը տեղադրել էին դեմոկրատների նախընտրական շտաբում, որը տեղակայված էր վաշինգտոնյան «Ուոթերգեյթ» (թարգմանաբար՝ ջրային դարպաս կամ արգելապատնեշ) հյուրանոցում: Սպիտակ տան խորհրդական Հանթը դատարանի կողմից համարվեց այդ գաղտնալսման տեխնիկական կազմակերպիչը եւ բանտում անցկացրեց 33 ամիս: Ազատվելուց հետո նա հաստատվեց Մայամիում, որտեղ մինչ իր մահը գրում էր լրտեսական դետեկտիվներ: Նա մահացավ 88 տարեկանում: Associated Press-ը տեղեկացնում է, որ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Հանթի անձնական դոսյեում ամենահետաքրքիրն այն փաստաթուղթն էր, որը վկայում էր այն մասին, որ Հանթը փորձել է վերականգնել իր բարի համբավը՝ 1981 թվականին դիմելով Ռոնալդ Ռեյգանին՝ ներման խնդրանքով: Այդ դիմումում նա գրել է, որ ինքն ամենեւին չի կասկածել «Ուոթերգեյթում» իր կատարած գործողությունների իրավաչափությանը, քանի որ կատարում էր բարձրագույն գործադիր իշխանության հանձնարարությունը: Ըստ Հանթի՝ այդ գործողության նպատակն էր պարզել՝ արդյո՞ք դեմոկրատական կուսակցությունն ունի ֆինանսավորման օտարերկրյա աղբյուր, ինչը ԱՄՆ-ում անօրինական գործունեություն է համարվում: Հանթը նաեւ այդ ներման խնդրագրում հենվել է այն բանի վրա, որ ինքը երկար տարիների անբասիր աշխատանք է կատարել ԿՀՎ-ում, եւ խնդրել է վերականգնել իր բարի համբավը՝ հանուն իր երեխաների: Ըստ Associated Press-ի՝ 1983 թվականին Ռեյգանը մերժել է Հանթի խնդրանքը՝ առանց բացատրելու մերժման պատճառը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել