Ամերիկյան օրենսդիրները հավանություն են տվել արտակարգ բյուջետային ծախսերի մասին օրինագծի միասնական տարբերակին: 106 միլիարդ դոլարը կծածկի տարբեր տեսակի կարիքները սեպտեմբերի 30-ից մինչեւ ընթացիկ ֆինանսական տարվա վերջը: Աֆղանստանում եւ Իրաքում ընթացող պատերազմների վրա կծախսվի $79,9 միլիարդ, իսկ H1N1 գրիպի դեմ պայքարի վրա՝ $7,7 մլրդ:
Ներկայացուցիչների պալատը հունիսի 16-ին, 226 կողմ եւ 202 դեմ ձայնով, հավանություն տվեց բյուջեի մասին օրինագծի վերջնական տարբերակին: Բացի ռազմական կարիքներից եւ էպիդեմիայի դեմ պայքարից՝ օրենսդիրները հոգ են տարել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամին ԱՄՆ-ի մասնակցության մասին՝ դրա համար դաշնային բյուջեից առանձնացված է 8 մլրդ դոլար: Եվս մեկ միլիարդ կհատկացվի՝ ԱՄՆ ավտոարդյունաբերությանը օգնելու համար:
Նախագահ Բարաք Օբաման նախապես ցանկություն ուներ, որ օրինագծում տեղ գտներ $80 միլիոնանոց ծախս՝ Գուանտանամոյի ռազմաբազայում ահաբեկիչների համար ստեղծված բանտի փակման համար, բայց նրան մերժեցին, քանի որ բավականաչափ հստակ չէր այդ դատապարտվածների հետագա տեղաշարժի պլանը: Երկու կուսակցությունների օրենսդիրներին անհանգստացնում է ԱՄՆ տարածքում՝ Գուանտանամոյի նախկին կալանավորների ազատ արձակման կամ հետագա կալանավորման ապագան: Ինչպես հաղորդել է Դեմոկրատական կուսակցության մի անդամ, առայժմ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը համաձայնել են, որ այդ կալանավորներին ԱՄՆ բերեն միայն դատելու համար: Նման առաջին դատական գործը սկսվել է հունիսին՝ «Ալ Քայիդայի» անդամ Ահմեդ Գաիլանիի դեմ: