Նեւադա նահանգից ԱՄՆ սենատոր Ջոն Էնսայնը հրապարակավ ներողություն է խնդրել իր նախկին աշխատակցուհու հետ արտամուսնական սիրավեպի համար: Այդ գործիչը համարվում է 2012 թվականի նախագահական ընտրություններում ամենահավանական հանրապետական թեկնածուն: Հունիսի 16-ին նա շտապ կազմակերպել է մամուլի ասուլիս եւ պատմել, որ իր սիրավեպը տեւել է 2007 թվականի դեկտեմբերից մինչեւ 2008-ի օգոստոսը: Նախկին սիրուհին եւ նրա ամուսինը, Էնսայնի խոսքերով, իր մտերիմ ընկերների շարքում էին եւ աշխատում էին իր թիմում: Սենատորը նշել է նաեւ, որ կնոջ հետ միասին դիմել է հոգեբանի օգնությանը, եւ այժմ իրենց ամուսնությունն ավելի ամուր է, քան երբեւէ: Էնսայնի կինը ներկա չի եղել մամուլի ասուլիսին, սակայն հրապարակել է հայտարարություն, որում սատարում էր ամուսնուն: Էնսայնը 1995-99 թվականներին Ներկայացուցիչների պալատի անդամ էր, իսկ 2000 թվականին հաղթել է Սենատի ընտրություններում: Իր ընտրարշավի ժամանակ նա մասնավորապես պահանջում էր նախագահ Բիլ Քլինթոնի հրաժարականը՝ վերջինիս եւ Մոնիկա Լեւինսկու կապի պատճառով: