Լրահոս
Օրվա լրահոսը

Մկնիկի մեկ քլիքով քննություն

Հունիս 18,2009 00:00

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նոր գնահատման համակարգը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողներին քննություն հանձնելու համար այսուհետեւ կպահանջվի ընդամենը մկնիկով քլիք անելու հմտություն, քանի որ այս ուսումնական տարվանից ներդրվել է ավարտական ամփոփիչ քննությունների հանձնման նոր համակարգ: Այն ստեղծվել է Microsoft visual basic 2008 ծրագրով: Երեկ «Առավոտը» ներկա գտնվեց այս համակարգով անցկացվող տնտեսագիտության տեսություն առարկայի քննությանը: Քննությունը բարեհաջող հանձնելու համար համեմատաբար վատ սովորող կամ հաճախ դասերից բացակայող ուսանողներին այլեւս չի փրկի տարեվերջին հաճախ դասի գնալը կամ դասախոսների հետ մոտեցման ձեւեր գտնելը: Այժմ նրանց ճակատագիրը կախված է ոչ թե դասախոսի քմահաճույքից (սա վատ պատասխանի արդարացման հիմնական ձեւն է), այլ համակարգչից: Քննությունը սկսվում է հետեւյալ կերպ. ուսանողները խումբ-խումբ մտնում են համակարգչային սենյակ, այնուհետեւ համակարգիչ են մուտքագրում իրենց մատյանի համարներն ու կոդը, ապա լրացնում են անձնական տվյալները՝ անունը, ազգանունը եւ այլն, որից հետո համակարգիչը ուսանողին է առաջարկում այն 30 հարցերը, որոնց նա պիտի պատասխանի 50 րոպեների ընթացքում: Մոնիտորի ձախ մասում տեղադրված է ժամացույց, եւ ուսանողը կարող է իմանալ՝ որքան ժամանակ է իրեն մնացել: Ժամանակը լրանալուց հետո ուսանողը տալիս է «ավարտել թեստը» հրամանը, ինչից հետո համակարգիչը հաղորդագրության միջոցով ուսանողին տեղեկացնում է՝ որքան միավոր է նա հավաքել:

Քննության սկզբին մի ուսանող բարձրաձայնեց, թե ինքը համակարգչով տպել լավ չի կարողանում: «Առավոտը» ՀՊՏՀ ուսումնական գծով պրոռեկտոր Վարդան Սարգսյանին փոխանցեց ուսանողի դժգոհությունը: Նա պատասխանեց. «Այս քննությունը հանձնելու համար ուսանողից պահանջվում է ընդամենը մկնիկով քլիք անելու հմտություն: Իսկ եթե տեխնիկական խնդիրներ են առաջանում, ուսանողը կրկնում է քննությունը»:

«Առավոտը» նկատեց, որ ուսանողները հիմնականում ոչ բարձր գնահատականներ են ստանում: Ուստի պրոռեկտորից հետաքրքրվեցինք՝ դա հատու՞կ է արվել համակարգը ստեղծելիս: Նա պատասխանեց. «Կարծում ենք՝ ամենաբարձր գնահատականները պետք է շատ չլինեն: Մեր գնահատման համակարգը 100 բալանոց է, առավելագույնը «Ա+»-ն է, ուստի այն պիտի լինի հազվագյուտ: Իսկ գերազանց ուսանողների համար պարտադիր չէ ունենալ առավելագույն միավորներ: Ունենք գերազանցիկներ, բայց նրանց մեջ էլ կա տարբերակվածություն»: Պարոն Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ այս քննական համակարգը, որն ամբողջովին համակարգչայնացված է, արդյոք չի՞ նշանակում, որ դասախոսը հնարավորություն չի ունենա ստուգել ուսանողի մտածողությունը: Վ. Սարգսյանը պատասխանեց. «Եթե ավանդական «5» բալանոց համակարգում «2»-ը ոչինչ էր, ապա այսօրվա քննությունը, որը կոչվում է ամփոփիչ քննություն, ընդամենը ուսանողի գնահատականի բաղադրիչներից մեկն է, ուստի ստացված միավորը գումարվում է ամբողջին: Բազմաբաղադրիչ գնահատման համակարգն ունի հաճախումներ, ընթացիկ ակտիվություն, ուսանողի անհատական աշխատանքի բաղադրիչները: Ուստի գնահատականի մի հատված էլ ձեւավորվում է դասախոս- ուսանող շփման արդյունքում: Այժմ ուսանողներն այսպիսի քննություն են հանձնում տնտեսագիտության տեսություն եւ մենեջմենթի հիմունքներ առարկաներից: Սեպտեմբերից կընդգրկվեն նաեւ այն առարկաները, որոնք ընդհանուր են բոլոր ֆակուլտետների համար»:

«Առավոտը» լսեց նաեւ ուսանողներին: Ազգային տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողուհի Անի Գալստյանն ասաց. «Ամենակարեւորն այն է, որ միանգամից իմանում ենք մեր գնահատականը, ինչն օբյեկտիվ է»: Տնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Մարգարյանն էլ նկատեց. «Չնայած ստացել եմ 23,33 միավոր, որն ինձ չի գոհացնում, բայց գոհ եմ համակարգից, քանի որ վստահ եմ, որ իմ գնահատականը կախված չի եղել համակարգից, այլ՝ ինձնից»: Զրուցեցինք նաեւ տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ Գրիգոր Կիրակոսյանի հետ: Հենց նրա ղեկավարած ամբիոնում է առաջին անգամ ներդրվել նոր գնահատման համակարգը: Նա, խոսելով համակարգի արդյունավետության մասին, հիշատակեց ժամանակին համակարգի փորձարկման արդյունքները. «Նույն առարկայի պարագայում այս եւ նախկին համակարգով անցկացված քննությունների միջեւ տատանումները կազմեցին 1,8 եւ 3,2 տոկոս: Այնուամենայնիվ, սա մեծ շեղում չէ, մյուս կողմից էլ համակարգի միջոցով բացահայտվում է նաեւ ամբիոնների կատարած աշխատանքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել