Օրերս Միջազգային կենսագրական կենտրոնը ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Գեւորգյանին ճանաչել է աշխարհի առաջին 100 լավագույն գիտնականներից մեկը: Հիշեցնենք, որ Ա. Գեւորգյանի քիմիական գիտության առաջին թթվա-հիմնային տեսության հետ կապված՝ բազում տարաձայնություններ առաջացան հեղինակի եւ ակադեմիայի նախագահության, այլ գիտնականների միջեւ, ինչի մասին անդրադարձ է կատարվել մեր նախորդ հրապարակումներում: Հաջողության կապակցությամբ «Առավոտի» հետ զրույցում պարոն Գեւորգյանը նշեց. «Արվեստի եւ գիտության բերած անմիջական օգուտը չենք տեսնում, բայց այդ բնագավառների շնորհիվ երկիրը կարողանում է իր առաջ ծագած խնդիրները լուծել այն մակարդակով, որը չի կարողանում որեւէ այլ պետական գործիչ: Այլ կերպ ասած՝ արվեստագետը, գիտնականը պետական գործչի գործիքն է: Ինչո՞ւ են արտասահմանում գիտնականից ավելի մեծ շահ ստանում, քան մեզ մոտ: Պատճառն այն է, որ մեր ակադեմիան միջոցներ է ծախսում, բայց անդրադարձ չկա, իսկ մենք պատահական մարդկանց հնարավորություն ենք տալիս, որ պետության հաշվին հագուրդ տան իրենց հետաքրքրություններին»: Պարոն Գեւորգյանից հետաքրքրվեցինք՝ կենսագրական ընկերության կողմից հատուկ ուշադրության արժանանալուց հետո ինչ-որ փոփոխության սպասո՞ւմ է, նա պատասխանեց. «Եթե ինչ-որ բան չփոխվի, ուրեմն մեր երկիրը ուղիղ գծով գնում է դեպի կործանում»: Անցնելով ակադեմիայում գոյություն ունեցող իրավիճակին, պարոն Գեւորգյանն ասաց. «Ակադեմիայում ընտրված են մասնագիտական միջակություններ, որպեսզի հեշտ լինի նրանց կառավարելը, մեր հիմնական գիտնականներն այժմ գտնվում են, այսպես ասած, տնային կալանքում: Ճորտատիրական կարգերից պիտի հրաժարվենք: Այնինչ, մյուս տարվանից մեր ինստիտուտի տնօրենը պիտի որոշի՝ ես այդ ինստիտուտում աշխատե՞մ, թե՝ ոչ»: Ա. Գեւորգյանը մտահոգված է. «Իմ աշակերտներին մորթոտել են, նրանց պաշտպանությունը ձգձգվել է, դա էլ է հանցագործություն, որը պիտի պատժվի: Ճիշտ կլինի՝ երկրի ղեկավարությունը մատնացույց անի, որ մյուսները եւս այդպիսի բաներ թույլ չտան»: