Գեղարքունիքի մարզի տարբեր նշանակության ավտոճանապարհներին ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի խոսքով, այսօրվա դրությամբ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում Նորատուս- Արծվաքար- Կարմիրգյուղ՝ 9,2, Գավառ-Նորատուս՝ 2,1, Դպրաբակ-Ճամբարակ-Աղբերք՝ 33,6, Պետխճուղի-Լճաշեն՝ 1,7 կմ հանրապետական եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին: Ի դեպ, աշխատանքները իրականացվում են «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում՝ նախորդ տարվանից տնտեսված միջոցների հաշվին: Հողահարթեցման, կողային առուների եւ եզրաքարերի տեղադրման, որոշակի փոսային նորոգման աշխատանքները արվել էին անցած տարի, այժմ ճանապարհների երթեւեկելի մասի ասֆալտբետոնե ծածկն է տեղադրվում: Աշխատանքների ավարտը 2010 թվականի հունիսն է:
«Ասիական զարգացման բանկի» տրամադրած 7 միլիարդ դրամով էլ մարզի 9 ճանապարհահատվածները եւ տեղամասերն են նորոգվում՝ Պետխճուղի- Աստղաձոր, Պետխճուղի-Ծովասար, Ծովագյուղ-Սեմյոնովկա, Վարդենիս-Գեղամասար, ընդհանուր՝ 79 կմ: Այս աշխատանքները կավարտվեն 2010 թվականի վերջին:
Իսկ Համաշխարհային բանկի ճանապարհաշինարարական ծրագրով հիմնանորոգվում են Պետխճուղի-Ձորագյուղ՝ 3, Պետխճուղի-Կարճաղբյուր՝ 1,87 եւ Վարդենիս-Ակունք՝ 2,12 կմ ճանապարհները: Ծրագրի արժեքը՝ 740 միլիոն դրամ, ավարտը՝ այս տարվա վերջին: