Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 18,2009 00:00

ՀՀ Ազգային ժողովի նախագահ պրն Հ. Աբրահամյանին

Հարգելի պարոն Աբրահամյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածով՝ առաջարկում եմ 2009 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 12.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ներառելով համաներում հայտարարելու մասին հետեւյալ առաջարկությունը.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի դրույթները՝ առաջարկում եմ հայտարարել համաներում ստորեւ նշված պայմաններով՝

1. Պատժից ազատել՝

ա) առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց.

բ) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.

գ) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց։

2. Պատժից ազատել առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված՝

ա) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.

բ) 60 տարին լրացած անձանց.

գ) հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած եւ նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած անձանց.

դ) այն անձանց, ովքեր Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն.

ե) այն անձանց, ովքեր Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ամուսին, զավակ կամ ծնող են.

զ) 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց։

3. Պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում չդատված անձանց, որոնք դատապարտվել են՝

ա) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման եւ համաներման որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը.

բ) առավելագույնր տասը տարի ժամկետով ազատազրկման եւ համաներման որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը։

4. Պատժից ազատել անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար՝

ա) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց.

բ) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ համաներման որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը կրած անձանց։

5. Օրենքով սահմանված կարգով կարճել այն անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանների վարույթում գտնվող՝ մինչեւ 2009 թվականի հունիսի 1-ը կատարած հանցագործություններով քրեական գործերը, որոնցով՝

ա) անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում.

բ) սույն որոշման 2-րդ կետում թվարկված անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում.

գ) անձինք մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում.

դ) անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ։

6. Դադարեցնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը, եթե պատժից պայմանական վաղաժամկետ չազատվելու դեպքում սույն առաջարկության 1-4-րդ կետերի հիման վրա այդ անձինք կազատվեին պատժից։

7. Պատժաչափի չկրած մասը կրճատել՝

ա) երկու երրորդով՝ անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ,

բ) կիսով չափ՝

– առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամների նկատմամբ.

– 60 տարին լրացած անձանց նկատմամբ.

– հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած եւ նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած անձանց նկատմամբ.

– Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված կամ բռնադատվածի կարգավիճակ ունեցող եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած անձանց նկատմամբ.

– Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ամուսնու, զավակի կամ ծնողի նկատմամբ.

գ) մեկ երրորդով՝ դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնր տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։

8. Համաներումը չկիրառել՝

ա) համաներման կիրառման օրվա դրությամբ պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտողների նկատմամբ.

բ) այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ նշանակված պատժաչափը կրճատվել է, կամ ովքեր դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատիժը կրելուց ազատվել են ներում շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով կամ Հայաստանի Հանրապետության համաներման մասին որոշումներով, կամ որոնց նկատմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար քրեական գործերը կարճվել են Հայաստանի Հանրապետության համաներման մասին որոշումներով եւ կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հանցագործությունների համար դատվածությունը մարելուց հետո անցել է տասը տարի.

գ) այն անձանց նկատմամբ, ովքեր քրեակատարողական հիմնարկում համաներման կիրառման օրվա դրությամբ նորից կատարել են դիտավորյալ հանցագործություն.

դ) մինչեւ սույն որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, ովքեր մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններ, իսկ եթե գործը գտնվում է դատարանի վարույթում՝ դատարան.

ե) հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում.

զ) այն անձանց նկատմամբ, որոնք չեն վերականգնել դատավճռով որոշված տուժողին հասցված նյութական վնասը.

է) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով, 112-րդ հոդվածով, 123-րդ հոդվածի 3-րդ մասով, 126-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 131-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 132-րդ հոդվածով, 132.1-րդ հոդվածով, 133-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 138-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 139-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 142-րդ հոդվածով, 163-րդ հոդվածով, 164-րդ հոդվածով, 165-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 166-րդ հոդվածի 3-րդ մասով, 168-րդ հոդվածով, 175-րդ հոդվածով, 176-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասով, 180-րդ հոդվածի 3-րդ մասով, 181-րդ հոդվածի 3-րդ մասով, 182-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասով, 185-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 200-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 202-րդ հոդվածով, 203-րդ հոդվածի 3-րդ մասով, 208-րդ հոդվածով, 215-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով, 217-224-րդ հոդվածներով, 226-րդ հոդվածով, 227-րդ հոդվածի 2-րդ մասով, 228-րդ հոդվածի 2-րդ մասով, 229-րդ հոդվածի 2-րդ մասով, 230-րդ հոդվածի 2-րդ մասով, 231-րդ հոդվածի 2-րդ մասով, 233-րդ հոդվածի 3-րդ մասով, 234-րդ հոդվածի 3-րդ մասով, 235-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 237-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 238-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով, 241-րդ հոդվածի 3-րդ մասով, 242-րդ հոդվածի 3-րդ մասով, 245-րդ հոդվածի 3-րդ մասով, 246-րդ հոդվածի 3-րդ մասով, 247-րդ հոդվածի 3-րդ մասով, 248-րդ հոդվածի 3-րդ մասով, 254-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 258-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 261-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 262-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 264-րդ հոդվածի 2-րդ մասով, 265-րդ հոդվածով, 266-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով, 268-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 269-րդ հոդվածով, 272-րդ հոդվածով, 274-րդ հոդվածի 2-րդ մասով, 275-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 280-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 284-րդ հոդվածի 4-րդ մասով, 287-րդ հոդվածի 4-րդ մասով, 296-րդ հոդվածով, 297-րդ հոդվածի 2-րդ մասով, 299-րդ հոդվածով, 300-300.2-րդ հոդվածներով, 301.1-րդ հոդվածով, 302-305-րդ հոդվածներով, 311-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 312-րդ հոդվածի 3-րդ մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 319-րդ հոդվածով, 327-րդ հոդվածով, 329-րդ հոդվածի 2-րդ մասով, 334.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 336-րդ հոդվածով, 340-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով, 341-րդ հոդվածով, 347-րդ հոդվածի 4-րդ մասով, 348-րդ հոդվածով, 349-րդ հոդվածի 3-րդ մասով, 352-րդ հոդվածի 3-րդ մասով, 355-րդ հոդվածով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 357-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 358-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 359-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 361-րդ հոդվածի 6-րդ մասով, 362-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 363-րդ հոդվածի 3-րդ մասով, 364-րդ հոդվածի 3-րդ մասով, 365-րդ հոդվածի 3-րդ մասով, 366-րդ հոդվածի 3-րդ մասով, 367-րդ հոդվածի 3-րդ մասով, 368-րդ հոդվածի 3-րդ մասով, 369-րդ հոդվածի 3-րդ մասով, 371-րդ հոդվածի 3-րդ մասով, 373-րդ հոդվածի 4-րդ մասով, 375-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 377-րդ հոդվածի 3-րդ մասով, 378-րդ հոդվածի 2-րդ մասով, 379-397.1-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունները կատարած կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ.

ը) մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի նախատեսվում.

թ) այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են եւ կրկին դատապարտվել են պատժի չկրած մասի ընթացքում դիտավորությամբ կատարած հանցագործության համար.

ժ) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ փորձաշրջանի ընթացքում կրկին դատապարտվել են դիտավորությամբ կատարած հանցագործության համար։

9. Համաներման որոշումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից, բացի գույքի բռնագրավումից, եթե բռնագրավումն ի կատար չի ածվել համաներման որոշման հրապարակման պահին։

10. Ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հարկադիր կարգով բուժվող անձանց նկատմամբ համաներումը կիրառվում է բուժման համապատասխան կուրսն անցնելուց հետո։

11. Համաներման որոշումն այլ պետությունների դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են Հայաստանի Հանրապետությունում, կիրառվում է նրանց կատարած արարքների համար պատասխանատվություն սահմանող՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներին համապատասխան։

12. Սույն որոշման կատարումը դնել՝

ա) Դատարանների վրա՝

– այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում, սակայն մինչեւ համաներման որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել.

– այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է։ Նշված անձանց նկատմամբ համաներման կիրառման հարցը լուծում է դատարանը՝ այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա.

բ) Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանի վրա՝

– Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս.

գ) հետաքննության եւ նախաքննության մարմինների վրա՝

– այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը քննում են վերոհիշյալ մարմինները.

դ) քրեակատարողական հիմնարկների պետերի վրա՝

– այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում.

ե) այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման վրա՝ այն անձանց նկատմամբ, ովքեր՝

– դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի.

– պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են եւ նրանց վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն.

զ) կարգապահական գումարտակի հրամանատարի վրա՝

– այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են կարգապահական գումարտակում.

է) դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վրա՝

– այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են գույքի բռնագրավման։

13. Համաներում կիրառելու վերաբերյալ հետաքննության եւ նախաքննության մարմինների, քրեակատարողական հիմնարկների պետերի, այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումների պետերի, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ստորաբաժանումների պետերի եւ կարգապահական գումարտակի հրամանատարի ընդունած որոշումները հաստատում է դատախազը։

14. Համաներման որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչեւ 2009 թ. հունիսի 1-ը։

15. Հաշմանդամության եւ տարիքային հիմքով՝ համաներման որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվել մինչեւ համաներման որոշումն ընդունելու նախորդ օրը ներառյալ, կամ որոնց 60 տարին լրանում է մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի 30-ը։

16. Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում է օրենքով սահմանված կարգով։

17. Կարգապահական գումարտակներում եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող, ինչպես նաեւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ, այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ նշանակված պատժի կրումը հետաձգվել է, կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապ չունեցող պատիժների. համաներման որոշումը ենթակա է կատարման մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի 30-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել