Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱՂՏՆԱՊԱՀ» ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ

Հունիս 18,2009 00:00

\"\"Ալավերդու քաղաքապետարանն արդեն պաշտոնական կայք ունի, սակայն ավագանու ոչ բոլոր որոշումներն են հրապարակված:

Հայաստանի համայնքներում ու մասնավորաբար Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի համայնքներում հողօգտագործման եւ կառուցապատման ոլորտների բյուջետային ծախսումները համայնքապետերի գործունեության ամենափակ ու ամենախոցելի մասերն են: Դատելով իրերի դրությունից, տպավորություն ես ստանում, որ ՀՀ կառավարությունը ՏԻՄ-երում ոչ միայն քաղաքաշինական գործունեության մոնիտորինգներ չի անցկացնում, այլեւ աչք է փակում դրանց ակնհայտ խախտումների վրա:

\"\"Ընդամենը օրեր առաջ Ալավերդու քաղաքապետարանում հանդիսավորությամբ բացվեց քաղաքապետարանի պաշտոնական www.alaverdi.am կայքէջը: Վիրտուալ Ալավերդիում կարելի է տեսնել քաղաքապետ Արթուր Նալբանդյանի անցած ճանապարհն ու ավագանու անդամների կենսագրությունները, հեռախոսի համարները, այլ տեղեկատվություն էլ կա, սակայն քաղաքի ավագանու որոշումները, որոնք առավել կարեւոր են քաղաքապետարանի թափանցիկ գործունեության տեսանկյունից՝ կայքէջում տեղ չեն գտել: Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը պատճառաբանեց, թե որոշումները շատ են, իրենք էլ դեռ չեն որոշել, թե կայքում ավագանու որ որոշումները պետք է տեղադրեն: Ու խոստացավ, որ 2010 թվականի հունվարի 1-ից ավագանու որոշումները կայքում կտեղադրվեն: Դժվար չէ հասկանալ, որ ոչ բոլոր որոշումներն են տեղադրվելու: Հասանելի կլինեն միայն քաղաքապետի ճաշակով ընտրված որոշումները: Ավագանու որոշումները կայքում տեղադրելը առանձնապես դժվարությունների հետ կապված չէ, դժվարությունը կառուցապատման եւ հողօգտագործման վերաբերյալ ավագանու որոշումների հրապարակման հետ կապված քաղաքապետի մտավախությունները հաղթահարելն է: Թեեւ Ալավերդու համայնքային բյուջեն վերջին 4 տարիներին էական աճ է արձանագրել, այդուհանդերձ այստեղ քաղաքաշինական նվաճումներ առանձնապես չեն արձանագրվել: Միայն 2004-2008 հատվածում Ալավերդիում համայնքի բյուջեի եկամուտներ պլանավորվել են շուրջ 1,1 միլիարդ դրամ, փաստացի մուտքերը կազմել են 898,9 միլիոն դրամ: Քաղաքապետարանը չի կարողացել հավաքագրել շուրջ 255,2 միլիոն դրամ:

Շեշտակի աճել են նաեւ ՀՀ պետական բյուջեից համայնքին տրամադրված միջոցները: Այսպես, 2005-ին՝ 75 միլիոն դրամ, 2006-ին` 89,6 միլիոն, 2007-ին` 116,4 միլիոն դրամ, 2008-ին` 115,3 միլիոն: Այս տարվա համար նախատեսված է 196,2 միլիոն դրամ: Վերջին 4-5 տարիներին համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի եւ հողի օտարումից պետք է հավաքվեր 125, 5 միլիոն դրամ, փաստացի մոտքերը կազմել են 104 միլիոն: Ալավերդիում մշտապես դժվարին խնդիր է եղել քաղաքի կառուցապատման հարցը, խանգարող հանգամանքները շատ են՝ քաղաքի մակերեւույթի կտրտվածություն, լանջերի զառիթափություն: Այս տարվա առաջին 5 ամիսներին հողի օտարումից բյուջեի մուտքերը կազմել են 3,5 միլիոն դրամ: Օտարված հողատարածքների վրա արդեն կառուցվել են ճարտարապետական նկարագրով տգեղ շինություններ: Ալավերդիում չեն ստեղծվել հանգստի կանաչ գոտիներ, Ալավերդին չունի աղբավայր, կենցաղային աղբը թափվում է Դեբեդ գետը, չունի կոյուղու մաքրման կայան, կոյուղաջրերը նույնպես թափվում են Դեբեդը, չունի կանոնավոր շուկա, ավտոկայարան, քաղաքաշինական խախտումներով են տեղադրված քաղաքի կենտրոնով անցնող գազի խողովակները: Ալավերդցիների աչքի առաջ ջրի գնով վաճառվեցին նաեւ համայնքի սեփականությունը հանդիսացող գույքը, այդ թվում նաեւ՝ քաղաքի մանկապարտեզների ստվար մասը, որոնք դարձել են բնակարաններ:

Համայնքի ավագանին 2006 թվականին հաստատել է Ալավերդի համայնքի 2006-2008 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման եռամյա ծրագիրը, ուր ներառված են քաղաքաշինական լուրջ խնդիրներ: Օրինակ՝ 165 միլիոն դրամ՝ Ալավերդու ներհամայնքային ճանապարհների նորոգմանը, 42 միլիոն՝ նոր գերեզմանատան կառուցմանը, 26 միլիոն՝ քաղաքի Թումանյան փողոցի պուրակի եւ մանկական խաղահրապարակի կառուցմանը, 25 միլիոն՝ համայնքի կոշտ կենցաղային թափոնների (աղբավայրի) կուտակիչի վերակառուցմանը, 21 միլիոն՝ Սանահին եւ Ակներ թաղամասերի ջրագծերի կառուցմանը եւ այլն: Այս ծրագրով նախատեսված շատ աշխատանքներ առայսօր չեն կատարվել: Ալավերդիում ամեն տարի նույն փողոցներում փոսալցումներ են կատարվում, դժվար է ասել, թե քաղաքապետարանի նախատեսած 165 միլիոնը արդեն ծախսվե՞լ է, թե՞ ոչ: Ալավերդու Սանահին եւ Ակներ գյուղական թաղամասերի խմելու ջրագծերի վրա 2008 թվականին ծախսվել է նախատեսված 21 միլիոն դրամը, սակայն բնակիչները առայսօր այդ խողովակներով խմելու ջուր չեն ստանում:

2009 թվականին շրջակա միջավայրի պաշտպանություն հոդվածով հատկացված 71 միլիոն դրամից 9,3 միլիոնը հատկացվել է շենքերի եւ շինությունների կառուցմանը, 56 միլիոնն էլ՝ շենքերի եւ շինությունների հիմնանորոգմանը:

Այսքանից հետո պարզ է, թե ինչու քաղաքապետն ու ավագանին այնքան էլ չեն ուզում քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրել ավագանու բոլոր որոշումները:

Թե ինչու է քաղաքի ղեկավարությունը խոչընդոտում քաղաքի բնակիչների տեղեկացված լինելու իրավունքի իրացմանը՝ պարզ չէ, բայց որ քաղաքապետարանը շատ հոգատար է պոտենցիալ զբոսաշրջիկների նկատմամբ՝ կասկածից վեր է: Ցանկացած մեկը www.alaverdi.am-ից կարող է տեղեկանալ, թե ինչ եղանակ է Ալավերդիում աշնանը կամ գարնանը, տարվա այս կամ այն ամսվա ընթացքում որքան է օդի միջին ջերմաստիճանը եւ ըստ այդմ կողմնորոշվել, թե ինչ հագնել: Քաղաքապետարանը նաեւ խորհուրդ է տալիս՝ «Վաղ գարնանն ու ուշ աշնանն Ալավերդիում հնարավոր են ջերմաստիճանի կտրուկ տատանումներ՝ նույնիսկ մեկ օրվա ընթացքում: Խորհուրդ է տրվում տարվա այդ ժամանակահատվածում ունենալ թե՛ թեթեւ, թե՛ տաք հագուստ՝ բաճկոն, վերնազգեստ եւ այլն: Ամռանը չմոռանաք ձեռքի տակ անձրեւանոց ունենալ. անձրեւը միշտ էլ պատրաստ է անակնկալ մատուցել: Նրանց, ովքեր պատրաստվում են հանգստանալ սարերում կամ գետի մոտ, ավելի հարմար կլինի կրել մարզական կոստյում եւ թեթեւ բաճկոն: Մեզ մոտ առօրյայում հագնվում են՝ ինչպես եվրոպական փոքրիկ քաղաքներում: Թատրոն գնալիս կամ միջոցառումների մասնակցելիս տղամարդիկ հագնում են մուգ կոստյում, կանայք՝ երեկոյան զգեստ: Շոգ եղանակին դա պարտադիր չէ. ցանկացած տեղ կարելի է գնալ վերնաշապիկով ու ամառային շրջազգեստով: Պաշտոնական հանդիպումներին ընդունված է ներկայանալ մուգ կոստյումով»:

Հրաշալի կլինի, եթե զբոսաշրջությունը զարգանա եւ քաղաքին լրացուցիչ եկամուտներ բերի: Բայց ավագանու որոշումների մեծ մասը գաղտնի պահող քաղաքապետարանը կհրապարակի՞, արդյոք, զբոսաշրջության բերած եկամուտների ծախսերի որոշումները: Դատելով այսօրվա իրողություններից՝ դժվար:

Հ. Գ. Հրապարակումը արդեն պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ Ալավերդու պաշտոնական կայքէջում տեղադրվել է այս տարվա հունվարի 26-ից մայիսի 25-ը կայացված 28 որոշում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել