Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղմուկ»՝ կտավի վրա նկարելի՞ս

Հունիս 18,2009 00:00

Արվեստագետներին շուտով կարգելվի ստեղծագործել

ՀՀ նկարիչների միության անդամ Արփինե Թոքմաջյանը 2 տարուց ավելի է, ինչ դատարաններում արդարադատություն է փնտրում:

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը 2007թ. հուլիսի 27-ի վճռով բավարարել է արվեստագետի հարեւանուհւ՝ ՀՀ փաստաբանների պալատի վետերան-անդամ Ջուլիետա Հարությունյանի հայցը, եւ, փաստորեն, դատարանը Ա. Թոքմաջյանին արգելել է բնակարանը որպես արհեստանոց օգտագործել: Դատարանը հասկացրել է, որ Ա. Թոքմաջյանը պետք է ապրի՝ ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները:

Փաստաբան Ջ. Հարությունյանը դիմել էր դատարան, հայտնելով, որ նկարչուհու՝ 5-րդ հարկում գտնվող բնակարանում փայտամշակման հաստոց կա, որի աղմուկը խանգարում է իրեն: Բազմաթիվ անհայտ եւ հայտնի մարդիկ, փորձագետներ են այցելել արվեստագետի բնակարան պատեհ-անպատեհ ժամանակ, տեղատեսություն է արվել 2 անգամ, սակայն աղմուկ չեն «գտել»: Ա. Թոքմաջյանը դիմել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան: Նա գտնում է, որ ստորադաս դատարանի վճռով խախտվել են ստեղծագործող-անհատի ապրելու եւ ստեղծագործելու իրավունքները: «Բնակարանն արվեստանոցի տեսք ունի, սակայն իրականում ես բնակվում եմ այնտեղ: Ինչն են արգելում. նկարե՞լ: Հարեւանուհուս ո՞ր իրավունքն եմ խախտել»,- հարցնում է ՀՀ նկարիչների միության անդամը:

Ի դեպ, Արաբկիրի դատարանը արվեստագետին պարտավորեցրել էր, որ նա հարեւանուհու օգտին վճարի 272 500 դրամ գումար՝ փաստաբան Ջ. Հարությունյանի ծառայությունների համար:

Երեկ Լեւոն Գրիգորյանի նախագահությամբ պետք է շարունակվեր ՀՀ վերաքննիչ դատարանում նշանակված դատական նիստը, սակայն նկարչուհու փաստաբանը՝ Նազելի Վարդանյանը, բացակայում էր հանրապետությունից, նիստը հետաձգվեց:

«Դատարանը վճռով արգելել է օգտագործել բնակարանս որպես արվեստանոց: Ես բնակարանս որպես արվեստանոց չեմ օգտագործել, այնտեղ չկա որեւէ հաստոց:

Ստորադաս դատարանն իր վճիռը հիմնավորում է, վկայակոչելով ՀՀ քաղաքաշինության նախարարի 1998թ. «ՀՀ տարածքում ըստ նպատակային նշանակության շենքերի եւ շինությունների դասակարգումը» հ.108-Կ հրամանի 2-րդ կետը, որտեղ տրված է շենքերի եւ շինությունների դասակարգումը, ինչն անհասկանալի կերպով կապվում է տվյալ հայցվորի եւ նրա հայցապահանջի հետ:

Ոչ հայցապահանջում, ոչ վճռում չի հիմնավորվել, թե հայցվորի ո՞ր իրավունքն է խախտվել, այն ո՞ր իրավական ակտով է սահմանված, ինչպես նաեւ չի նշվել այն իրավական նորմը, որի հիմքով դատարանը վերականգնում է հայցվորի իբր խախտված իրավունքը»,- ասում է Ա. Թոքմաջյանը:

Ինչ վերաբերում էր «ծախսերի փոխհատուցմանը», Ա. Թոքմաջյանի կարծիքով, «դրանք ենթակա չեն փոխհատուցման, քանի որ Ջ. Հարությունյանը փաստաբանական ծառայության պայմանագիրը կնքել է իր թոռան հետ, ակնհայտորեն որեւէ գումար չի վճարել եւ որեւէ հիմնավորում այդ գումարի առաջացման մասին չի ներկայացվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել