Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԷԻՆ

Հունիս 18,2009 00:00

\"\"Իրավապաշտպան գրասենյակը հատուկ քննչականի դեմ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, քննության դրվեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի հայցը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության դեմ: Այն առնչվում էր քննիչի գործողությունների եւ կայացրած որոշման հետ:

Իրավապաշտպան գրասենյակի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Թումանյանը տեղեկացրեց, որ փետրվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության հասարակական դիտորդական խմբի անդամներ, դիտորդներ Էդմոն Մարուքյանը եւ Վանաձորի Հելսինկյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այցելել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Նրանք հանդիպել են կալանավոր Արթուր Վարդումյանի հետ: Վերջինս հայտնել է, որ Վանաձորի ոստիկանության բաժնում գտնվելու ժամանակ ոստիկանության աշխատակիցները իրեն ենթարկել են ծեծի՝ հասցնելով մարմնական վնասվածքներ: ՔԿՀ դիտորդները օգտվելով իրենց լիազորություններից, ուսումնասիրել են կալանավորներին ընդունելու եւ նրանց առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան մատյանը:

Կ. Թումանյանը տեղեկացրեց, որ Արթուր Վարդումյանը «Վանաձոր» ՔԿՀ է ընդունվել մարմնական վնասվածքներով:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» կազմակերպությունը փետրվարի 27-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

Դատարանում իրավապաշտպան կառույցի ներկայացուցիչ-փաստաբանը հավելեց, որ մարտի 16-ին Լոռու մարզի դատախազությունը իրենց հայտնել է, որ հաղորդումը քննարկվել է եւ նշված հանգամանքները քննչական համապատասխան գործողությունների կատարմամբ պարզելու համար այն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին՝ Արթուր Վարդումյանի վերաբերյալ քրեական գործի հետ համատեղ ընթացքը լուծելու համար:

Իսկ մարտի 28-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Իսպիրյանը պաշտոնական գրությամբ հայտնել է, որ «Նախաքննության ընթացքում պարզվել է, որ մեղադրյալ՝ Վանաձոր ՔԿՀ-ի կալանավոր Արթուր Վարդումյանը մարմնական վնասվածքները ստացել է 2009 թ. փետրվարի 9-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում անձնական խուզարկության ժամանակ՝ իր կողմից գլխով գրասեղանի անկյունահատվածին եւ պատին հարվածելու հետեւանքով»: Հետեւաբար՝ քրգործ չի հարուցվել:

Հելսինկյանները դիմել են գնդապետ Գ. Իսպիրյանին, խնդրելով տրամադրել ներկայացված հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:

Ապրիլի 7-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Իսպիրյանը թիվ 7/15.2081 գրությամբ կազմակերպությանը հայտնել է, որ Ա. Վարդումյանի՝ ոստիկանության Վանաձորի բաժնում մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:

Ապրիլի 9-ին, ըստ հայցվորի, ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ. Հովակիմյանը որոշում է կայացրել «քրեական գործի հարուցումը մերժելու մասին», այսինքն՝ բացակայում է հանցակազմը:

Քննիչի որոշումը բողոքարկվում է ՀՀ գլխավոր դատախազին: Մայիսի 14-ին գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա. Զալինյանը հայտնում է, որ քննիչի որոշումը օրինական է, եւ այն վերացնելու հիմքեր չկան:

Հելսինկյանները, որոնք վիճարկում են ՀԿԳ քննիչի այդ որոշումը, գտնում էին, որ նա պարտավոր էր հարուցել քրեական գործ:

«Քննիչը բացատրություն է վերցրել Ա. Վարդումյանից, որը նշել է, որ իրեն ծեծի են ենթարկել ոստիկանության Վանաձորի բաժնում՝ ոստիկանության աշխատակիցները: Քննիչը բացատրություններ է վերցրել նաեւ մի քանի ոստիկաններից: Այնինչ, քննիչը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքում դրել է միայն ոստիկանության աշխատակիցների բացատրությունները»,- ասաց Կ. Թումանյանը:

Հայցվորի գնահատմամբ, կալանավոր Վարդումյանի նկատմամբ խախտվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

Հայցվոր-կազմակերպությունը պահանջում էր վերացնել հատուկ քննչական ծառայության քննիչի «քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել