Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլենդել հիլզը» խոշոր հարկատուների ցուցակում է»

Հունիս 18,2009 00:00

Հայտնում են ընկերության պատասխանատուները

20 տարի շարունակ տնակներում ապրող մոտ 4000 գյումրեցիների միակ հույսը «Գլենդել հիլզի» կողմից Մուշ 2 թաղամասում իրականացվող բնակարանաշինությունն է: Այդ պատճառով էլ գյումրեցիները հաճախակի են անհանգստանում, թե տնտեսական ճգնաժամը չի՞ ազդի բնակարանաշինության վրա, կհասցնի՞ «Գլենդել հիլզը» գործը գլուխ բերել՝ խոստացած ժամկետում ավարտելով շինարարությունը:

Երեկ կազմակերպության ղեկավարները Գյումրիում հանդես գալով մամուլի հաշվետու ասուլիսով՝ պատասխանեցին ինչպես այս հարցերին, այնպես էլ որոշ շինարարների դժգոհություններին ու ընկերության շուրջ պտտվող տարաբնույթ խոսակցություններին:

Ըստ «Գլենդել հիլզ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանի, իրենք Գյումրիում նախատեսել են կառուցել 3030 բնակարան, որից 1320-ը հանձնելու են մինչեւ տարեվերջ: Նա վստահեցրեց, որ ոչինչ չի խանգարելու ծրագրի իրականացմանը, նույնիսկ Գյումրիի սառը բնակլիմայական պայմանները. «Ծրագրի ընդհանուր արժեքը 39 միլիարդ դրամ է: Այս տարվա ծրագիրը՝ 1320 բնակարանը, հանձնելու համար պետք է լինելու 18 միլիարդ 600 միլիոն դրամ, որի համար կառավարությունն ունի որոշում: Նմանատիպ ծրագիր մենք նաեւ իրականացնում ենք Շիրակի եւ Լոռու մարզերի գյուղական մարզերում ու Սպիտակ քաղաքում: Աշխատանքներն այնտեղ նույնպես սկսված են: Այս ծրագրի արժեքն է 42 միլիարդ դրամ, որը նույնպես օպտիմալացվեց ե՛ւ ռեսուրսների, ե՛ւ նախագծման հաշվին՝ հասնելով մինչեւ 26 միլիարդ դրամի: Ինչ վերաբերում է շինանյութերին, ապա այլ հավասար պայմաններում նախապատվությունը տրվում է տեղական արտադրությանը: Իսկ մնացած դեպքերում օգտագործվում է արտերկրից ներմուծված որակյալ շինանյութ: Այս պահին Գյումրիի շինարարությունում արդեն աշխատում է 600 հոգի, բայց գնալով կավելանան, քանի որ աշխատանքներն ավելանալու են»:

Քանի որ, Գյումրիից բացի, այս կազմակերպությունը բնակարանաշինություն է ծավալում ամբողջ աղետի գոտում, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ մրցույթը շահել է «Գլենդել հիլզը», մի՞թե աղետի գոտին կառուցելը վերջինիս մենաշնորհն է: «Դա բաց մրցույթ էր, որին հնարավորություն ունեին մասնակցելու բոլոր ընկերությունները, մենք մասնակցել ու ճանաչվել ենք հաղթող, կային մրցութային պայմաններ, նախ ընկերությունը պետք է ունենար փորձ, նշեմ, որ մեր ընկերությունը մոտ 600 000 քմ կառուցապատում է իրականացնում ե՛ւ մայրաքաղաքում, ե՛ւ այնտեղից դուրս, այսինքն՝ ծավալային առումով մեր ընկերությունը պատրաստ էր ընդունել այդ ծավալի աշխատանք, եւ փաստացի աշխատանքները ցույց են տալիս, որ մենք կարողանում ենք իրականացնել, այս տարվա ավարտին մենք կհանձնենք, այդ արդեն կլինի ապացույց, թե ինչի է հասել «Գլենդել հիլզը»: Եվ ֆինանսական մեծ միջոցների մասին է խոսքը, բացի այն, որ այս ծրագիրը ֆինանսավորվում է բյուջեից, մեր ընկերությունը նույնպես ներգրավում է ֆինանսական ռեսուրսներ, դա շատ կարեւոր հանգամանք է, որպեսզի ընկերությունը կարողանա աշխատել բանկերի եւ արտաքին այլ ֆինանսական վարկային կազմակերպությունների հետ: Բազմաթիվ խնդիրներ կային. այն ընկերությունները, որոնք մրցույթին պետք է մասնակցեին, պետք է կարողանային իրականացնել դրանք»,- ասաց «Գլենդել հիլզի» գլխավոր տնօրենը: «Առավոտի» այն հարցին էլ, թե ճի՞շտ են այն խոսակցությունները, որ սա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բիզնեսն է, տնօրենն ասաց. «Չեմ էլ ուզում էս հարցին անդրադառնալ, որովհետեւ երկրի նախագահը բիզնես ունենալ չի կարող, մենք ունենք հիմնադիր նախագահ Վահե Յակուբյան եւ խորհրդի նախագահ Էդուարդ Մելիքյան: Նրանք են ընկերության ղեկավարները»:

Մեր օրաթերթը նաեւ հետաքրքրվեց, թե հարկատուների ցանկում ո՞ր տեղն է զբաղեցնում «Գլենդել հիլզը» եւ ինչո՞ւ է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Գլենդել հիլզին» մեղադրում գերշահույթ ստանալու, բայց հարկեր չվճարելու, ստվերում գործելու մեջ: «Մենք 2 տարի է՝ խոշոր հարկատուների ցանկում ենք, գնալով ավելի բարձրանում են մեր դիրքերը հարկերի իմաստով, ինչով է դա պայմանավորված, քանի որ ամեն տարի երբ ծրագիր ես հանձնում, հանձնման դեպքում նոր հարկ է առաջանում, մինչ այդ ինքը հարկ չէ, կառուցում ես, այդ ընթացքում շահութահարկ չես տալիս շենքի մասով, հանձնելիս է առաջանում այդ ամենը: Մենք Արմեն Մարտիրոսյանի ասածը հերքել ենք, չեմ կարծում, որ կարելի է ավելի շատ խորանալ այդ ամենի մեջ: Դա բաց ինֆորմացիա է, թերթերը դեկտեմբերից տպագրում են, թե ինչքան հարկ ենք վճարում, որ հարկատուների ցանկում ենք գտնվում»,- ասաց Վ. Ալմոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել