Մայրաքաղաքը «զարդարվելու է» եւս մի բենզալցակայանով
Մայրաքաղաքի Լենինականի խճուղում, «Շիրակ» հանրախանութի դիմացի մայթին, հրշեջ ծառայության 8-րդ խմբի «քթի տակ» գտնվող այս բենզալցակայանի վերակառուցումը սկսվեց Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին զուգահեռ: Այն ընթացքում, երբ քաղաքային իշխանության, այդ թվում նաեւ տվյալ ժամանակ գործող իշխանություն ՀՀԿ-ական հավակնորդները բնակիչներին պատմում էին, թե ինչպիսի կանաչապատ, բարեկարգ եւ օրենքի, հարմարավետ ու կանաչ մայրաքաղաք են իրենք դարձնելու Երեւանը՝ շինարարական դանդաղ, բայց հետեւողական ընթացքով այլասերվում էր մայրաքաղաքի հերթական հատվածը: Այս կառույցը չի համապատասխանում շինարարական եւ ոչ մի նորմի:
Ամբողջ մայթը զավթելուց բացի, ապագա բենզալցակայանը տարածվում է դեպի փողոցի երթեւեկելի հատված: Անցորդները մայթի այդ հատվածը հաղթահարելու համար պարզապես փողոցով պետք է քայլեն, ընթացող ավտոմեքենաներին զուգահեռ՝ այլընտրանք չկա: Սա, սակայն, չարիքի փոքրագույնն է: Հաստատված շինարարական նորմերի համաձայն, բենզալցակայանները կամ գազալցակայանները պետք է կառուցվեն բնակելի տարածություններից նվազագույնը 50 մետր հեռու՝ հնարավոր վթարների պարագայում բնակչությանը չվնասելու եւ իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու համար: Այս բենզալցակայանի հեռավորությունը մոտակա բնակելիից առավելագույնը 25-30 մետր է: Մայթի այդ հատվածում եւ հրշեջ խմբի բակի մի հատվածում ստորգետնյա տեղադրված են 20-25 տոննա տարողությամբ 4 տարաներ: Անվտանգության կանոնների այս կոպիտ խախտումները արդարացիորեն առաջացրել են տարածքի բնակիչների վրդովմունքը: Մինչեւ մեզ դիմելը, բնակիչները պատկան որեւէ մարմնի չեն դիմել, որովհետեւ նման «սանձարձակությունը» նրանց հիմք է տվել մտածելու, որ լցակայանի տերերը «վերեւներից» են հովանավորվում: «Սովորական մարդուն չէին թողնի, որ էդպիսի բան աներ: Պաժառնին էլ ձեն չի հանում, ուրեմն սարքողը շեֆերից ա»,- մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը, որը հասկանալի պատճառներով խուսափեց ներկայանալ: Ավելին, տարածքի բնակիչները կառույցի հավանական տիրոջ անուններ էլ են տալիս. մի մասի պնդմամբ՝ բենզալցակայանը կառուցում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, գծատեր Գալուստ Սահակյանը: Մյուս մասի պնդմամբ՝ լցակայանը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, օլիգարխ Հարություն Փամբուկյանին:
Բնակիչները պատմում են, որ այս բենզալցակայանը, փոքր ինչ ավելի համեստ տեսքով, ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնավարման առաջին շրջանում, պատկանում էր փեսա-աներձագ Գալուստ Սահակյանին եւ Աշոտ Աղաբաբյանին: «Աշխատեցնում» էին նրանց որդիները: Իսկ հրշեջ խմբի բակում գտնվող փակ եւ բաց տաղավարները «ոսկե երիտասարդների» համար խրախճանքի վայր էր, որտեղ, աշխատանքին զուգահեռ, նրանք իրենց ընկերների հետ գինարբուքներ էին կազմակերպում: Հանրությանն անհայտ պատճառներով, արդեն մի քանի տարի է, ինչ լցակայանը փակված եւ լքված էր: Բայց, ինչպես ասում են՝ «Սուրբ տեղը դատարկ չի մնա»: Լցակայանը վերագտավ իր հին կամ գտավ նոր տիրոջը:
Ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին տասնօրյակում, Հարավ-արեւմտյան թաղամասի բակերից մեկում՝ Զորավար Անդրանիկի փողոցում, «Կիտ» կահույքի սրահի հետնամասում, մայրաքաղաքը կանաչապատելու խոստումներին զուգահեռ, կտրվեց մի քանի հաստափոր կանաչ ծառ: Այդ վայրում այժմ արդեն մետաղական կոնստրուկցիաներ են հայտնվել: Թե ովքե՞ր են տերերը եւ ի՞նչ կառույց է նախապատրաստվում, առայժմ հնարավոր չեղավ ճշտել: