Լրահոս
Օրվա լրահոսը

Ադամանդային բիրժա՝ «Զվարթնոցում»

Հունիս 18,2009 00:00

\"\"Էկոնոմիկայի նախարարության՝ Երեւանում ադամանդային բիրժա ստեղծելու նախաձեռնութjանն արդեն արձագանքել է Ադամանդի բորսաների համաշխարհային ֆեդերացիան: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց թանկարժեք քարերի գիտաուսումնական լաբորատորիայի տնօրեն Արթուր Զանգինյանը: Նրա ներկայացմամբ՝ հունիսի 9-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում ֆեդերացիայի նախագահ Ավի Պազը հայտարարել է. «Վերջին տասը տարիների ընթացքում միջազգային ադամանդագործության արտադրության եւ առեւտրի ոլոտում Հայաստանի դերը բավականին աճել է: Ադամանդագործության արտադրության ծավալն այնքան է աճել, որ տրամաբանական էր ստեղծել ադամանդային ֆոնդային բիրժա, որպեսզի ադամանդի առեւտուրն ավելի դյուրին լինի եւ այդ կերպ միանան ադամանդի առեւտրի գլոբալ ընտանիքին, որը նաեւ ադամանդագործության միջազգային ֆեդերացիային է միացած: Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերների հետ հաղորդակցության ճանապարհներ կստեղծենք, որպեսզի սկսենք համագործակցությունը: Մենք, իհարկե, այս տարվա նոյեմբերի 15-ին նախագահների հանդիպմանը հրավիրելու ենք նաեւ հայկական պատվիրակությանը»: Ադամանդագործության միջազգային բիրժայի ֆեդերացիայի քարտուղար Մայքլ Վաուգան էլ վստահեցրել է, որ իրենք ավելի կամրապնդեն կապերը հայկական ադամանդագործության ոլորտի գործարարների եւ կազմակերպությունների հետ: Նշենք նաեւ, որ Էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանը վստահեցրել էր, որ բիրժայի ստեղծումով կբարձրացնեն Հայաստանի դերը տարածաշրջանում, կներգրավեն միջազգային շուկայի մասնակիցներին, ինչպես նաեւ դրանով կավելացնեն թանկարժեք քարերի եւ մետաղների առեւտրի ծավալը: Բիրժան նախատեսվում է ստեղծել «Զվարթնոց» օդանավակայանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել