Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոններն էլ պետք է ՀԴՄ կտրոններ տան

Հունիս 18,2009 00:00

Չնայած ըստ օրենսդրության՝ կանխիկ առեւտուր իրականացնող բոլոր առեւտրի վայրերում ՀԴՄ կտրոններ պետք է տրամադրվեն, այդուհանդերձ, մի շարք մշակութային օջախներում օրենքի այս կետին չեն հետեւում: Օրինակ՝ Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական եւ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոններում բեմադրությունների տոմսերի վաճառքի դիմաց, որպես կանոն, ՀԴՄ կտրոն չեն տրամադրում: Մեր հարցին, թե ի՞նչն է դրա պատճառը, 2 թատրոնների տոմսավաճառներն էլ պատասխանեցին, որ իրենք ՀԴՄ կտրոններ են տալիս միայն իրենց թատրոնի կողմից ցուցադրվող բեմադրությունների տոմսերի վաճառքի դիմաց, իսկ երբ իրենց դահլիճները վարձակալությամբ են տրվում, ապա ՀԴՄ կտրոն չի տրամադրվում: Նրանց մեկնաբանությամբ՝ «նման հարցերը պարտավոր են լուծել թատրոնի դահլիճը վարձակալած ընկերությունները»:

«Առավոտը» Պետեկամուտների կոմիտեից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է օրինական վերոնշյալ թատրոնների նման գործունեությունը, եւ, արդյոք, մշակութային օբյեկտներում ՀԴՄ-ի կիրառման առումով որեւէ արտոնություն կա: Մեր հարցին ի պատասխան, կոմիտեի լրատվական ծառայությունից պարզաբանեցին, որ ՀԴՄ-ների մասին օրենքի համաձայն, ՀՀ տարածքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից՝ առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով: Թատրոնների տոմսարկղերում քաղաքացիներին տոմսերի վաճառքի, այդ թվում նաեւ գործակալի կողմից տոմսերի իրացման դեպքերում ՀԴՄ-ներ չկիրառելու առումով օրենքով սահմանված բացառություն չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել