Նոր ատոմակայանը գործողից 3 անգամ հզոր է լինելու, հետեւապես ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրելու, սակայն այն գնելու ցանկություն ոչ ոք չի հայտնել:
Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման մասին գաղափարը քաղաքական գործիչներից շատերն ու նաեւ տնտեսագետները համարեցին անիրատեսական: Նրանց կարծիքով, սա մեր կառավարության հերթական վերամբարձ, ուժերից վեր նախաձեռնությունն է, որը դատապարտված է ձախողման: Չնայած այս հոռետեսական կանխատեսումներին՝ նոր ատոմակայանի կառուցման առաջին քայլը կարծես թե արված է:
Ատոմակայանի կառավարման ծառայությունները ստանձնելու հետաքրքրություն էր դրսեւորել ավելի քան 13 ընկերություն, սակայն մեր խստապահանջ կառավարության առաջարկած պայմանները կատարելու ռիսկին դիմեց միայն երկուսը: Մանրակրկիտ «հարցուփորձից» հետո հաղթող ճանաչվեց ավստրալիական «Worley Parsons» միջազգային կոնսորցիումը։ Այս ընկերությունը պարտավորվել է 7 տարվա ընթացքում՝ մինչեւ 2016-ը, Հայաստանում Մեծամորի ներկայիս ատոմակայանի նույն հարթակում կառուցել նոր, ավելի հզոր էներգաբլոկ:
Այն պետք է ունենա մինչեւ 1200 մեգավատ հզորություն եւ 60 տարվա գործունեության ժամկետ: Սրանք նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ նվազագույն պայմաններն են: Նշենք, որ գործող ատոմակայանը ունի ընդամենը 400 մեգավատ հզորություն: «Worley Parsons»-ը պարտավորվել է ծրագրի մեկնարկի փուլում ներդնել 459 մլն դոլար: Իսկ շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար պահանջվում է ավելի քան $4,5 միլիարդի ներդրում:
Մեր երկրի մի շարք պաշտոնյաների համոզմամբ, նոր ժամանակակից ատոմակայանով Հայաստանը որակապես այլ երկիր կդառնա եւ կավելանան երկրի մրցակցային հնարավորությունները: Նշենք, որ տարածաշրջանում միակ երկիրը Հայաստանն է, որը ի վիճակի է բավարարել ոչ միայն էներգետիկայի ներքին պահանջարկը, այլ նաեւ կարող է այն արտահանել: Սակայն խնդիրն այն է, որ այնքան էլ շատ չեն այն երկրները, որոնք ցանկանում են Հայաստանից էլեկտրաէներգիա գնել: Համենայնդեպս, նախորդ տարիներին մեր երկրի հետ նման պայմանավորվածություն ունեցել է միայն Վրաստանը, սակայն 2008-ից արդեն վրացիները եւս հրաժարվել են հայկական էլեկտրաէներգիայից:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից այս առնչությամբ «Առավոտին» տեղեկացրին, որ մեր երկիրը պատրաստակամ է էլեկտրաէներգիա մատակարարելու հարցում, սակայն Վրաստանը նման ցանկություն չի հայտնել եւ հայտ չի ներկայացրել:
Մոտ 1 ամիս է, որ Հայաստանից էլեկտրաէներգիա գնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել միայն Իրանի հետ: Պայմանավորվածության համաձայն, Հայաստանը գազի դիմաց պետք է վճարի էլեկտրաէներգիայով: Ըստ 2 պետությունների միջեւ կայացած համաձայնության, Իրանից մատակարարվող յուրաքանչյուր խմ գազի դիմաց Հայաստանը պետք է այդ պետությանը վերադարձնի 3 կվտ/ժ էլեկտրաէներգիա: Այս գործարքը մեզ համար շահավետ է այնքանով, որ Իրանին վերադարձվող էլեկտրաէներգիան ավելի քիչ է, քան հնարավոր է ստանալ այդ գազի օգտագործումից: Սակայն այս փոխշահավետ գործարքը եւս Հայաստանի համար չի կարելի համարել խոշոր ձեռքբերում, քանի որ չկա կոնկրետ պայմանավորվածություն այն մասին, թե ամսական որքան խմ գազ ենք ստանալու Իրանից եւ որքան էլեկտրաէներգիա ենք արտահանելու դրա դիմաց: Այսինքն, հնարավոր չէ կոնկրետ հաշվարկել, թե տարեկան կտրվածքով որքան եկամուտ կունենա մեր պետությունը՝ զուտ էլեկտրաէներգիայի արտահանումից: Չի բացառվում, որ մի օր էլ, Վրաստանի նման, Իրանը եւս այլընտրանք կգտնի եւ կհրաժարվի հայկական էլեկտրաէներգիայից: Դեռեւս չի հաջողվում նաեւ իրագործել էլեկտրաէներգիայի արտահանման շուրջ անցյալ տարվա սեպտեմբերին Թուրքիայի հետ ստորագրված պայմանագիրը: Ըստ պայմանավորվածության, սկզբնական շրջանում տարեկան կարտահանվի 1,5 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա: Այս ծրագիրը պետք է որ արդեն մեկնարկած լիներ, սական ինչ-ինչ պատճառներով ամսեամիս այն հետաձգվում է: Թե ինչու ծրագիրը մինչ այժմ չի իրագործվում, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ որեւէ ենթատեքստ չկա, պատճառները զուտ տեխնիկական են. «Ծրագիրը ուժի մեջ է, պայմանագիրը՝ նույնպես: Խնդիրը միայն այն է, որ Թուրքիայում գծերի վերականգնողական աշխատանքներ են ընթանում»: Ստացվում է, որ գործող ատոմակայանի հզորությամբ անգամ Հայաստանը ի վիճակի է բավականին մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա արտահանել, սակայն՝ գնորդ չկա: Իսկ ի՞նչ հույսով ենք ավելի քան $5 մլրդ ծախսում՝ ավելի հզորը կառուցելու եւ ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրելու համար, եթե պարզ չէ, թե այդ արտադրանքը ով է սպառելու: Նախարարությունից եւս հավաստիացրին, որ այս պահին դեռեւս որեւէ երկրի հետ էլեկտրաէներգիայի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածություն չկա. «Դա միայն մեր ցանկությամբ չէ: Այս կամ այն երկրին վաճառելու համար պետք է գնորդ լինի»:
Նշենք նաեւ, որ ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումից հետո կդադարեցվի գործող ատոմակայանի գործունեությունը՝ հետագայում ապամոնտաժելու նպատակով: Դա եւս բավականին ծախսատար եւ մի քանի տարի պահանջող գործընթաց է: