Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին խոսքն» էլ ասացին

Հունիս 18,2009 00:00

Ավարտվեց նաեւ Սուրեն Սիրունյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի դատավարությունը

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վերջին խոսքով հանդես են եկել 2008թ. մարտի 1-ին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող ՀՀ ԱԳ նախկին նախարար, 2008թ, նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանն ու այդ ընտրությունների ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սուրեն Սիրունյանը: Վերջինս իր խոսքը սկսել է այսպես. «Նորակառույց Իրան-Հայաստան երկաթգծով Հայաստան է տեղափոխվել Իրանում զանգվածային անկարգությունների մասնակից 8 անձանց դիակները, որպեսզի դատաբժշկական փորձաքննություն անցկացնի Շոթա Վարդանյանը, իսկ շոգեքարշի վարորդը եղել է ԱԺ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը»: Քաղբանտարկյալը հայտարարել է՝ քանի որ իրենց դատական գործը հիմնված է «ինչ-որ մեկի կողմից ինչ-որ բան լսելու վրա», ինքը եւս պատմում է առավոտյան իր լսածը: Ս. Սիրունյանը արձանագրել է, որ «Մարտի 1-ի» գործով անցնողների գործերով դատարաններն առաջնորդվել են վկաների սուտ ցուցմունքների եւ մեղադրողների կողմից աղավաղված, ոչ ճիշտ ներկայացված փաստերով, որոնց հիման վրա իր ընկերները դատապարտվել են տարբեր պատժաչափերով: Ուստի՝ նախընտրել է որպես իր «վերջին խոսք» ընդունել սուտ վկայությունների՝ որպես դատապարտելի երեւույթի վերաբերյալ Բյուրեղավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Ղազարոս քահանա Պետրոսյանի հարցազրույցը, որից մի պատառիկ նա դատարանում ընթերցել է:

Իսկ դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ Ս. Սիրունյանը ասել է, թե՝ դատարանից արդարացում չի խնդրում, որովհետեւ դատավորն էլ իր գործողություններում անկաշկանդ չէ. «Եթե ես վստահ լինեի, որ դուք ձեր գործունեության մեջ կլինեիք անկաշկանդ, ինձ համար ամոթ չէր լինի դատարանից արդարադատություն խնդրել»:

Դատարանից ներողամտություն չի հայցել նաեւ Ալ. Արզումանյանը. «Ես հպարտ եմ իմ արարքների համար, որովհետեւ երբեւէ որեւէ բան չեմ արել, որի համար պետք է զղջամ: Ես հպարտ եմ, որ ունեմ մի ժողովուրդ, որը ոչ է ասել կեղծիքներին եւ պատրաստ է տեր լինել իր երկրին»:

Նա նաեւ հայտարարել է, թե իր անունից ներում է շնորհում բոլոր նրանց, ովքեր դրսեւորել են թշնամանք, դավաճանություն, ով կեղծ ցուցմունք է տվել, գործ է սարքել իր վրա. «Ես՝ որպես հայ քրիստոնյա, ներում եմ ձեզ: Մնացածին, ով իրագործել է մարտիմեկյան սպանդը, ով ձեռք է բարձրացրել խաղաղ ժողովրդի վրա, ես չէ, որ պետք է ներեմ: Նրանց ներողը Բարձրյալն է, որ դեռ կորոշի՝ մարտի 1-ի համար ների՞ այս իշխանություններին, թե՞ ոչ»:

Երկու քաղբանտարկյալների ելույթներից հետո էլ դատարանում երկարատեւ ծափահարություններ են հնչել, իսկ նրանց դատավճիռները կհրապարակվեն հունիսի 22-ին: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը պահանջել է Ալեքսանդր Արզումանյանին դատապարտել 6 տարվա, իսկ Սուրեն Սիրունյանին՝ 5 տարվա ազատազրկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել