Այդպիսի տպավորություն է ստացել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողների հետ հանդիպած Սեդա Սաֆարյանը
Երեկ ավարտվեց ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի այցը Հայաստան:
Այցի վերջին օրը նրանք հասցրեցին հանդիպել 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք եւ արդեն լուծարված խմբի անդամներին, «Յոթի» գործով անցնող եւ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ ամբաստանվող քաղբանտարկյալների փաստաբանների, կանանց ու նաեւ «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հետ:
Համազեկուցողները թեեւ ափսոսանք են հայտնել Փաստահավաք խմբի լուծարման առնչությամբ, բայցեւ կարծիք են հայտնել, թե Խմբում ձեւավորված անհանդուրժողականության մթնոլորտում գործունեություն ծավալվել չէր ստացվի: Այս մասին երեկ «Առավոտի» հետ զրույցում փաստեց Խմբում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
«Մեր հանդիպումը համազեկուցողների հետ շատ հիասթափեցնող էր, եւ ոչ մի հուսադրող բան չկար: Ես կարծում եմ, որ մենք միջազգային կառույցներից որեւէ սպասելիք այլեւս չունենք, եւ եթե միջազգային կառույցները գտնում են, որ Հայաստանն իր պարտավորությունները իրենց հանդեպ չի կատարում, ապա կարծում եմ, որ իրենք էլ իրենց պարտավորությունները մեր հանդեպ բարեխղճորեն չեն կատարում»,- ասաց տիկին Սաֆարյանը՝ հավելելով, որ միջազգային կառույցները իրենց կեցվածքով նպաստում են Հայաստանում ժողովրդավարության բացակայության խորացմանը:
Վերադառնալով հանդիպմանը՝ «Ժառանգության» ներկայացուցիչն ասաց, թե երեկ համազեկուցողների հետ իրենց հանդիպման արդյունքում հասկացել է մի բան. «Նրանք, երեւի, Փաստահավաք խմբի կազմալուծումից առաջ են տեղյակ եղել, որ այդպիսի գործընթաց պիտի գնա, որովհետեւ իրենք ոչ միայն չզարմացան այդ փաստից, այլեւ սկսեցին խոսել այն անհանդուրժողական մթնոլորտի մասին, որի մասին ասում էին մեր պետական այրերը: Փոխանակ իրենք Խմբի լուծարումը դատապարտեին, դա մի տեսակ ընդունելի համարեցին: Այդքանով իրենք մեզ ամեն ինչ ասացին: Կարծում եմ, ավելի լավ է մենք մեր հույսը մեզ վրա դնենք ու հարցերը լուծենք մեր ճանապարհով ու մեր ձեւով: Մեզ մնում է ամփոփել ու գնահատել «Մարտի 1»-ի ուսումնասիրված փաստերը»:
Տեղեկություններ կային, թե հանդիպման ժամանակ առաջարկ է եղել միջազգային փորձագետների ներգրավմամբ համանման նոր խումբ ստեղծելու մասին: «Ոչ, առաջարկ չեղավ: Որքան ես հասկացա, իրենց ամբողջ հույսը Սամվել Նիկոյանի հանձնաժողովն է: Եթե այդպես էր, ինչո՞ւ էր Փաստահավաք խումբ ձեւավորվում: Իրենք փորձեցին ճանապարհներ մատնանշել, թե ինչ կարող է լինել Խմբի լուծարումից հետո: Այն է՝ հանրությունը, այդ թվում՝ մենք՝ Խմբի անդամներս, մարտի 1-ին առնչվող մեր բոլոր նյութերը, եզրահանգումներն ու նկատառումները հանձնենք Նիկոյանի հանձնաժողովին: Թե դա որքանո՞վ արդյունավետ կլինի Նիկոյանի համար՝ ինձ անհասկանալի է: Մենք համակարծիք չենք, որ սա նրանց կողմից առաջ քաշված ճիշտ տարբերակ եւ իրավիճակը փրկելուն ուղղված գործողություններ են: Բայց դա արդեն մենք կորոշենք՝ տրամադրե՞նք, թե՞ ոչ: Ես ինքս չգիտեմ՝ այդպես կվարվե՞մ, թե՞ ոչ, մնացած նյութերի հետ կապված էլ Նիկոյանին կօգնե՞մ, թե՞ ոչ, որովհետեւ գտնում եմ, որ դա անիմաստ է: Պետք է գտնել ճանապարհներ դրանց ամփոփումը ինչ-որ մի մարմնի փոխանցելու համար, գուցե դրանք հրապարակենք, ես դեռ չգիտեմ»,- պարզաբանեց Ս. Սաֆարյանը: Նա նաեւ նկատեց, թե Խմբում իր գործընկեր Անդրանիկ Քոչարյանն էլ, մեղմ ասած, հիացած չի եղել այդ հանդիպումից եւ համազեկուցողների այդ առաջարկից. «Մենք Ա. Քոչարյանի հետ կհանդիպենք ու կքննարկենք մեր հետագա քայլերի նպատակահարմարությունը՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելու նպատակով»:
Փաստահավաք խմբում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ա. Քոչարյանի տպավորությամբ, համազեկուցողները փորձում են Հայաստանին վերաբերող խնդիրները փաթեթով լուծել եւ ԵԽԽՎ-ում հենց այդ տեսքով ներկայացնել, ներառյալ՝ հնարավոր համաներումը, որը, Ա. Քոչարյանի համոզմամբ, մեծ հաշվով քաղբանտարկյալների գոյության խնդիրները չի լուծելու, որովհետեւ նրանցից ոչ բոլորի վրա է տարածվելու: Ա. Քոչարյանի կարծիքով, համազեկուցողներին ձեռնտու է հավատալ իշխանություններին եւ բավարարվել նրանց կիսատ-պռատ քայլերով՝ ցույց տալու համար, թե իրենց զեկույցը եւ ԽՎ բանաձեւը արդյունավետ են եղել, ու դրա արդյունքում ինչ-ինչ հարցեր լուծվել են: Ա. Քոչարյանն ասաց նաեւ, թե հանդիպման ժամանակ մասնավորապես ինքը ներկայացրել է Խմբի գործունեությունը, դրա արդյունքները, Խմբի լուծարման իրական պատճառը, թեեւ համազեկուցողները հակված են եղել հավատալ Խմբի լուծարման պատճառների մասին ՀՀ Օմբուդսմենի ներկայացրած «անհանդուրժողական ու լարված մթնոլորտի» վերաբերյալ տարբերակին: ՀԱԿ ներկայացուցչի դիտարկմամբ, համազեկուցողները պատրաստ են ընդառաջել իշխանություններին՝ «ջրելու» նաեւ «Մարտի 1»-ի սպանությունների եւ դրա համար պատասխանատուների բացահայտման գործը:
Իհարկե, երեկ պարոնայք Պրեսկոտի եւ Կոլոմբիեի հետ հանդիպումից հետո, որին մասնակցել էին մարտիմեկյան իրադարձությունների 10 զոհերից ոմանց, այդ թվում՝ Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի, Սամվել Հարությունյանի ծնողներն ու նաեւ մեկ-երկու տուժողներ, պարզվեց, որ զոհերի հարազատներն այդ հանդիպումից բավարարված են: «Առավոտի» հետ զրույցում այդպես փոխանցեց մասնավորապես Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Նրա մատուցմամբ, իրենք համազեկուցողներին ներկայացրել են 10 զոհերի սպանության հանգամանքների բացահայտված չլինելու, մեղավորներին չպատժելու վերաբերյալ իրենց մտահոգությունը: «Մենք ասացինք, որ դրան անհամբերությամբ սպասում ենք արդեն ավելի քան մեկ տարի, բայց՝ ապարդյուն: Ասացինք, որ մեծ հույսեր էին կապում Փաստահավաք խմբի հետ, բայց դա էլ հիմա չկա, եւ մեր երեխաների սպանության բացահայտումը մնացել է օդից կախված: Մենք պահանջեցինք հետամուտ լինել այս խնդրին, նոր խումբ ստեղծել, որտեղ կլինեն անկախ միջազգային փորձագետներ, կամ առանց մեր իշխանության թույլտվությունը հարցնելու՝ փորձագետներ ուղարկել Հայաստան, որ զբաղվեն մեր երեխաների գործով»,- ասաց Ս. Քլոյանը: Նրա փոխանցմամբ, համազեկուցողները հասկացել ու կարեկցել են զոհերի հարազատներին ու հավաստիացրել, որ իրենք նույն պահանջները կառաջադրեն նաեւ ՀՀ իշխանություններին եւ զոհերի մասով առկա իրավիճակը, ինչի մասին իրենք բավարար չափով տեղեկացված չեն եղել մինչեւ երեկվա՝ զոհերի հարազատների հետ հանդիպումը, կներկայացնեն նաեւ ԵԽԽՎ-ում:
Ինչպես վերն ասացինք, երեկ համազեկուցողները հանդիպել են նաեւ քաղբանտարկյալների կանանց եւ «Յոթի» գործով անցնողների պաշտպանների հետ: Ի դեպ, պաշտպանների հետ հանդիպմանը չի մասնակցել միայն փաստաբան Հովիկ Արսենյանը, ինչպես ինքն ասաց՝ փորձել է խնայել նյարդերը: