Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՄԱՍԱՄԲ ԿՎԵՐԱԲԵՐԻ «ՄԱՐՏԻ 1»-ԻՆ

Հունիս 18,2009 00:00

\"\"ՀՀ նախագահի ներկայացրած առաջարկությունները՝ համաներում անցկացնելու վերաբերյալ, երեկ փակ նիստում քննարկվել է ԱԺ հանձնաժողովում եւ հավանության արժանացել:

Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում քննարկվեց ՀՀ նախագահի ներկայացրած «Համաներում հայտարարելու մասին» առաջարկությունը: Կետերը, որոնք փաստում են, թե կոնկրետ ում վրա է ազդելու համաներումը, մանրամասն են նշված, եւ այդ շարքում հատուկ առանձնացված է «Մարտի 1»-ը: Այսպես, նախագծում նշված է, որ համաներումը կկիրառվի «2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց վրա»:

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ներկայացնելով նախագահի առաջարկը՝ ասել է, որ այն կազդի շուրջ 2 հազար մարդու վրա եւ փաստացի ազատ կարձակվի մոտ 500 մարդ: ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը «Առավոտին» հայտնեց, որ ինքն անուն առ անուն փորձել է պարզել՝ մարտի 1-ի դեպքերի հետ կապված անձանցից ո՞ւմ վրա կազդի համաներումը: Նախարարի պատասխաններից հստակ է եղել, որ համաներումը կազդի Սմբատ Այվազյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի եւ էլի շատերի վրա, սակայն Սասուն Միքայելյանի վրա չի տարածվի, քանի որ հոդվածներից մեկով (ապօրինի զենքի) համաներումը բացառվում է: Վիկտոր Դալլաքյանի գնահատմամբ, այս համաներումը «1998, 2001 եւ 2006 թվականների համաներման համեմատությամբ ավելի մեծ համաներում է եւ աննախադեպ: Ես պետաիրավականի նիստում առաջարկեցի, որպեսզի հանձնաժողովի եւ նախարարության կողմից ստեղծվի աշխատանքային խումբ, որը վերահսկողություն կիրականացնի համաներման իրականացման գործընթացի նկատմամբ: Ի դեպ, համաներման իրականացումը պետք է ավարտվի մինչեւ սեպտեմբերի 30-ը»:

Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը լրագրողներին ասել է, որ համաներման կիրառումը ոչ միայն ժամկետով է որոշվում, այլ նաեւ հասարակության կողմից արարքի ծանրության գնահատականով: Դավիթ Հարությունյանը որպես օրինակ նշել է, որ թեպետ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար պատժաչափը մեծ չէ, այնուամենայնիվ, այդ հանցագործության դեպքում համաներում չի կիրառվում: Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների համար համաներումը կիրառելի չէ, այդ հոդվածների ցանկը բավականին մեծ է:

Պարոն Հարությունյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, նշեց, որ հետախուզման մեջ գտնվողները (նրանց թվում են Խաչատուր Սուքիասյանը եւ Նիկոլ Փաշինյանը), որպեսզի համաներումը նրանց եւս առնչվի, նախ եւ առաջ պետք է վերադառնան, նրանց նկատմամբ պետք է կայացվի դատավճիռ, այնուհետեւ արդեն պարզ կդառնա, թե ինչ չափով համաներումը կարող է տարածվել կամ չտարածվել նրանց վրա:

Ըստ report.am-ի hարցին, թե նախագահի հրամանագրի նախագծում ներառվելո՞ւ են արդյոք պատգամավորների առաջարկները, Հարությունյանը պատասխանեց, որ նման ընթացակարգ գոյություն չունի, եւ նախագահը կարող է լսել պատգամավորների առաջարկները, սակայն միայն ինքը կարող է որոշել՝ դրանք կներառվե՞ն, թե՞ ոչ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել