Հայելին մուտք է դեպի այլ աշխարհ
«Սեփական անձի մասին ինֆորմացիան եւ գնահատումը տալիս է հայելին,- ասում է ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի աշխատակից, անձի հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբան Լիլիա Գարգրցյանն ու շարունակում:- Չնայած հայելին միակը չէ, որ ինֆորմացիա է տալիս սեփական անձի մասին, հայելին զուտ արտաքինի արտացոլանքն է: Հոգեբանության մեջ ընդունված է նաեւ հայելի անվանել երկրորդ՝ կողքի մարդուն: Կա մի տարիք, երբ մարդ սկսում է ճանաչել եւ գնահատել ինքն իրեն, այդ ժամանակ նրա մոտ իրեն կողքից տեսնելու ռեֆլեքս է առաջանում: Սովորաբար դու քո անձի վերաբերյալ թե գնահատականները, թե քո մասին ինֆորմացիան, գիտելիքները ստանում ես առաջին հերթին դիմացինից: Իսկ ինքնաճանաչումը սկսվում է վաղ մանկությունից: Օրինակ, երեխայի համար հայելին սեփական ծնողներն ու շրջապատի մարդիկ են»:
Հարցին` մարդուն իր անձի մասին ամենաճիշտ ինֆորմացիա կարող է տալ հայելի՞ն, թե՞ շրջապատող մարդիկ, հոգեբանը պատասխանեց. «Դժվար է հստակ ասել, որովհետեւ, եթե խոսքը զուտ արտաքին ինֆորմացիայի մասին է, ապա եւ հայելին, եւ շրջապատող մարդիկ կարող են ստույգ ինֆորմացիա տալ: Բայց հայելին ոչ միայն արտաքինի մասին է ինֆորմացիա տալիս, այլ նաեւ ինչ-որ ուրիշ տեղեկություններ է հաղորդում ներքինի մասին: Մարդն իր միմիկայով՝ դեմքի արտահայտություններով կարող է հայելու մեջ տեսնել այն, ինչ այդ պահին իր ներսում կատարվում է: Շատ հաճախ, երբ զգում ես, որ ինչ-որ բան այն չէ, գնում ես հայելու մոտ՝ որպեսզի քեզ համար պարզես, թե ինչը այն չէ… Նույնն էլ մեր մասին մարդկանց կողմից մեզ փոխանցվող ինֆորմացիան է. նրանք կարող են լինել թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ: Օբյեկտիվ գնահատականը մենք կարող ենք սուբյեկտիվ ու մի փոքր էլ աղճատված ընկալել: Նույնկերպ կարող է ընկալվել նաեւ հայելու արտացոլանքը, եւ դա ավելի ակնառու է դառնում որոշ հոգեկան խանգարումների դեպքում: Օրինակ, կարող ենք սեփական մարմնի ինչ-որ մի մասը շատ փոքր կամ շատ թեք ընկալել եւ մենք, կախված մեր տրամադրությունից, կարող ենք նաեւ մեր արտաքին տեսքը տարբեր ընկալել»:
«Կա որոշակի տարիք, մինչեւ այդ տարիքը երեխան ինքն իրեն չի ճանաչում: Դա մոտ մեկուկես տարեկանն է, երբ երեխան չի գիտակցում, որ հայելու մեջ արտացոլվող պատկերն ինքն է: Նա տեսնում է, որ այնտեղ ինչ-որ մեկը կա, կարող է հակազդում անել իր արած շարժումներին, բայց նա չգիտի, որ դա հենց ինքն է: Զարմանալի չէ, որ փոքր տարիքում երեխային հայելու մեջ ցույց չեն տալիս: Բայց դա մարդիկ սովորաբար կապում են միստիկական երեւույթների հետ եւ հայելուն վերագրում ինչ-որ գերբնական կարողություններ: Ընդհանրապես, համարվում է, որ հայելին մուտք է դեպի այլ աշխարհ: Այդ պատճառով էլ, երբ երեխան 40 օրականից փոքր է լինում, երեխային արգելում են հայելու առջեւ երեւալ: Համարվում է, որ մինչեւ 40 օրական երեխայի հոգին դեռ լիարժեք այստեղ չէ եւ կարող է անցնել ինչ-որ ուրիշ աշխարհ: Սրանք ապացուցված փաստեր չեն, այլ զուտ նախապաշարմունքներ»,-սնոտիապաշտական երեւույթը մեկնաբանեց հոգեբանը:
Հայելու մեջ պարբերաբար նայելու սովորության մասին էլ ասաց. «Ընդունված է համարել, որ միայն աղջիկներն են այդ սովորությամբ «տառապում», բայց կարող եմ փաստել, որ տղաներ կան, որոնք աղջիկներից երկար են կանգնում հայելու առջեւ: Միգուցե տղաները պարբերաբար հայելին բոլորի ներկայությամբ չհանեն իրենց նայեն, բայց տանը նրանք ավելի երկար են կանգնում հայելու առաջ, քան իրենց տարիքի որեւէ աղջիկ: Սա նախ տարիքային առանձնահատկություն է: Դեռահասության տարիքում, երբ ռեֆլեքս է առաջանում, երբ մարդ սկսում է իրեն կողքից տեսնել, նրան չափից շատ է հետաքրքրում իր արտաքինը: Այդ տարիքում մարդն ապրում է իդեալներով եւ ինչ-որ մեկին նմանվելու հակում է ունենում: Եվ այդ էտալոններից թեթեւակի շեղումները նրա համար շատ ցավալի է լինում: Այդ պատճառով էլ երիտասարդները անընդհատ, անգամ առանց ընդմիջումների կարող են իրենց հայելու մեջ նայել: Հայելու մեջ անընդհատ նայելու սովորությունը կապված է նաեւ տարիքային հասունության հետ. այդ տարիքում արտաքին փոփոխություններ են տեղի ունենում՝ մարմնական, մաշկի հետ կապված եւ այլն: Սրանք նույնպես մեծ ազդեցություն ունեն եւ հետաքրքրությունը սեփական անձի նկատմամբ՝ ավելի է մեծանում: Մարդն ամբողջ կյանքում ցանկություն է ունենում ճանաչելու սեփական անձը, չէ՞ որ ֆիզիկական «ես»-ը նույնպես «ես» է: Եվ մարդն առաջին հերթին, սկսած վաղ մանկությունից, իրեն ճանաչում է իր իսկ մարմնի միջոցով: Ինքնաճանաչման ձգտումը ձգվում է ողջ կյանքի ընթացքում, եւ մարդիկ անընդհատ կարիք են ունենում կողմնակի գնահատականների: Սա խոսում է անհատի դեռեւս ինքնահաստատված չլինելու մասին: Մարդն օր օրի փոխվում է եւ դեմքի փոփոխությունները կարող են բերել նրան, որ մարդն իր անձի նկատմամբ վերաբերմունքը փոխի՝ բարձրանա կամ իջնի: Դեռահասության տարիքում, երբ աղջկա դեմքին մի փոքր թերություն առաջանա՝ աղջկա ինքնագնահատականը միանգամից կիջնի: Բայց դա վտանգավոր չէ, անցողիկ է, որովհետեւ թերությունը կարող է վերանալ, ինքնագնահատականը՝ բարձրանալ»:
Ըստ հոգեբանի, բնական է նաեւ այն, որ մարդը հայելու մեջ նայելիս չի հավանում ինքն իրեն, բայց. «Սա հստակ պատճառների հետ է կապված: Նման զգացումները հաճախակի բնույթ են կրում: Օրինակ, բոլորի հետ էլ պատահած կլինի, երբ կողքից ասում են, որ այդ օրը գեղեցիկ տեսք ունի, բայց երբ նայում է հայելու մեջ՝ հակառակ պատկերն է տեսնում: Սա ոչ թե արտաքին պատճառ է, այլ զուտ ներքին: Փաստում եմ՝ հայելին արտացոլում է ոչ միայն մարդու արտաքինը, այլեւ ներքինը: Սա զուտ տրամադրության հարց է: Մարդը հայելու մեջ տեսնում է իր տրամադրությունը, ինչն էլ ազդում է տվյալ անձի՝ ինքն իր արտաքին տեսքը հավանել կամ չհավանելու վրա»:
Հարցին՝ օբյեկտի՞վ է հայելին, թե՞ ոչ, հոգեբանն ասաց. «Այս հարցին շատ դժվար է պատասխանել, քանի որ լինում են դեպքեր, երբ մենք հայելու մեջ տեսնում ենք այն, ինչ ուզում ենք տեսնել, երբեմն էլ այն, ինչ չենք ուզում: Մեր ընկալումները, հատկապես ինքներս մեր հանդեպ, շատ սուբյեկտիվ են: Մենք կարող ենք հայելու մեջ մեր արտացոլանքը մի փոքր այլ տեսնել, քան իրականում է»:
Հոգեբանից հետաքրքրվեցինք նաեւ, կա մի տարիք, երբ մարդն այլեւս հայելուն չի նայում. «Երբ մարդ սկսում է ծերանալ, նա ակամայից խուսափում է հայելու մեջ նայել, քանի որ վախենում է, որ այնտեղ կբացահայտի եւս մեկ կնճիռ, եւս մեկ սպիտակ մազ: Այո, կարող է լինել այնպես, երբ մարդը ընդհանրապես հայելու մեջ չի նայում: Դա էլ է գալիս դեռահասության տարիքից, երբ չափից շատ է ինքնաքննադատումը ու սեփական անձի գնահատականը ցածր է»: