Լրահոս
Օրվա լրահոսը

Լուրջ, հիմնավորված, գործնական եւ ուսանելի

Հունիս 17,2009 00:00

\"\"Գրեթե հինգ տարուց ավելի է, ինչ ԱՊՀ, բալթյան եւ նախկին սոցիալիստական ճամբարի երկրների մի քանի ազգային օլիմպիական

կոմիտեներ միավորվել են մեկ հատուկ ասոցիացիայի մեջ, որի շրջանակներում բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվում:

Ասոցիացիայի անդամ ԱՕԿ-ների ղեկավարները տարին մեկ անգամ հավաքվում են երկրներից մեկում եւ գալիք միջազգային խոշորագույն մարզական միջոցառումներին համատեղ նախապատրաստվելու ծրագրեր են մշակում: Անցած տարի նրանք հավաքվել էին Ծաղկաձորում, որի արդյունքում փոխադարձ շահավետ բազմաթիվ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Դրանից հետո ՀԱՕԿ-ի հեղինակությունն ավելի բարձրացավ, քանի որ բոլորն էլ համոզվեցին, որ եթե գործը վերաբերում է սպորտին, մասնավորապես՝ հայկական սպորտի շահերին, մեր կառավարությունը, օլիմպիական կոմիտեի նախագահը պատրաստ են անել ամեն բան, որպեսզի հանրապետությունը որեւէ խնդիր չունենա:

Վերջերս ասոցիացիայի անդամ երկրներին հյուրընկալեց Վիլնյուսը: Մեր հանրապետությունից հավաքին մասնակցում էր Հայաստանի ԱՕԿ-ի 1-ին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը: Նա «Առավոտի» խնդրանքով պատմեց հավաքի ընթացքի եւ արդյունքների մասին:

«Ինչպես միշտ, այս անգամ էլ օրակարգը խիստ հագեցած էր եւ գործնական: Քննարկված բոլոր հարցերն էլ առաջնային էին ու կարեւոր: Ժամանակային առումով, թերեւս, առանձնակի նշանակություն էր տրվում 2010 թվականի Սինգապուրի 1-ին պատանեկան օլիմպիական խաղերին, Վանկուվերի՝ ձմեռային եւ Լոնդոնի՝ ամառային օլիմպիական խաղերին միասնաբար նախապատրաստվելուն: Դա իր մեջ ներառում է աշխատանքների համատեղումը, փոխադարձ կապերի խորացումը՝ սկսած սպորտի գիտամեթոդական աշխատանքների կազմակերպումից, մարզիչ-մանկավարժների վերապատրաստումից, մինչեւ ազգային ու տարբեր հավաքականների մակարդակներով նախկին ԽՍՀՄ ու բալթյան երկրների տարածքներում գտնվող մարզաբազաները համատեղ օգտագործելը, մարզական բժշկության ոլորտում համագործակցելը:

Օրակարգային կարեւոր հարցերից էին ՌԴ Կազան քաղաքում կայանալիք Համաշխարհային հերթական ուսանողական մարզական խաղերը եւ 2014 թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը, դրանց կապակցությամբ մարզական բիզնեսի ոլորտը, թե տարբեր ԱՕԿ-ներն ի՞նչ ներդրումներ կարող են կատարել ընդհանուր աշխատանքին աջակցելու համար: Եղան ելույթներ, կազմակերպվեցին քննարկումներ: Յուրաքանչյուր ազգային օլիմպիական կոմիտե ներկայացրեց իր աշխատանքների լավագույն փորձը, որը համարում էր ընդհանրացման արժանի: Քննարկումներին ներկա էին Վանկուվերի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչը, որը ներկայացրեց Խաղերի նախապատրաստման եւ անցկացման հետ կապված բոլոր մանրամասները, թե ի՞նչը, ե՞րբ եւ ինչպե՞ս է լինելու (պատվիրակությունների դիմավորում, բնակեցում, մարզումներ եւ այլն), ինչպես նաեւ ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի ներկայացուցիչը: Հատկապես ուզում եմ ընդգծել, որ ՄՕԿ-ը ըստ ամենայնի ողջունում ու աջակցում է ասոցիացիայի գործունեությանը թե ֆինանսական եւ թե մասնագետներ տրամադրելու առումով:

Իմ ելույթում ես ներկայացրի վերջին տարիներին ՀԱՕԿ-ի՝ թե մարզական արդյունքների բարձրացման, թե ոլորտի նյութատեխնիկական բազան զարգացնելու ուղղությամբ կատարած աշխատանքները, եղածն ավելի ամրապնդելու առաջիկա ծրագրերը: Ասոցիացիայի անդամ բոլոր ԱՕԿ-ները քաջատեղյակ են Հայաստանի ունեցած հնարավորություններին, հատկապես՝ Ծաղկաձորին եւ վերջին տարիներին մեկ անգամ չէ, որ ձմեռային եւ ամառային մարզաձեւերի իրենց ազգային հավաքականներով ուսումնամարզական հավաքներ են անցկացրել այնտեղ: Ես մեր գործընկերներին տեղեկացրի նաեւ Ծաղկաձորում շահագործված նոր ճոպանուղիների, դահուկուղիների, մարզադահլիճների եւ հյուրանոցների, նոր բավարար պայմաններ ստեղծելու ծրագրերի մասին: Դա լրացուցիչ հետաքրքրություն առաջացրեց: Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի տարբեր երկրների ամառային եւ ձմեռային մարզական պատվիրակությունների հոսքը Հայաստան՝ երբեք չընդհատվի:

Ինչ վերաբերում է զուտ մարզական համագործակցությանը, բոլորն էլ ճանաչում են մեր մասնագետներին, առաջատար մարզիկներին եւ փորձի փոխանակման, համատեղ ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու մեծ ցանկություն ունեն: Մասնավորապես, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, բալթյան երկրները առաջարկում են փոխադարձ այցելություններ՝ եւ մարզիչների ու մասնագետների, եւ հավաքականների համատեղ ուսումնամարզական հավաքներ՝ մեր եւ իրենց մոտ:

Բայց մենք էլ մեր հերթին շատ բաներով դեռ զիջում ենք մյուս երկրներին եւ նրանցից սովորելու, նրանց ունեցած հնարավորություններից օգտվելու խիստ կարիք ունենք: Օրինակ, սպորտային բժշկության բավականին լավ հնարավորություններ ունեն Ռուսաստանը, մասնագետների պատրաստման հնարավորություններ՝ Էստոնիան, որից պետք է անպայման օգտվել:

Հավաքի կարեւորագույն ձեռքբերումներից համարում եմ այն, որ որոշվեց համատեղ աշխատանքներ տանել, որպեսզի ասոցիացիայի անդամ երկրների ներկայացուցիչներն ընդգրկվեն միջազգային մարզական կազմակերպությունների, ֆեդերացիաների ղեկավար կազմերում, հանձնաժողովներում եւ միմյանց աջակցեն, որպեզի դրանցում ընդունվելիք որոշումները բխեն մեր ընդհանուր շահերից, ինչպես վաղուց անում են ասիական, աֆրիկյան եւ այլ մայրցամաքների մարզական ղեկավարները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել