Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկը նոկաուտ է խոստանում

Հունիս 17,2009 00:00

Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը գտնվում է Ամերիկայում եւ նախապատրաստվում է իր համար արդեն երրորդ՝ թեթեւագույն քաշային կարգում չեմպիոնական գոտի նվաճելուն: Նա ձեռնոց է նետել IBF-ի վարկածով գործող չեմպիոն, գանացի Ջոզեֆ Ագբեկոյին: Նրանց միջեւ մենամարտը կայանալու է հուլիսի 11-ին՝ Ֆլորիդայի նահանգի Սանրայզ քաղաքում: Մարտի պրոումոթերներն են հանրահայտ Դոն Քինգը եւ Գերի Շոուն: Ապագա այդ մարտի մասին Շոուն լրատվամիջոցներին հայտարարել է. «Վիկ մրրիկը թափ է հավաքում եւ երբ նա հուլիսի 11-ին կհարձակվի Ֆլորիդայի վրա, դա ամենաբարձր կարգի մրրիկ կլինի: Ջոզեֆ Ագբեկոն կխեղդվի արեւադարձային փոթորիկի ճնշման տակ, եւ Վիկը կվերացնի նրան»:

Վախթանգը Սիդնեյից Լաս-Վեգաս է ժամանել հունիսի 4-ին եւ գրեթե մեկ ամիս մարզվելու է «Tacco’s Boxing Gym» մարզասրահում: «Ես նոր եմ սկսել հարմարվել տեղի եղանակին: Այստեղ չափից ավելի շոգ է: Ես ժամանել եմ զով Սիդնեյից: Բայց արդեն գրեթե հարմարվել եմ: Մոտ մեկ շաբաթ հետո ես գերազանց մարզավիճակում եւ մարտին պատրաստ կլինեմ: Նախապատրաստությունս գերազանց է ընթանում: Մարզումային մարտեր սկսել եմ անցկացնել հունիսի 10-ից: Սիդնեյում հատուկ ուշադրություն էի դարձնում ուժային վարժություններին, ծանրություններ բարձրացնելուն, իսկ հիմա՝ մարզումային մարտերին եւ դիմացկունության բարձրացմանը»,- Վախթանգին մեջբերում են լրատվամիջոցները:

Վիկի թիմը գերադասել է այս անգամ հյուրանոցից հրաժարվել եւ մասնավոր տուն է վարձել, որպեսզի բնակության եւ մարզումային պայմանները առավելագույնս համապատասխանեն Սիդնեյում նրա տանը եղածին: «Ամեն բան գերազանց է ընթանում, պլանի համաձայն: Մեկ ամիս հետո ես պատրաստ կլինեմ 110 տոկոսով: Այդ տղան (նկատի ունի Ագբեկոյին) չափից շատ է խոսում: Նա ասել է, իբր ինքն ինձ համար չափազանց մեծ է, իսկ ես՝ փոքր: Եվ հայտարարել, թե ինձ՝ ետ, իմ նախկին քաշային կարգ կուղարկի: Բայց երբ ես ծեծեմ նրան, իր պատիժը կստանա արած արտահայտությունների համար: Նա մեծ տարբերություն կտեսնի իմ եւ նախորդների միջեւ, ում հետ մենամարտել է: Ես նրան նոկաուտի կենթարկեմ: Առաջին իսկ ռաունդից հանգիստ չեմ տա: Սկզբում կպատժեմ, հետո նոկաուտ կանեմ: Ես բռնցքամարտի սիրահարներին հետաքրքիր, դիտարժան մարտ եւ իսկապես գեղեցիկ նոկաուտ կհրամցնեմ»,- եզրափակել է աշխարհի բացարձակ չեմպիոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել