Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար, հանրապետության բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» այս մրցաշրջանում միավորի երկրորդ կորուստն ունեցավ: Վարդան Մինասյանի թիմը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0, խաղաց Կապանի «Գանձասարի» հետ:
Այդ առիթից օգտվեց Աշտարակի «Միկան», որը մրցակցի դաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Ուլիսին» եւ վաստակած միավորներով ընդհուպ մոտեցավ «Փյունիկին»՝ լրացուցիչ լարվածություն հաղորդելով առաջնությանը:
Երեւանի «Կիլիկիան» հարազատ հարկի տակ միավորը բաժանեց Գյումրիի «Շիրակի» հետ: Ցավոք, կրկին պարտություն կրեց Հայաստանի ամենաճանաչված ակումբը՝ «Արարատը»: Այս անգամ թիմը 0:2 հաշվով տանուլ տվեց «Բանանցին» ու ընթացիկ առաջնությունում շարունակում է ընթանալ առանց միավորի:
12 տուրից հետո մրցաշարային աղյուսակում թիմերը դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ:
1.Փյունիկ 11 9 2 0 27-6 29
2.Միկա 11 8 2 1 22-9 26
3.Բանանց 11 8 0 3 20-11 24
4.Ուլիս 12 6 2 4 16-10 20
5.Շիրակ 12 3 3 6 12-24 12
6.Գանձասար 12 3 2 7 7-19 11
7.Կիլիկիա 12 3 1 8 11-19 10
8.Արարատ 11 0 0 11 3-20 0
Այսօր կայանալու են 11-րդ տուրից հետաձգված «Փյունիկ»-«Արարատ» եւ «Գանձասար»-«Միկա» հանդիպումները: Իսկ հունիսի 20-21-ին կայանալիք 13-րդ տուրում կհանդիպեն «Շիրակը» եւ «Փյունիկը», «Բանանցը» եւ «Ուլիսը», «Միկան» եւ «Կիլիկիան», «Գանձասարը» եւ «Արարատը»: