Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՊԱՀՈՎԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»

Հունիս 17,2009 00:00

ՀՀ մշակույթի նախարարության հերթական գլուխգործոցը՝ մշակույթի ոլորտի 2008-2012 թթ. միջոցառումների ցանկը նախընտրական բուկլետ է հիշեցնում:

Վերջերս ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2008 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախագծի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, թե մշակութային արժեքների պահպանումը ՀՀ մշակույթի նախարարության գործունեության գերակայություններից է: Տարօրինակ կթվար, եթե հակառակը հայտարարվեր, մանավանդ կան գերակայություններ, որոնց մասին պետք չէ բարձրաձայնել, դրանք «չգրված օրենքի» սահմաններում են: Ընդհանրապես, ՀՀ մշակույթի նախարարության գործունեությունն ասոցացվում է ճոխ ձեւակերպումների, բառաշքերթի, հորինված եզրույթների հետ: Ասվածը հաստատում է նաեւ նախարարության mincult.am կայքում զետեղված ՀՀ կառավարության ծրագրի կատարումն ապահովող մշակույթի ոլորտի 2008-2012 թթ. միջոցառումների ցանկը: Ընդ որում, ցանկը գրված է մեծատառով: Այդ ցանկում նշված են ծրագրային դրույթները, քաղաքականության ուղղությունը, միջոցառումը, ակնկալվող արդյունքը: Օրինակ, նախարարությունն այդ տարիների համար ակնկալում է. «Երիտասարդ ստեղծագործական ներուժը ներգրավված է արվեստի տարբեր ոլորտներում: Ստեղծված է մրցունակ մշակութային արտադրանք: Խաղացանկերը եւ համերգացանկերը համալրված են հայ ժամանակակից ստեղծագործություններով: Ձեւավորվել եւ իրականացվում են համահայկական ծրագրեր: Արձանագրված է ունկնդրի եւ հանդիսատեսի թվաքանակի աճ»:

Բարի ցանկությունների իրականացման մեխանիզմները կամ նշված չեն, կամ մշուշոտ են ու երազկոտ:

Բացի այդ, ըստ mincult.am-ի, մշակույթի ոլորտում ներդրվելու են տեղեկատվական-հաղորդակցական նոր տեխնոլոգիաներ, գործելու է միացյալ ավտոմատացված ցանց, քաղաքացիների համար էլ տեղեկատվական ռեսուրսների մատչելիությունը եւ մշակութային ժառանգության հասանելիությունն ապահովված է լինելու: Նախարարությունը, ըստ ցանկի, որոշել է կադրեր վերապատրաստել ու արձանագրել մշակութային ծառայությունների մատուցման որակի աճ, բնականաբար՝ դարձյալ առանց նպատակին հասնելու միջոցները կոնկրետացնելու: Ցանկի մեկ այլ կետով էլ խոստացվում է՝ «Կրթություն երեխաների հատուկ խմբերի համար ու խոցելի խավերին պատկանող երեխաների ներգրավվում ստեղծագործական կրթական ծրագրերում»: Թե նախարարության կարծիքով որո՞նք են հատուկ եւ խոցելի խմբերը, չի սահմանվում:

Ինքնատիպ մի ձեւակերպում էլ կա՝ «Երկկողմանի եւ բազմակողմանի կապերի զարգացում», որից ակնկալվում է հետեւյալը. «Ապահովված է Հայաստանի հասարակության հաղորդակցման իրավունքը աշխարհի ժողովուրդների մշակույթին (25 ծրագրային միջոցառում): Ընդլայնված են մշակութային կապերի աշխարհագրությունը եւ շրջանակը»: Համագործակցության ծրագրի իրականացման պարագայում էլ նախարարությունն ակնկալում է. «Ապահովված է հայ մշակույթի քարոզչության արդյունավետության եւ ազգային ինքնության պահպանման ապահովում»: Նաեւ, ըստ բարի խոստումների՝ համագործակցություն է լինելու Հայաստանի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների հետ ու նախարարության գործողությունների արդյունքում կատարվելու է՝ «Ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանում ու զարգացում, ներգրավում Հայաստանի մշակութային դաշտ»: Իրականացվելու է նաեւ «Ճանաչողության նպատակով հուշարձանների վերաբերյալ տեղեկույթի հանրահռչակում եւ դրա մատչելիության ապահովում», «Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակում», «Պետական խորհրդանիշների հանրահռչակում», «Թանգարանների այցելուների թվաքանակի աճ 10%-ով» եւ այլն: Մի խոսքով՝ ինչպես բարի ցանկությունների ժողովածու կամ նախընտրական բուկլետ, որը սովորաբար ձեւական բնույթ է կրում: Մանավանդ նշված միջոցառումների ու ծրագրերի մի մասը «սառեցվել» կամ կրճատվել է գլոբալ ֆինանսական ճգնաժամի պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել