«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ հունիսի 14-ի երեկոյան Երուսաղեմի հայոց պատրիարքարանի օգնությամբ հայրենիք տեղափոխվեց անցած երեքշաբթի օրը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հանկարծամահ եղած միաբան, 35-ամյա Արմեն Խաչատրյանի դին: Դատաբժշկական հետաքննությունը հաստատեց «Շտապ օգնության» բժիշկների նախնական վարկածը՝ սրտի տագնապ, այնուհետեւ՝ կաթված:
Թել Ավիվի Աբու Բեքիր բժշկական կենտրոնից շաբաթ օրը հանգուցյալի դին բերվել էր Երուսաղեմ, ու Սրբոց Հակոբյանց մայրավանքում ողջ իսրայելահայ համայնքը հրաժեշտ տվեց նրան: Այստեղ էին նաեւ պատվիրակներ Ֆրանցիսկան եկեղեցուց, ներկայացուցիչներ Հույն եւ Կաթոլիկ պատրիարքարաններից ու տասնյակ մարդիկ, որոնք ճանաչում էին Արմենին:
Պատրիարքարանը հրեական մի կազմակերպության միջոցով շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ կազմակերպել այդ ոչ դյուրին՝ հանգուցյալի մարմինը հայրենիք ուղարկելու գործը: Զգալի օգնություն ցուցաբերեց նաեւ Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը:
Արմեն Խաչատրյանի դին երեքշաբթի օրը իր ծննդավայրում՝ Վարդենիսում, Գեղարքունիքի թեմի առաջնորդի ղեկավարությամբ հանձնվեց հողին: