Հունիսի 16-ին Գազայի հատվածում կանխվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի դեմ մահափորձը: Ինչպես իսրայելական «Հաարեց» թերթի լրագրողներին հաղորդել է անհայտ մնալու ցանկություն հայտնած մի պաղեստինցի, Գազայի սեկտորը վերահսկող «Համաս» շարժման անվտանգության ուժերը այն ճանապարհի վրա, որով պետք է ընթանար ԱՄՆ էքսնախագահի մեքենան, հայտնաբերել են երկու արկ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ պայթուցիկները տեղադրել էին «Համասից» հեռացած եւ ներկայումս «Ալ-Ղայիդա» ահաբեկչական շարժմանը հարող «Ջալջալաթ» խմբի գրոհայինները: «Համասի» կառավարության ներքին գործերի նախարար Իհաբ Ալ Ռասինը հերքել է Քարտերի դեմ կազմակերպված մահափորձի վարկածը, ասելով, որ սակրավորների հայտնաբերածը այդ ճանապարհի վրա եղել է սովորական առօրյա աշխատանքի արդյունք:
Ջիմի Քարտերը Գազայի հատված էր եկել «Համասի» առաջնորդների հետ հանդիպելու եւ բանակցելու նպատակով: Նա նաեւ պաղեստինցիների մոտ գերեվարության մեջ գտնվող իսրայելցի կապրալ Հիլադ Շալիտին նամակ էր փոխանցել վերջինիս ծնողներից. մինչեւ Գազայի հատված գալը՝ Քարտերը եղել էր Իսրայելում, ինչպես նաեւ՝ Սիրիայում:
Հիշեցնենք, որ նախագահական լիազորությունների ավարտից հետո Ջիմի Քարտերը նվիրվել է խաղաղասիրական գործունեությանը, մասնավորաբար՝ Մերձավոր Արեւելքում խաղաղ բանակցությունների գործընթացին, ինչի մասին նա նույնիսկ գիրք է գրել: