Պեկինի իշխանությունները պատրաստվում են փոխել Չինաստանի մայրաքաղաքում մահվան դատապարտվածների մահապատժի ձեւը: Մինչեւ այս տարվա վերջ բոլոր գնդակահարությունները փոխարինվելու են ավելի մարդասիրական համարվող մահացու ներարկումներով: Պեկինից 20 կմ հեռավորության վրա արդեն կառուցվել է հատուկ կենտրոն, որտեղ հանցագործներին մահապատժի են ենթարկեու նոր ձեւով: Բացի այդ, մոտ ժամանակներս սկսվելու են դասընթացներ՝ ոստիկանների եւ բժիշկների համար, որպեսզի վերջիններս նախապատրաստեն դատապարտյալներին մահվան եւ կարողանան ներարկումներ անել:
1997 թվականին Չինաստանում օրենք է ընդունվել, որը թույլ է տալիս գնդակահարության փոխարեն կիրառել մահապատժի այլ ձեւեր: Տեղացի մասնագետները նշում են, որ մահացու ներարկումները ոչ միայն ավելի մարդասիրական են, այլ նաեւ մահապատիժ իրականացնելու ավելի անվտանգ, հարմար եւ էժան ձեւ են: Այս ընթացքում Չինաստանի մի շարք քաղաքներում արդեն իսկ սկսել են իրականացնել մահացու ներարկումները, սակայն Պեկինում մահվան դատապարտվածներին շարունակում են գնդակահարել: Այսօրվա դրությամբ Չինաստանը մահապատիժ իրականացնող երկրների շարքում առաջատար է: Իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ 2009 թվականի ընթացքում Չինաստանի իշխանությունները պատրաստվում են իրականացնել մոտ 5000 մահապատիժ: