Լրահոս
Օրվա լրահոսը

Հետընտրական զոհեր Իրանում

Հունիս 17,2009 00:00

\"\"Անցած գիշեր Իրանում սպանվել է 7 հոգի, այն բանից հետո, երբ նրանք փորձել են հարձակվել Ազադի հրապարակի կողքին գտնվող զինվորական ուղեկալի վրա: Այդ պահին հրապարակում հանրահավաք էր անցկացվում, որի մասնակիցները բողոքում էին անցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Եվս մի քանի հոգի վիրավորվել է: AFP գործակալությունը կապվել է նախաքննության մարմնի հետ, որը չի հաստատել միջադեպի եւ հանրահավաքի միջեւ կապը: Գործակալությունը հայտնում է սակայն, որ իրականում Թեհրանում մահացել է 8 հոգի: Այնինչ ընդդիմության տվյալներով՝ սպանվել է հանրահավաքի 24 մասնակից: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց Մահմուդ Ահմադինեջադի վերընտրվելու մասին, ընդդիմության թեկնածու Միր-Հոսեյն Մուսավիի հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել փողոց՝ հայտարարելով, որ ընտրությունների արդյունքները կեղծված են:

Հունիսի 15-ից Թեհրանի հրապարակներում անց են կացվում բազմահազարանոց ցույցեր, որոնց ընթացքում հավաքվածների առաջ ելույթ է ունեցել Մուսավին: Ահմադինեջադը հայտարարել է, որ ընդդիմադիրների դժգոհություններն անհիմն են, եւ անկարգությունների մասնակիցներին համեմատել է ֆուտբոլային ֆանատների հետ, որոնք կռիվներ են սարքում սիրելի թիմի պարտությունից հետո: Երեկ Ահմադինեջադը գտնվում էր Եկատերինբուրգում, որտեղ մասնակցում էր Շանհայի կազմակերպության գագաթաժողովին: Իսկ Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը պատրաստակամություն է հայտնել վերահաշվարկ կատարել ընդդիմության մատնանշած ընտրատարածքներում: Սակայն Մուսավին հայտարարել է, որ ինքը դեմ է այդ տարբերակին եւ պահանջում է նոր ընտրություններ անցկացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել