Ինչպես հաղորդում է կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքէջը՝ հանրապետությունում ձեւավորված 22 քննակենտրոնում այսօր կայացած ֆիզիկա առարկայի միասնական քննությանը մասնակցում էր 4723 շրջանավարտ։ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը քննություններին հետեւում էր Արմավիրի թիվ 1 եւ թիվ 6 դպրոցներում տեղակայված քննական կենտրոններում։ Մինչ քննությունների մեկնարկը, քննակենտրոնների ղեկավարները շրջանավարտներին բացատրեցին քննության ընթացակարգը, ծանոթացրին ձեւաթղթերի լրացման կարգին, ապա ծնողների ներկայությամբ բացվեցին թեստերի ծրարները, եւ քննությունները մեկնարկեցին։
Ինչ վերաբերում է ֆիզիկայի թեստերին, ապա ինչպես ավելի վաղ հաղորդել են թեսթերի մշակողները, բոլոր առաջադրանքները պայմանականորեն կարելի էր բաժանել պարզ, միջին բարդության եւ բարդ առաջադրանքների: Թեսթային առաջադրանքները կազմվել են դպրոցական նյութի հիման վրա, ընդգրկվել են ֆիզիկայի 6 հիմնական բաժինները՝ մեխանիկա, օպտիկա, էլեկտրադինամիկա եւ այլն: 2008 թվականի փորձնական թեսթերի արդյունքների հիման վրա, թեսթային նյութում որոշակի ուղղումներ են մտցվել: Արդյունքում, թեսթերի վերաբերյալ երկրի առաջատար բուհերի մասնագետների կարծիքը դրական է եղել:
ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, պատասխանելով բակում հավաքված ծնողների հարցերին, ներկայացրեց մայրենիի եւ մաթեմատիկայի քննությունների բողոքարկման հանձնաժողովների որոշումները։ Մաթեմատիկայի քննական թեստում 1 միավոր հօգուտ դիմորդի հաշվարկելով՝ անբավարար ստացած շրջանավարտների թիվը էապես նվազում է՝ 27%-ից հասնելով շուրջ 20-ի։ Միջին միավորի շեմը մաթեմատիկայից 10,8 է, առավելագույն՝ 17.5-20 միավոր ստացել է շրջանավարտների 5,18%-ը։ 20 միավոր վաստակել է երկու դիմորդ։ Ծնողներից մեկի հարցին, թե որքանո՞վ է պահպանվել հավասարության սկզբունքը, եթե մեկ լրացուցիչ միավոր տրվել է միայն այն դիմորդներին, որոնք առաջադրանքը չեն լուծել կամ սխալ են լուծել, այն դեպքում, երբ իր երեխան ճիշտ է պատասխանել բոլոր չորս առաջադրանքներին, նախարարը պատասխանեց, թե խիստ ողջունելի է, որ կան նման գիտելիքներ ունեցող երիտասարդներ, բայց տվյալ դեպքում որոշում կայացնելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նշված առաջադրանքները եղել են ծրագրային նյութի շեմին եւ խոչընդոտ են հանդիսացել դիմորդի համար: Ուստի որոշում է կայացվել հօգուտ դիմորդի եւ նրանց թույլատրվել է շարունակել քննական մարաթոնը:
Ծնողներին առավելապես հուզող հարցերից էր նաեւ քննությունների համար սահմանված ժամանակը։ Ի պատասխան նրանց պնդումներին, թե այն այս տարի շատ է կրճատվել, նախարարը պարզաբանեց, որ քննությունների տեւողությունը սահմանվել է՝ հաշվի առնելով ինչպես նախորդ տարիների փորձը, այնպես էլ ուսումնական տարվա ընթացքում իրականացված փորձնական քննությունները։
«Որքանո՞վ կարող ենք վստահ լինել բանավոր քննությունների օբյեկտիվությանը»՝ ծնողների հարցին Ա. Աշոտյանը պատասխանեց. «Ամեն ինչ արվելու է դրանց օբյեկտիվությունն ու թափանցիկությունը եւս ապահովելու համար։ Ինչպես ամեն տարի, բանավոր քննություններին դուք դարձյալ կարող եք հետեւել տեսախցիկների միջոցով։ Իսկ հաջորդ տարի կաշխատենք, որ այդ ձայնագրությունները տեղադրվեն նաեւ ինտերնետում»։