Օտար լեզուների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները մեկնարկեցին մանկավարժների կողմից հնչեցված հիմնախնդիրների տարափով:
«Ավագ դպրոցն ի՞նչ պիտի տա երեխային, եթե կրկին դասավանդելու են դպրոցի նույն ուսուցիչները». ավագ դպրոցների ծրագրի մասին խոսելիս ծնողներն առաջինն արտասանում են այս նախադասությունը: Մտահոգությունը թերեւս տեղին է, ու հենց այդ պատճառով էլ արդեն մեկնարկել են ավագ դպրոցի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: Դրանք իրականացվում են Երեւանի եւ մարզերի մանկավարժական բուհերում: Երեկ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում մեկնարկեցին օտար լեզուների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, որոնք իրականացվում են ԿԳՆ-ի եւ Կրթական ծրագրերի կենտրոնի աջակցությամբ: Մինչեւ հուլիսի 4-ը Երեւանից եւ մարզերից մայրաքաղաք ժամանած 200 ուսուցիչ կվերապատրաստվի հիմնականում երեք ուղղություններով՝ օտար լեզու եւ մեթոդաբանություն, գնահատման մեթոդաբանություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ: Այնուհետեւ ուսուցիչները կստանան հավաստագրեր: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը նշեց. «Լեզուների բնագավառում հնարավոր չէ ունենալ ազգային կամ շրջանային չափանիշներ, ուզած-չուզած՝ միջազգային չափանիշներին պիտի համապատասխանենք: Բոլոր լեզուները պիտի դիտարկվեն որպես միասնականություն: Իսկ մայրենիի ուսուցչի առաքելությունն այն է, որ նա մուտք պատրաստի այլ լեզուների դասավանդման համար: Մեր նպատակը պիտի լինի սովորեցնել ոչ թե լեզու, այլ՝ հաղորդակցվել լեզուներով»:
Այժմ ՀՀ-ում գործում է 10 ավագ դպրոց, սեպտեմբերից դրանց թիվը կդառնա 48, ու այսպես շարունակաբար: Սակայն շատ մասնագետների կողմից դրական եւ արդյունավետ համարվող այս ծրագրի իրականացումը դեռեւս ուղեկցվում է բազում հիմնախնդիրներով, մասնավորապես՝ կադրերի կրճատումով: Այս մասին երեկ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասաց. «Շատերի մոտ ստեղծվել է տպավորություն, որ ավագ դպրոցների ծրագիրը օպտիմալացում է ենթադրում: Դայց դա այդպես չէ: Եթե ավելի անկեղծ լինենք, որոշ ուսուցիչներ իրենք են արդեն հրաժարվում ավագ դպրոցում աշխատելուց»:
Երեկվա քննարկման ժամանակ հանրապետության տարբեր դպրոցների ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի ուսուցիչներ բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրների մասին, որոնք արդեն լուսանցքային խոսակցությունների մակարդակով բազմիցս քննարկվել են: Մի ուսուցչուհու հետաքրքրեց՝ դրույքաչափը փոփոխություն կրելո՞ւ է: Ն. Հովհաննիսյանը պատասխանեց. «Դրույքաչափը փոփոխություն չի կրելու, 22 ժամը նույնն է մնալու: Պարզապես նախատեսվում են հավելավճարներ»: Մեկ այլ ուսուցչուհի հարցրեց՝ ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանում քանի՞ աշակերտ է լինելու, կրկին երեսո՞ւն: Հանրակրթության վարչության պետը պատասխանեց. «20-25 աշակերտ, դուք հնարավորություն կունենաք հոսքային առարկաների դասաժամերին աշակերտներին խմբերի բաժանել»: Այնուհետեւ տիկին Հովհաննիսյանը նշեց. «Հնարավոր է հետագայում որոշ ավագ դպրոցներ փակվեն: Օրինակ՝ այժմ ոչ ոք չի նայում՝ որտեղ է դասախոսը բնակվում, եթե նա լավ դասախոսի համբավ ունի, բոլորը տանում են նրա տուն, հիմա էլ ավագ դպրոցի պարագայում այդպես կվարվեն»: Մի ուսուցիչ էլ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են ընտրվելու այն ուսուցիչները, որոնք դասավանդելու են ավագ դպրոցում: Տիկին Հովհաննիսյանն ասաց. «Առաջին փուլում մտածում էինք, որ անկախ նրանից, դպրոցում ուսուցիչը աշխատում է, թե՝ ոչ, այդ տեղը թափուր ենք համարում, եւ անցկացվում է մրցույթ: Սակայն հետո որոշեցինք, որ եթե տվյալ դպրոցն ունի արդեն իր ուսուցիչը, ապա կդասավանդի նա, հետո միայն թափուր տեղ առաջանալու դեպքում կարող է ընտրել այլ ուսուցիչ»:
Մի ուսուցիչ էլ հետաքրքրվեց՝ եթե տվյալ հոսքում լինեն տարբեր կարողությունների տեր երեխաներ, ուսուցիչն ինչպե՞ս պիտի աշխատի նրանց հետ: Հնչեց Ն. Հովհաննիսյանի պատասխանը. «Այդ խնդիրը կունենանք առաջին տարիներին, հետո դա կլուծվի: Մյուս կողմից էլ ավագ դպրոցի ծրագիրը ուժեղացնելու է նաեւ հիմնական դպրոցը, որպեսզի ավագ դպրոցում չլինեն այդպիսի հակասություններ: Այսօր արդեն գործող 10 ավագ դպրոցների տնօրենները խնդիրը լուծում են լրացուցիչ պարապմունքների միջոցով»: Մի ուսուցիչ էլ մտահոգվեց. «Ինչպե՞ս եք խոսում ավագ դպրոցի մասին, եթե, օրինակ, մեր դպրոցը չունի ջեռուցում»: Տիկին Հովհաննիսյանն ասաց. «Այս ծրագրով առաջին հերթին նախատեսված են դպրոցի վերանորոգման եւ ջեռուցման հարցերը: Ես տեղյակ եմ ձեր՝ 159 դպրոցի խնդրին, այնպես որ՝ այն առաջիկայում կլուծվի»: