Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ մի խառնեք ձեր վայրի արջի ցեղերին

Հունիս 17,2009 00:00

Ապրենք հայավարի, մարդավարի

\"\"Փաստորեն ասելիքը միայն նկարելով չի պրծնում. անհրաժեշտություն կա նաեւ բանավոր խոսքի։ «Եվ ո՞րն է երկիրդ, ինձ հարց տվեցիր, եւ չիմանալով լեզուն քո օտար, ես թղթի վրա ժայռ նկարեցի ու ժայռից բխած ծիրանի մի ծառ»,- պարզաբանեց պոետ Իգնատը։ Ճանաչո՞ւմ ենք մենք ծիրանաբույր երկիրն ու արժանի՞ ենք, արդյոք, ժառանգորդը լինել այդ երկրի։ Ո՛չ, դժբախտաբար՝ ոչ։ Որտեղի՞ց են եկել, ովքե՞ր են սրանց տերերը, ո՞ւմ են ծառայում սրանք։ Աստծո՞ւն, թե՞ մամոնային։ Համատարած սարսափելի այլասերում, այլեւս ոչ թե ապազգային, այլ ապամարդկային, ապաստվածային եւ կարելի է գործածել բոլոր հոմանիշները։ Մի՞թե սա էինք երազում 20 տարի առաջ, մի՞թե սրա համար կորցրեցինք ընկերներ, հայորդիներ։ Խելքի գանք։ Վաղը ուշ կլինի, եթե արդե՛ն ուշ չէ։ Սա էլ որ կորցրինք՝ ամեն ինչ կկորցնենք։ Կկորցնենք ոչ միայն մենք, այլ նաեւ մեր թշնամիները, որոնք կարծում են՝ մեզ ոչնչացնելով իրենք կփրկվեն։ Ամենուր տխուր ու զազրելի է։

Խուլ ականջ է, ձայն ես տալիս՝ պատասխան չկա։ Ամենուր դատարկ է ու անհոգի, անկյանք, անազգ, անտեսակ ու զազրելի։ «Մի՞թե վերջին պոետն եմ ես, վերջին երգիչն իմ երկրի»։ Նորից հիշեցինք ու նորից նույն տեղում հայտնվեցինք։

Ո՞ւր ենք գնում, ո՞ւր ենք գլորվում եւ ինչի՞ համար։ Առաջ ենք գնում, թե ետ ենք գլորվում ու այնքան արագ, որ չենք հասցնում ետ նայել։ Մոռացված բոլոր արժեքների, որոնց առաջ պատասխան պիտի տայինք, այդ էլ ենք կորցրել։ Դրա մասին էլ ենք մոռացել։ Մի՞թե իզուր Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Այդ խորհուրդը բարձրաձայնեց մեր տեսակը, հայի տեսակը եւ առաջինը բարձրաձայնեց։ Եվ մտածում եմ՝ Հայաստանում հայ կա՞, քանի՞ հայ կա, այսինքն, թե մարդ կա՞, քանի՞ մարդ կա։ Այնքան եմ ուզում հավատալ, որ Հայաստանում հայ կա, այսինքն, թե մարդ կա ու այնքան շա՜տ են։ Ուղղակի նրանց ձայնը լսելի չէ, որովհետեւ խոսափող չունեն, եւ որովհետեւ լսարան չունեն, ունե՛նք, եւ ծարավ ենք լսելու եւ ծարավ ենք տեսնելու, ապրելու հայավարի, այսինքն՝ թե մարդավարի, այսինքն՝ թե քրիստոնավայել։ Սա մեր երկիրն է։ Շատ են եկել ու գնացել, եւ դեռ պիտի գան ու գնան ժամանակավոր իշխաններ, ժամանակավոր հեղինակություններ, ժամանակավոր «արժեքներ», բայց մեր ժողովուրդը կա, եղել է ու կլինի ու քանի որ դա այդպես է, շատ եմ ուզում, որ խելքի գանք բոլորս՝ իշխանավոր, իմաստուն ու չիմաստուն ու խաղաղությամբ ապրենք Ավետյաց երկրում՝ Հայաստանում։ Բա՛վ է, այլեւս բա՛վ է։ Սթափվենք բոլորս՝ եսատենչության, իշխանատենչության ցավից, թոթափվենք, ապրենք հայավարի, մարդավարի։

Սա է մեր երկիրը. ապրենք սիրով եւ բոլոր նրանք, որ մեր երկրում օտար են՝ թող խելքի գան։ Մեզ մի խառնեք ձեր վայրի արջի ցեղերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել