Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստական՝ սեփական հայրենիքում Դպրեվանք՝ բնակավայր առանց բնակիչների

Հունիս 17,2009 00:00

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Շամիրամ եւ Արուճ գյուղերի հարեւանությամբ 1990 թվականին հարեւան հանրապետությունից բռնագաղթածների համար հող հատկացվեց՝ բնակավայր հիմնելու համար:

«Ամեն ինչ ունենք այնտեղ, որոնք բնորոշում էին մեր ազգային պատկանելությունը՝ լեզու, կրոն, մշակույթ: Միայն տարածք չունեինք, սեփական տարածք եւ այն ունեցանք հայրենիքում՝ Հայաստանում, բայց հիմա՝ խնդրեմ»,- ցավով նշեց սակավաբնակ գյուղի վերջին բնակիչներից մեկը՝ Ռայա Հոկկակյանը: Պետության միջամտությամբ հաշված ամիսների ընթացքում այստեղ հառնեց մի գեղատեսիլ բնակավայր՝ երկհարկանի շենքերով, ցանկապատված հողամասերով, բազմատեսակ տնկիներով: Մի խոսքով՝ գրեթե այն ամենով, որը մարդկանց մեջ հավատ էր ներշնչում սերնդեսերունդ ապրելու այստեղ: Սկզբում 160 բնակիչ ուներ Մադրասան, որը հետագայում վերանվանվեց Դպրեվանք:

«Շեն» հասարակական կազմակերպությունն այստեղ խմելու ջրի խնդիրը լուծեց, կառուցեց մրգի չորացման կայաններ: Սակայն սա միակ եւ վերջին ծրագիրը եղավ Դպրեվանքում: Այնուհետեւ, կարծես նպատակադրված, այստեղ սկսվեց մի աղետալի գործընթաց՝ իշխանությունների մոռացկոտությունը, բարձիթողի վիճակը, անտարբերությունը, լքվածությունը մարդկանց ստիպեցին բռնել դարձյալ գաղթի ճանապարհը, արդեն՝ ուր պատահի:

Հոկկակյաններ, 12 հոգով հեռացել են, Լյովա Բաշիրյան, ընտանիքի հինգ անդամով մեկնել են, Ճաղարյաններ, մեկնել են 5 հոգի…

Մեկնել են, գաղթել են: Ապրում են ուրիշ բնակավայրերում, ոմանք՝ վարձով: Այստեղ թողած տուն, գերեզմանատուն եւ մնացած մի քանի բնակիչների ցավալի հիշողությունները: Այստեղ գոնե դպրոցի շենք կառուցվեր՝ չկառուցվեց: Այստեղ գոնե հնգամյակը մեկ (16 տարի է անցել) մի պաշտոնյա այցելեր՝ թեկուզ հայրենասիրական նկատառումներով, ասեր՝ ժողովուրդ, մենք ձեզ հետ ենք, պինդ եղեք: Չեկան: Այստեղից մարզպետարան գնացող դիմում-բողոք-խնդրանքները վերադառնում էին անհույս մակագրություններով՝ առաջիկայում, հնարավորությունների սահմաններում…

Աշխարհի քարտեզից բազում բնակավայրեր են վերացել: Սակայն սա համառորեն չի վերանում: Գեղատեսիլ գյուղն իր 10-15 բնակչով ուղիղ աչքերով նայում է Երեւան-Գյումրի մայրուղով ամեն օր անցնող բազում չինովնիկների անցուդարձին եւ նրանց ակնարկում տարրական դասարաններում սովորած հայրենասիրական պարզունակ դասերի մասին, որոնցից մեկ-մեկ նրանք մեջբերում են անում բարձր համարվող ամբիոններից:

Դպրեվանք: Բնակավայր առանց բնակիչների: Ընդամենը 16 տարվա կենսագրություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել