Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ: Մեկ օր էլ չէր անցել ավերիչ կարկուտից եւ ահա նոր աղետ՝ հունիսի 14-ի երեկոյան, ժամը 17-ի սահմաններում, մրրիկը վրա հասավ: Արդյունքում ամբողջովին ավերվել են տների տանիքները, կտրվել հոսանքի լարերն ու արմատախիլ եղել ծառեր: Ավերվել են ցանքատարածությունները, վնասվել է ամբողջ բերքը:
Մեծ Պարնիի գյուղապետ Հրայր Յաղուբյանի խոսքով, սա աննախադեպ երեւույթ է. «Այսպիսի դեպք եղել էր 15-20 տարի առաջ, այսօր կրկնվեց՝ մարդկանց թողնելով անօթեւան»: Գյուղապետը նշում է, որ նախորդ օրը տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղին, ավերելով այգիները, որոնցից ակնկալվում էր 1000 տոննա գյուղմթերք: Ականատեսների վկայությամբ, գետի ջուրը մոտ 10 մետրով բարձրացել էր:
Վնասի չափերը դեռեւս ճշտվում են, ստեղծված են պետական հանձնաժողովներ, սակայն նախնական հաշվարկներով 150 տուն լրիվ կամ մասնակի զրկվել են տանիքներից: Գյուղի բնակիչներն ու գյուղապետը հույս ունեն, որ պետությունը ինչ-որ միջոց կձեռնարկի տուժածներին աջակցելու համար: Բնության «զայրույթից» անմասն չի մնացել նաեւ Ղուրսալի գյուղը: Այստեղ եւս ավերվել են դաշտեր ու ցանքատարածություններ, վնասվել տների տանիքներ: Գյուղացիներն ասում են՝ «հույսը վերջում է մահանում»: Հուսանք, որ բնությունն այլեւս այսպիսի չար կատակներ չի անի:
Վերջին երկու օրերի տարերային աղետներից տուժել է երեք մարզի մոտ 20 գյուղ: