Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղիում բերքի հույս չկա

Հունիս 17,2009 00:00

Հունիսի 12-ի երեկոյան մեկ ժամ տեղացած անձրեւն ու կարկուտը բավական մեծ վնասներ են հասցրել Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղական համայնքին: Գյուղապետ Վասիլ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վնասի չափերը դեռեւս ճշտվում են, բայց գյուղի ցանքատարածություններից բան չի մնացել: «Ծառերի վրա էլ մի հատ բերք չի մնացել, տարածաշրջանում մենք էինք ամենաշատը բերք ստանում, հատկապես՝ տանձ, խնձոր, կարտոֆիլ, էս տարի դրանցից կզրկվենք»,- նշում է զրուցակիցս:

Գեղիի բնակիչները հիմնականում իրենց այգիներից ստացված բերքով են իրենց կարիքները հոգում, այս տարի նրանք հույսները կտրել են իրենց եկամտի հիմնական աղբյուրից: Գյուղապետը ասում է, որ տեղում ստեղծված հանձնաժողովը վնասի չափերը հաշվարկելուց հետո արձանագրություն կներկայացնի մարզպետարան, հույսով, որ կառավարությունը մարզի ցրտահարություններից տուժած համայնքներին փոխհատուցումներ տրամադրելիս չի շրջանցի նաեւ իրենց համայնքը:

Օրեր առաջ Սյունիք այցելած գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ գարնան ամիսներին մարզում արձանագրված ցրտահարություններից տուժած համայնքներին փոխհատուցում տրամադրելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են, այժմ գույքագրման աշխատանքներն են ընթացքի մեջ, որից հետո արդեն պարզ կլինի՝ ինչպես կլուծվի այդ հարցը:

Իսկ Գեղիի գյուղապետի խոսքով, տեղացած հորդառատ անձրեւները սարերից հողի եւ քարի հսկա զանգվածներով լցրել եւ փակել են Գեղիի մյուս համայնքներ ու դեպի դաշտեր տանող ճանապարհները: Գյուղապետի ահազանգից հետո խնդրով զբաղվում են մարզային փրկարար ծառայության աշխատակիցները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել