Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂՈՐԴԱՇԱՐ՝ ԻՐԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

Հունիս 17,2009 00:00

Երեկ Հանրային հեռուստատեսության առաջին ծրագրով սկսվեց «Դատաժամ» հաղորդաշարը: Այն, ըստ էության, կգործի «Դատական ալիք» ու «Իմ իրավունքը» հաղորդաշարերի կողքին: «Դատաժամը» կցուցադրվի յուրաքանչյուր երեքշաբթի, ժ. 22.10-ին: «Առավոտի» հետ զրույցում ծրագրի ղեկավար եւ վարող, ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանն ասաց, որ «Դատաժամը» նպատակ ունի ներկայացնել հանրային հետաքրքրություն ունեցող եւ իրավունքների իրացման տեսանկյունից առավել հետաքրքրաշարժ դատական գործընթացները, ավելի թափանցիկ դարձնել մեր երկրի իրավական դաշտը, ծանոթացնել մարդկանց իրենց դատավարական իրավունքներին ու պարտականություններին եւ արդյունքում նրանց իրավական գիտելիքներ հաղորդել»: Ա. Ենգոյանի կարծիքով, դատարանի հետ առնչվելիս մարդիկ լավ չեն պատկերացնում իրենց իրավունքները, ինչպես նաեւ այն, թե ինչպիսի օրինական քայլեր կարող են իրականացնել դատարանի հետ առնչվելիս: «Կարծում եմ, նման հաղորդաշարի անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում, քանի որ օրենքի, իրավունքի եւ արդարադատության մասին անտեղյակությունը կյանքի տարբեր իրավիճակներում մարդկանց շատ անպաշտպան է դարձնում»,- ասում է նա:

«Առավոտի» այն հարցին, թե ի՞նչ է ներկայացվելու «Դատաժամին», Ա. Ենգոյանը տեղեկացրեց. «Հաղորդաշարը հիմնված է իրական դատավարությունների վրա: Հաղորդումների ընթացքում ցուցադրվելու են հատվածներ կայացած քրեական, քաղաքացիական եւ վարչական դատավարություններից: Իհարկե, միեւնույն դատական գործով կարող են նկարահանվել բազմաթիվ դատական նիստեր, այդ իսկ պատճառով ողջ նյութը հետագայում մոնտաժվում է՝ պահպանելով դատավարական ու տրամաբանական կառուցվածքը եւ հանրության համար առավել հետաքրքրաշարժ հատվածները»: Ի դեպ, նկատենք, որ նմանօրինակ հաղորդաշարերի ժամանակ զգացվում էր հատկապես քրեական գործերով դատաքննությունների պակաս:

Հաղորդաշարի երկրորդ մասում կլինեն քննարկումներ, կարծիքների փոխանակում, կհյուրընկալեն փաստաբանների, դատավորների, իրավունքի, բժշկության, հոգեբանության եւ այլ բնագավառներում հեղինակություն վայելող մասնագետների, ովքեր կպատասխանեն հանրությանը հուզող հարցերին, կներկայացվեն օրենքները:

«Լուրեր դատարանից» հատվածում հակիրճ կներկայացվեն դատական համակարգում տեղի ունեցող իրադարձությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել