Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏՆԻ ՉԷ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

Հունիս 17,2009 00:00

\"\"Ընտանիքի անդամների նկատմամբ հետապնդում չեղավ

Անցյալ տարվա հուլիսի 19-ին, Սանկտ Պետերբուրգից վերադառնալով Էջմիածին, կնոջ եղբոր՝ Սեւակ Թովմասյանի կողմից, տան մեջ դանակահարվեց եւ սպանվեց ճանաչված տնտեսագետ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մանուկ Միսակյանը: Վերջինս օդանավակայանից անմիջապես այցելել էր Կարճիկյան 2-րդ փակուղու 1 հասցեում գտնվող կնոջ հայրական տուն՝ իր երեխաներին՝ 5-ամյա Արփինեին եւ 3-ամյա Դավիթին տեսնելու:

2008թ. հուլիսի 22-ին քրեական գործ հարուցվեց Սեւակ Թովմասյանի նկատմամբ: Ըստ Մանուկ Միսակյանի հոր՝ տուժողի իրավահաջորդ Ներսես Միսակյանի, իր որդու սպանությանը մասնակից էր եղել ոչ միայն Սեւակը, այլեւ մեղադրյալի հայրը՝ Մանվել Թովմասյանը, մայրը՝ Ալինա Պետրոսյանը, կինը՝ Լիլիթը: Չնայած նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր, քանի որ, ըստ նախաքննության մարմնի, «նրանք գտնվել են տանը, սպանություն չեն կատարել, չեն խոչընդոտել Մանուկին հիվանդանոց տեղափոխելու ժամանակ»:

Տուժողի իրավահաջորդ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ներսես Միսակյանն ու նրա շահերի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանը գտնում են, որ նախաքննության մարմինը չի բացահայտել կատարված սպանության ամբողջական նկարագիրը, շարժառիթը, սպանությանն առնչվող անձանց շրջանակը:

«Արդեն 4-րդ ամիսն է, ինչ շարունակվում է մեղադրյալի դատահոգեբանական փորձաքննությունը: Ես պատահական չեմ համարում, որ այն անհարկի ձգձգվում է: Միեւնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության եւ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանների համապատասխանաբար դեկտեմբերի 1-ի եւ դեկտեմբերի 25-ի որոշումները: Այսինքն, ստորադաս դատարանների կողմից կայացվել էր անհիմն, չպատճառաբանված որոշումներ»,- ասում է փաստաբան Ս. Սաֆարյանը: Այն վերաբերում էր մեղադրյալի ընտանիքի անդամների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելուն:

Տուժող կողմը բողոքարկում է նաեւ այն, որ քրեական գործից անջատվել է մաս: Քրեական գործը, որն ուղարկվել է դատարան, թերի է, քանի որ բացակայում են շատ ապացույցներ: Մասնավորապես, Մանուկ Միսակյանը Սանկտ Պետերբուրգից երեխաներին տեսնելու էր եկել գումարով, նրա ձեռքին եղել է մատանի, ճամպրուկներում՝ երեխաների համար գնված մանկական իրեր, խաղալիքներ, հագուստ, հեռախոս՝ հիշողության քարտով: «Սրանց պարտակման հանգամանքները մեկուսի են դիտվել սպանության հանգամանքից: Չնայած այդ բոլորը մեկ հանցագործության մեջ են ամփոփված»,- ասում է տուժողի իրավահաջորդ Ն. Միսակյանը:

Ի դեպ, մինչ դատահոգեբանական փորձաքննությունը կավարտվի, Ներսես Միսակյանը դիմել էր Էջմիածնի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովին, խնդրելով տեսակցություն նշանակել անչափահաս թոռնիկների հետ: Հանձնաժողովը հարգել էր որդեկուրույս Ն. Միսակյանի խնդրանքը եւ նշանակել է օրեր՝ յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրը, ժ.18-20-ը, շաբաթ օրը՝ ժ.16-20-ը: Ի դեպ, Ն. Միսակյանը նաեւ խնդրել էր, որպեսզի տեսակցությունը լինի չեզոք վայրում, «քանի որ նպատակահարմար չեմ գտնում հանդիպել երեխաների մոր եւ նրա ազգականների հետ»: Հանձնաժողովը, քանի որ հանդիպման վայրը չէր նշել, տեսակցությունը երեխաների հետ չի կայացել:

«Առավոտի» տեղեկություններով, փոխարենը երեխաների հետ տեսակցության թույլտվություն է ստացել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող երեխաների քեռին, նա, ով զրկել է երեխաներին հայր ունենալուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել