Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկատան երեխաներն ուշադրության կարիք ունեն»

Հունիս 17,2009 00:00

\"\"Նման եզրահանգման է եկել Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ այցելելով մանկատներ

Հայաստանի hանրապետական կուսակցությունը մարզերի բնակիչների առողջապահական խնդիրները վեր հանելուց հետո, որոշել է զբաղվել մարզերի մանկատան երեխաների առողջությամբ: Երեխաների պաշտպանության օրվանից սկսած, կուսակցությունը մի շարք մանկաբույժների հետ այցելում է հանրապետության մարզերի մանկատներ եւ երեխաներին բժշկական համալիր զննության ենթարկում: Մինչ տվյալ մանկատուն այցելելը, ՀՀԿ-ն իր տարածքային կառույցների միջոցով պարզում է, թե մանկատանն ինչ է անհրաժեշտ, որպեսզի նախօրոք պատրաստած նվերներ էլ տանեն:

Սա մեզ հետ զրույցում պատմեց ՀՀԿ-ի մարզային ծրագրերի պատասխանատու Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքերով, իրենք այս ծրագրի շրջանակներում արդեն այցելել են 2 մանկատուն՝ Գավառի եւ Վանաձորի. «Շուտով կայցելենք նաեւ Գյումրիի 2 մանկատներ: Գավառում եւ Վանաձորում զննել ենք մոտ 200 երեխայի, մի այդքան էլ կլինի Գյումրիում: Երեք մանկատան զննությունները վերջացնելուց հետո, մենք բոլոր կարիք ունեցողներին կուղեգրենք Երեւան՝ լրացուցիչ բուժում ստանալու»: Մեր այն հարցին, թե հիմնականում ի՞նչ խնդիրներ են ունեցել մանկատան երեխաները, պարոն Սահակյանը պատասխանեց. «Տարբեր են, գիտեք: Չեմ կարող ասել: Բայց Գյումրիում, նախնական արդյունքներով, հիմնականում ոսկրային խնդիրներ են»: Ըստ Հ. Սահակյանի, իրենց կուսակցությունը ծրագրել է բոլոր մանկատներում այս առաքելությունն իրականացնել. «Մտածում ենք այցելել նաեւ Մեղրիի մանկատուն եւ բոլոր այն մարզեր, որտեղ մանկատներ կան: Վերջինը, ամենայն հավանականությամբ, կլինի Խարբերդի հատուկ մանկատունը, որտեղ միայն հատուկ կարիքներով երեխաներ են: Մենք վերջում ենք պլանավորել այցելել այստեղ, քանի որ պետք է ավելի խորն ուսումնասիրել, թե ինչ մասնագետներ են պետք մանկատան երեխաներին»: Պարոն Սահակյանը շատ տպավորված էր իրենց այցելած մանկատների սաների կազմակերպված լինելուց. «Նրանք արդեն կայացած մարդիկ էին: Գավառի մանկատանը Նարեկ անունով մի երեխա իր քաղաքն էր կառուցել եւ այն անվանել Նարեկ-սիթի: Շատ մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում այդ կառուցին, ոչ ոքի չէր թողնում այն մաքրել: Նա ցանկանում էր ճարտարապետ դառնալ: Մանկատանը կար նաեւ գորգագործական սենյակ, որտեղ երեխաները գորգ էին գործում: Նրանք այն վաճառում էին, դրանից ստացված հասույթն էլ իրենցն էր, այդ գումարով նրանք էքսկուրսիաներ էին կազմակերպում Երեւան՝ կենդանաբանական այգի եւ այլուր: Այս այցելություններից մենք հասկացանք, որ այդ երեխաները միայն ուշադրության կարիք ունեն»:

Նշենք, որ ամեն մանկատուն գնալու համար հավաքվում է 9 հոգանոց բժշկական խումբ՝ Արաբկիր բժշկական կենտրոնից: Ծրագիրն իրականացնելու համար էլ գումարներ տրամադրել է ՀՀԿ-ի մարզային խորհուրդների պատասխանատու Կարեն Կարապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել