Վստահեցնում են առողջապահության ոլորտի պատասխանատուները
«Մարզերում այսօր լավ բժիշկների պակաս գրեթե չի նկատվում, մայրաքաղաքից ժամանակ առ ժամանակ լավագույն բժիշկներ են մեկնում մարզեր եւ իրենց փորձը կիսում մարզերի իրենց գործընկերների հետ»,- «Առավոտի» այն հարցին, թե առողջապահության ոլորտի պատասխանատուներն ինչպե՞ս են պատրաստվում մարզերում բժիշկ-մասնագետների պակասը լրացնել, այսպես լավատեսորեն պատասխանեց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը:
Երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը «Դեռահասների եւ երիտասարդների վերարտադրողական առողջության պահպանման հիմնախնդիրները» թեմայով միջոցառում էր կազմակերպել: Քննարկման նպատակն էր ներկայացնել առողջապահության ոլորտի օրենսդրական փոփոխություններն ու ձեռքբերումները: Մեզ հետ զրույցում տիկին Ավագյանը վստահեցրեց, որ վերջին տարիներին առողջապահական ոլորտում լուրջ բարեփոխումներ են եղել: Նրա խոսքերով՝ արդեն յուրաքանչյուր գյուղ ունի ամբուլատորիա, բուժաշխատողներ, կանանց համար նախատեսված կոնսուլտացիոն սենյակներ եւ ստացիոնար բուժհաստատություն՝ վերարտադրողական առողջության խնդիրներ ունեցողների համար: Թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում գործում են վերարտադրողական առողջության պահպանման խորհրդատու հաստատություններ՝ 11-ը՝ Երեւանում, 21-ը՝ մարզերում:
«Առավոտի» այն հարցին, թե այդ դեպքում, նույնիսկ ամենահեռավոր մարզերից ամենատարրական հետազոտություն անցնելու համար, բնակիչներն ինչո՞ւ են գալիս-հասնում մայրաքաղաք, տիկին Ավագյանը պատասխանեց. «Քանի որ չենք կարող մարզերում խոշոր բուժկենտրոններ ստեղծել, հետեւաբար ծայրագույն վիճակի հասած հիվանդների համար անհրաժեշտություն է մայրաքաղաք գալը: Երեւան են գալիս ծանր հղիություն տանող կանայք: Իսկ մնացած դեպքերում, մարզերում հիվանդանոցային պայմանները բավարար են, իհարկե՝ որոշ բուժսարքավորումների պակաս կա»:
Մեր այն դիտարկմանն էլ, թե դատելով մեր թերթին ուղղված՝ մարզերի բնակիչների բողոքներից, թե իրենց մոտ հատկապես գինեկոլոգ-բժիշկների պակաս կա, իսկ եղածներն էլ չեն վերապատրաստվում եւ հին մեթոդներով են բուժսպասարկում իրականացնում, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որպեսզի մարզերի կանայք ինքնաբուժմամբ զբաղվեն, Գայանե Ավագյանն պատասխանեց. «Մարզերում աբորտների թիվը գրեթե չի տարբերվում մայրաքաղաքում իրականացվող աբորտների թվից: Վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ հղիությունների 50%-ը կանխվում է արհեստական ճանապարհներով, միայն 48%-ն է ավարտվում ծննդաբերությամբ»:
Տիկին Գայանեն չհամաձայնեց այն մտքին, որ հատկապես գյուղական բնակավայրերում կանանց մեծ մասը հղիությունն արհեստական ընդհատում է կա՛մ հեքիմական մեթոդներով, ասենք՝ խոտաբույսերից պատրաստված թուրմեր խմելով, կա՛մ դեղատներից ինքնագլուխ գնված դեղերի միջոցով, ինչը հետագայում խիստ վտանգավոր հետեւանքներ է ունենում: Գ. Ավագյանի խոսքերով, վերջին շրջանում մարզերում բնակվող կանայք նույնպես աբորտի են դիմում քաղաքակիրթ ճանապարհներով, նրանք հրաժարվել են ավանդական ձեւերից: Չնայած դրան, տիկին Ավագյանը նախորդ տարի մի մարզում տեղի ունեցած մի ինքնաաբորտի դեպք մտաբերեց: Նրա խոսքերով. «Մարզերում մի շարք միջոցառումներ են իրականացվում՝ կանանց աբորտի լավագույն ձեւերին իրազեկելուն ուղղված, կանայք հիմա ավելի տեղեկացված են, ավելի շատ փորձում են անցանկալի հղիությունը կանխել համապատասխան դեղամիջոցներով, քան բժշկական միջամտությամբ»:
Նրա տվյալներով, վերջին տասնամյակում հանրապետությունում 2 անգամ կրճատվել է ծնելիությունը, ամուսնությունների թիվը տատանվում է 17-22 տարեկան երիտասարդների շրջանում: Նախորդ տարվա համեմատությամբ, դեռահասների շրջանում ծննդաբերությունը նվազել է, մինչեւ 19 տարեկան աղջիկների շրջանում արձանագրվել է 22098 ծննդաբերություն:
Քննարկմանը ներկա նշյալ հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ կարեւորեց Հայաստանում դեռահասների եւ երիտասարդների վերարտադրողական առողջության խնդիրները եւ դրան ուղղված միջոցառումների կազմակերպումը. «Նման քննարկումներ կազմակերպելով՝ նպատակ ունենք վեր հանել այդ բնագավառում առկա թերությունները եւ մշակել միջոցառումներ՝ օրենսդրության կատարելագործման, միջգերատեսչական համագործակցության խթանման, դեռահասների եւ երիտասարդների առողջ ապրելակերպին նվիրված ռազմավարություն իրականացնելու համար»: