Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիներին կուղարկեն հարկադիր պարապուրդի

Հունիս 17,2009 00:00

«Նաիրիտ» քիմիական գործարանի քլորոպրենի արտադրության 1-12բ արտադրամասում ավարտվել է այս տարվա մայիսի 14-ի վթարի հետեւանքով վնասված տեղամասի ապամոնտաժումը եւ սկսվել են վերականգնողական աշխատանքները: Այս մասին երեկ տեղեկացրին «Նաիրիտ գործարան» ընկերության մամուլի ծառայությունից:

Աղբյուրի փոխանցմամբ, մասնագիտական հետազոտությունների արդյունքում հստակեցվել են վնասի ծավալները: Ըստ այդմ՝ տեղամասի ամբողջական վերականգնման համար կպահանջվի 1,5 ամիս ժամանակ եւ մոտ $200 հազար: Նշված գումարը չի ներառում այն նյութերի, սարքավորումների, ինչպես նաեւ մարդկային ռեսուրսների ծախսը, որոնք առկա են գործարանում եւ ներդրվելու են վթարված տեղամասի վերականգնման համար: «Նաիրիտի» հաղորդագրության մեջ ասվում է. «Պայմանավորված այդ գործընթացով՝ ընկերությունը հայտարարել է տեխնոլոգիական կանգառ, որի ընթացքում ոչ միայն կվերականգնվի քլորոպրենի արտադրության վթարված տեղամասը, այլեւ կընթանան պլանային-պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ մյուս արտադրություններում: Այս ընթացքում չեն դադարեցվել եւ ըստ ժամանակացույցի շարունակվում են նաեւ բութադիենից քլորոպրենային կաուչուկի ստացման տեխնոլոգիական գծի գործարկմանն ուղղված աշխատանքները»: «Նաիրիտի» լրատվական ծառայության տեղեկացմամբ, գործարանն այսօր ունի անհրաժեշտ քանակությամբ պահեստավորված արտադրանք՝ սպառողների պահանջարկը բավարարելու համար: Իսկ արտադրությունների աշխատանքների դադարեցման արդյունքում, համաձայն ընկերության 2734 աշխատակիցների, 18%-ը՝ մոտ 500 աշխատող հունիսի 12-ից կանցնի ժամանակավոր հարկադիր պարապուրդի՝ մինչեւ 2009-ի օգոստոսի 1-ը: Աշխատակիցների կրճատում չի նախատեսվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել