Հայաստանում ճգնաժամի հետեւանքները մեղմելու եւ տնտեսության բարելավմանն ուղղված ծրագրերի արդյունավետության մասին երեկ լրագրողներին իր տեսակետը ներկայացրեց Ազգային ժողովի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Խոսելով վերջին մեկ ամսվա ընթացքում բուռն քննարկումների առիթ դարձած հարկային փաթեթից, Թ. Մանասերյանն ասաց. «Սա աննախադեպ ակտիվություն էր գործադիր, թե օրենսդիր մարմինների կողմից, նպատակը մեկն էր՝ հարկային դաշտը դարձնել պարզ եւ նպաստավոր ձեռներեցության զարգացման համար»: Տնտեսագետը չցանկացավ խոսել փաթեթի խոցելի տեղերի մասին, միայն ասաց, որ ակնկալում է, որ այն նոր փոփոխություններով կվերադառնա ԱԺ: Անդրադառնալով տնտեսական ճգնաժամին, պարոն Մանասերյանը նշեց, որ Հայաստանը, լինելով համաշխարհային տնտեսության մաս, կարող է տնտեսության զարգացման ինքնուրույն ճանապարհներ գտնել. «Ֆինանսական համաճարակի համար, իհարկե, կան դեղամիջոցներ, որոնք թեեւ կիրառելի չեն Արեւմուտքում, բայց պարտադրվում են փոքր պետություններին, դրանք մեզ համար արդեն հնացած են»:
Տնտեսագետի կարծիքով, Հայաստանը կարող է դիմադրել ճգնաժամին, պարզապես ամեն ինչ կախված է նրանից՝ ով է ծրագիր մշակում եւ ինչ չափորոշիչներով են ընտրվում շահառուները ու նաեւ այն բանից, թե ինչ թափանցիկությամբ են որոշումներ ընդունվում: Խոսելով մեր պետության արտաքին պարտքերից, Թ. Մանասերյանը նշեց, որ այն արդեն 1,5 միլիարդից կրկնապատկվել է ու դարձել է 3 միլիարդ դրամ, այսինքն՝ թույլատրելի սահմանը գերազանցված է: Սակայն տնտեսագետը լավատես է, եւ կուտակված պարտքի առումով պետությանը սպառնացող վտանգ չի տեսնում: Նրա խոսքերով. «Անձամբ ես դրանից մեծ մտահոգություններ չունեմ: Այսինքն՝ որպես սպառնալիք չեմ դիտում, պարզապես հարկավոր է այն ճիշտ տնօրինել: Այս պահին Հայաստանը ունի 10 միլիարդից ավելի գումարի կարիք, վերցված պարտքերն էլ լավ հնարավորություն են երկրի զարգացմանը խթանելու համար»: