Ընկերության աշխատակիցները ահազանգում են, որ ճգնաժամի դեմ պայքարի պատրվակով բանկերից վերցրած վարկը կոմբինատին չի ծառայել:
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, տեւական ժամանակ ներդրումներ չկատարելով, կոմբինատը քայքայման եզրին է հասցրել: Բացի այդ, կոմբինատի սեփականատերերը, ճգնաժամը պատրվակ դարձնելով, աշխատանքից ազատել կամ հարկադիր պարապուրդի են ուղարկել աշխատակիցների մեծ մասին, մինչդեռ տարեսկզբին նրանք պաշտոնապես հայտարարել էին, որ կոմբինատում կրճատումներ չեն լինելու:
Այս մասին տեղեկացրին կոմբինատի մի խումբ աշխատակիցներ, որոնք օրերս բողոքով դիմել էին «Առավոտին»: Նրանք, մասնավորապես, վստահեցնում էին, որ գործարանը տուժում է ոչ թե ճգնաժամի, այլ ղեկավարության սխալ կառավարման պատճառով: Ըստ նրանց, գործարանը միլիոնավոր դոլարների հասնող վարկ է վերցրել բանկերից, սակայն ոչ մի կոպեկ չի ներդրել կոմբինատում. «Ո՞ւր կորավ 2008-ին «ՎՏԲ» բանկից վերցրած 78 մլն դոլարի վարկը: Փոխանակ ներդրումներ կատարեն, մի բան ավելացնեն, կոմբինատը պարապուրդի են մատնում ու փակում: Գործարանի ղեկավարները թող իրենց աշխատավարձերը կրճատեն, ոչ թե իրենց համար ամիսը 20 հազար դոլարանոց առանձնատներ վարձեն: Ո՞ւմ հաշվին են անում, պարզ չէ՞՝ մեր»: Մեզ հետ զրույցում կրճատված եւ հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցները դժգոհում էին, որ իրենց վստահեցրել են, թե գործազուրկ չեն դառնա, իրենք էլ այդ հույսով վարկեր են վերցրել բանկից, որպեսզի իրենց կարիքները հոգան՝ բնակարան գնեն, ուսանող երեխաների ուսման վարձերը փակեն ու իրենց տան կենցաղային հարցերը լուծեն, սակայն, գործարանի ղեկավարության անիմաստ խոստումների պատճառով, ապագայում իրենց միայն դատական քաշքշուկներ են սպասվում:
Աշխատակիցների վստահեցմամբ՝ ներկայումս կոմբինատի աշխատակիցներից 500-ը հարկադիր պարապուրդի մեջ է, իսկ 550-ը ազատվել է աշխատանքից:
Նշենք, որ դեռեւս նախորդ տարեվերջին, համաշխարհային ճգնաժամը պատրվակ դարձնելով, ընկերության ղեկավարությունը սկսեց քիչ-քիչ ազատվել շարքային աշխատակիցներից, չնայած էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը վստահեցրել էր, որ այս ընկերության հետ պայմանավորվածություն ունեն, եւ մի քանի ամիս կրճատումներ չեն լինելու: Կրճատումներին հաջորդեց ֆաբրիկայի փակումը:
Այս տարվա մարտի 6-ին ընկերության ղեկավարությունը հայտարարեց, որ գործարանը իբր ժամանակավորապես է կանգ առել՝ վերանորոգման աշխատանքներ կատարելու համար: Այդ ժամանակ էլ խոստացան գործարանը վերագործարկել 2-3 ամիս հետո: Սակայն «Գեոպրոմայնինգի» նշած ժամկետի ավարտից հետո գործարանի վերագործարկման մասին խոսք անգամ չկա: Արդեն քանի ամիս է՝ ընկերության աշխատակիցները բան ու գործ թողած՝ պայքարում են, որ ընկերությունը տեր կանգնի իր խոստումներին: Բարձրացված խնդիրներին տեղյակ է պահվել թե կառավարությանը, թե Ազգային ժողովին եւ թե էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, սակայն՝ ապարդյուն:
«Գեոպրոմայնինգի» աշխատակիցները դիմել են նաեւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին, որն էլ նախորդ շաբաթ խնդիրը բարձրացրեց Ազգային ժողովում: Տիկին Բախշյանի խոսքերով՝ «Ահա թե ինչ է կատարվում, երբ մեր ձեռնարկությունները 100%-ով տալիս են օտարներին: Այսօր մեր կառավարությունը չի կարողանում պաշտպանել այդ մարդկանց իրավունքները: Գործարանի աշխատակիցները ստրուկի պես աշխատում են օտարերկրացու լծի տակ, հետո էլ այդ մարդկանց հետ ինչ ուզում՝ անում են. աշխատանքից են ազատում, գործարանն են փակում»: Տիկին Բախշյանը «Առավոտին» տեղեկացրեց նաեւ, որ «ԱԺ-ում խնդիրը ներկայացնելուց հետո ես հարց եմ ուղղել թե պատգամավորներին, թե երկրի ղեկավարներին, ասելով՝ մի պահ ձեզ դրեք այդ մարդկանց տեղը: Վարկով բնակարան են վերցրել ու հիմա գումար չունեն, որ այդ վարկը փակեն, այն էլ այն պատճառով, որ ինչ-որ մեկը որոշել է նրանց զրկել իրենց աշխատանքից: Ինչպե՞ս կարելի է ազգային անվտանգության եւ ռազմավարական նշանակության սահմանամերձ քաղաքը այդ աստիճանի անուշադրության մատնել: Փոխանակ արտոնություններ տան՝ մի բան էլ ճնշում են»: Ա. Բաշխյանը դժգոհ է նաեւ «Գեոպրոմայնինգի» մեկ այլ ծրագրից: Խոսքը Սեւանի ավազանում ոսկու հարստացման ֆաբրիկայի կառուցման մասին է: Ըստ պատգամավորի. «Դա անթույլատրելի է, եւ սպառնում է առաջ բերել էկոլոգիական լուրջ խնդիրներ: Այս հարցերի շուրջ ես նամակ եմ ուղղել կառավարությանը եւ մոտ 2 օրից հույս ունեմ պատասխան ստանալ»:
Նշենք, որ Ագարակ քաղաքի բնակչության մեծ մասը ապրում է այս կոմբինատի հույսին, եւ, ինչպես աշխատակիցներն են ասում՝ «չլինի գործարանը, քաղաքն էլ չի լինի»:
Հոդվածում բարձրացված հարցերը ուղղեցինք «Գեոպրոմայնինգ» ընկերության պատասխանատուներին: Ընկերությունից «Առավոտին» տեղեկացրին, որ հարցերի ուսումնասիրությունից հետո՝ պարզաբանում կտրամադրեն առաջիկայում: