Երեկ ելույթ է ունեցել երեք քաղբանտարկյալ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարաններում պաշտպանական ճառերով եւ վերջին խոսքով են հանդես եկել «Յոթի» գործից անջատված մասերով եւ 2008թ. մարտի 1-ին Երեւանում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ ամբաստանվող երեք քաղբանտարկյալները՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն ու Սուրեն Սիրունյանը:
Մասնավորապես Մ. Մալխասյանն իր վերջին խոսքում հայտարարել է, որ ինքը դատարանից որեւէ ակնկալիք չունի եւ ներողամտություն չի հայցում. «Այսօր իմ ակնկալածը դատարանից միայն արդարադատությունն է, որը հավատ ու հույս պետք է ներշնչի ժողովրդին եւ նպաստի երկրում բարոյական մթնոլորտի վերականգնմանը: Իմ ու քաղբանտարկյալ ընկերներիս կողմից կրած չարչարանքներից ու զրկանքներից հետո պիտի ասեմ, որ չարությամբ ու ատելությամբ չենք լցված: Չեղած հանցանքներիս համար հանիրավի մեղադրվողիս միակ նախապայմանը պիտի լինի արդարացումը, իսկ դրանից հետո բոլոր մեկնաբանությունները պիտի առ ոչինչ լինեն, եթե դատարանը արդար դատավճիռ չկայացնի»: Պատգամավորի ճառը դատարանում ներկաները ընդունել են հոտնկայս ծափահարություններով: Դատարանը երեկ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, որը կհրապարակվի հունիսի 22-ին: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը դատարանին միջնորդել է պատգամավորին դատապարտել 6 տարվա ազատազրկման:
Մեկ այլ դատարանում իր պաշտպանական ճառում Ալ. Արզումանյանը անդրադառնալով իրենց ներկայացված մեղադրանքին՝ ասել է, թե այդ քրգործը գրված է գիտաֆանտաստիկ ժանրում գրված պատմության կանոններով՝ դրա 1/3-ը հիմնված է հեղինակի կենսափորձի (տեսածի եւ լսածի), 1/3-ը՝ երեւակայության եւ երազների արտացոլանքի, իսկ մնացածը բացարձակ ստի վրա: Նա հայտարարել է, որ թեեւ պաշտպանում է իր պաշտպանների ներկայացրած այն միջնորդությունը, թե՝ գործում ներառված տեսանյութերը եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներն ապօրինաբար ձեռք բերված ապացույցներ են եւ դատարանի կողմից չպետք է դիտարկվեն որպես այդպիսին, այնուամենայնիվ, «վերցնում եմ մեղադրող կողմի ապացուցողական ամբողջ բազան եւ ներկայացնում եմ որպես իմ անմեղությունն ապացուցող հիմքեր: Համարեք իրենց ներկայացրած մեղադրական ապացույցներն իմ կողմից ներկայացվող պաշտպանական ապացույցներ»: Ալ. Արզումանյանը անդրադարձել է գործում որպես ապացույց ներառված նյութերին, այդ թվում՝ տեսաերիզներին ու գաղտնալսումներին, եւ հակափաստարկներով արձանագրել, որ դրանցում իր մեղքն ապացուցող որեւէ դրվագ չկա, առավելագույնը կա վերաբերմունք, ինչը ամենեւին էլ հանցանք կամ անկարգությունների կազմակերպման ապացույց չէ: «Ես արդարություն եմ ուզում, 10 տարի էլ անցնի, ինձ արդարացնելու են: Բայց ես ուզում եմ, որ Մարտիրոսյան ազգանունով մարդն ինձ արդարացնի, ոչ թե Ջոնսոնը: Սա է իմ ցանկությունը»,- հայտարարել է Ալ. Արզումանյանը:
Իսկ Ս. Սիրունյանը համարել է, որ ամբաստանվողի աթոռին է հայտնվել միայն այն պատճառով, որ նախկինում եղել է Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետը, ու «քանի որ այս իշխանությունները վրեժի ծարավով են լցված Սիրադեղյանի հանդեպ», հետապնդում են նաեւ իրեն: «Չեմ փորձելու իմ անմեղությունն ապացուցող որեւէ փաստ ներկայացնել, այլ, ընդհանուր առմամբ, խոսելու եմ մարտի 1-2-ի դեպքերի մասին, քանի որ գործը վերաբերում է դրան: Չնայած ամբողջ դատավարության ընթացքում այդպես էլ չհասկացա, թե ում դատավարությանն եմ մասնակցում»,- ասել է նա՝ հավելելով նաեւ, թե՝ ինքը հպարտ է, որ այսօր կանգնած է ոչ թե, ասենք՝ «ՏԷՑ-ի կռուգի» գործով անցնող որեւէ մեկի, այլ Ալ. Արզումանյանի նման անձնավորության կողքին: Նա նշել է, որ նախաքննության փուլում իր հետ որեւէ առերեսում չի արվել, իր հետ չի իրականացվել նույնիսկ քննչական գործողություն, բայց իրեն կալանավորել են, որովհետեւ հրաժարվել է Կենտրոնի նախկին ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի առաջարկով այլոց դեմ ցուցմունք տալ: «Ուղղակի ես կոչ կանեի, որ ոչ թե արդարացնեիք ինձ եւ պարոն Արզումանյանին, այլ խորհրդակցական սենյակում վճիռ կայացնեիք եղած ապացույցների հիման վրա»,- դատավորին հորդորել է Ս. Սիրունյանը: