Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ

Հունիս 17,2009 00:00

\"\"Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ ծանոթացել են համաներման մասին որոշման մանրամասներին:

Եռօրյա այցով Երեւանում գտնվող ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն երեկ առավոտյան ԱԺ-ում հանդիպեցին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների հետ: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն «Առավոտին» հանդիպումից հետո հայտնեց, թե համազեկուցողներին առաջնահերթ հետաքրքրում էին հետեւյալ հարցերը. «Անշուշտ՝ կարեւորագույն հարցը համաներումն է: Ըստ կարեւորության՝ երկրորդ հարցն է, թե փաստահավաք խմբի լուծարումից հետո ի՞նչ քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրությունն ընթանա պատշաճ հունով: 3-րդ խումբ հարցերն ընտրական օրենսդրության բարեփոխումներն են: Հարցերի 4-րդ խումբը վերաբերում է դատական բարեփոխումների իրականացման գործընթացին, ինչպես նաեւ՝ ոստիկանական ռեֆորմին»: Մեր հարցին, թե համազեկուցողներն ինչպե՞ս են գնահատում փաստահավաք խմբի լուծարումը՝ պրն Հարությունյանը պատասխանեց. «Նրանք նախկինում էլ էին արտահայտել իրենց մտահոգությունը, թե ծայրահեղ քաղաքականացված էր մթնոլորտը: Այս պարագայում՝ քննարկեցին, թե ինչ եղանակներով է, որ ժամանակավոր հանձնաժողովը պետք է լրացնի այդ բացը: Ընդհանուր առմամբ՝ նրանց կողմից առավել գնահատելի էր թերեւս այն, որ փաստահավաք խմբի առանձին անդամներ ներկայացրել են իրենց զեկույցը: Եվ հույս հայտնեցին, որ ժամանակավոր հանձնաժողովը կուսումնասիրի եւ իր եզրակացությունը կկազմի նաեւ այդ տվյալների վերաբերյալ»: Ի դեպ, այդ հանդիպմանը մասնակցած ԵԽԽՎ մեր պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն «Առավոտին» հայտնեց, որ համազեկուցողներին երկու փաստաթուղթ է փոխանցել. «Մեկը՝ փաստահավաք խմբի վերաբերյալ, թե ինչպես տապալվեց դրա աշխատանքը: Եվ մի առանձին փաստաթուղթ էլ կազմել եմ 1609, 1620, 1643 բանաձեւերի կատարման վերաբերյալ, ըստ որի՝ մեր իշխանությունները որեւէ միջոց չեն ձեռնարկում, որպեսզի կատարվեն այդ բանաձեւերի պահանջները»:

Մտահոգություններ կան, որ համաներումը կարող է ամբողջությամբ չտարածվել մարտի 1-ի գործերով մեղադրվողների վրա: Մեր հարցին, թե համազեկուցողներին փոխանցվե՞լ էին այդ մտավախությունները, եւ եթե այո՝ այդ կապակցությամբ ո՞րն էր արձագանքը՝ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը պատասխանեց. «Նրանց գնահատականը մնում է նույնը. իրենց կարծիքով՝ մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ ազատազրկվածները պետք է ազատ արձակվեն, բացառությամբ այն դեպքերի, որոնք ժամանակին նշվել են բանաձեւում: Ընդհանուր առմամբ՝ քննարկվեցին հնարավոր տեսական վտանգները, որոնք կարող են լինել համաներման տեքստի հետ կապված»: Դավիթ Հարությունյանը հայտնեց, թե պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը դեռեւս ԱԺ չէր ուղարկել համաներման մասին որոշման նախագիծը. «Իսկ ԱԺ նախագահի հետ քննարկման պահին արդեն ստացել էինք այն, ուստի եւ որոշ չափով կարողացանք անդրադարձ կատարել նաեւ դրա դետալներին»:

Համազեկուցողների հետ հանդիպեց նաեւ «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Մի մեջբերում անենք հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվությունից. «Պարոն Նիկոյանի տեղեկացմամբ՝ հանձնաժողովի անաչառության վերաբերյալ կասկածներն աստիճանաբար տեղի տվեցին, երբ հանձնաժողովը սկսեց համակողմանի ուսումնասիրություններ կատարել եւ հետեւողականություն ցուցաբերեց՝ իր աշխատանքներում ներգրավելով նաեւ արտախորհրդարանական ուժերի»: Այսուհանդերձ, սեփական աշխատանքից այսքան գոհ պրն Նիկոյանը տեղեկացրել է նաեւ, որ հանձնաժողովը չի կարողացել կատարել զոհվածների մահվան հանգամանքների վերաբերյալ իր առջեւ դրված խնդիրները: Եվ որպես դրա պատճառ՝ նկատել է, որ դրան կարող էին նպաստել նաեւ «հանձնաժողովի՝ անհրաժեշտ լծակներ չունենալը, ոստիկանության եւ նախաքննական մարմնի թերացումները»:

Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի հետ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հանդիպման մասին հաղորդագրության մեջ նշվում է, թե պաշտպանը «ներկայացրել է իր դիրքորոշումը համաներման վերաբերյալ, նշելով, որ համաներումը պետք է տարածվի մարդկանց լայն շրջանակի վրա՝ ներառյալ մարտի 1-ի դեպքերի հետ կապված ազատազրկված բոլոր քաղաքացիները: Հակառակ դեպքում համաներումը չի նպաստի հասարակական համերաշխության ձեւավորմանը»: «Առավոտի» հարցին, թե մտավախություն ունեք, որ համաներումը չի՞ ունենա նման լայն ընդգրկում՝ Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Չէ, ես նման մտավախություն չունեմ: Պարզապես, քանի որ հարցրին իմ դիրքորոշումը, թե ինչպես եմ պատկերացնում համաներումը՝ ներկայացրի այն, որ համաներումն ավելի լայն պետք է լինի, քան մարտի 1-ը, բայց մարտի 1-ը դրա մեջ կենտրոնական տեղ պետք է ունենա: Նրանք էլ նշեցին, որ համամիտ են ինձ հետ»: Համազեկուցողները պաշտպանի հետ համամիտ ու նույնքան դժգոհ են եղել նաեւ վկաների նկատմամբ ապօրինի մեթոդների կիրառման կապակցությամբ. «Համարում էին, որ քննչական ծառայության ու դատախազության գործունեությունը բավարար մակարդակում չի եղել»:

Այս հարցին անդրադարձ է եղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ անդրադառնալով «նախաքննական ցուցմունքները քննությանը խորթ մեթոդների կիրառման ազդեցության տակ տալու վերաբերյալ որոշ վկաների հայտարարություններին՝ ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ դրանք բոլորն էլ դարձել են քննության առարկա: Նշվել է, որ անկարգությունները կազմակերպելու համար ներկայումս դատարանների վարույթում գտնվող 6 անձանց վերաբերյալ 5 քրեական գործերով հարցաքննվել է շուրջ 80 վկա, որոնցից 6-ը հայտարարել են, թե նախաքննության ընթացքում իրենցից ցուցմունքներ են վերցվել բռնությունների գործադրմամբ»: Սակայն Աղվան Հովսեփյանը նաեւ նշել է, թե շուրջ 10 վկա էլ դիմել են դատարաններին՝ «խնդրելով իրենց նկատմամբ պաշտպանական միջոցներ գործադրել՝ հայտարարելով, որ ամբաստանյալների մերձավորների, կողմնակիցների կողմից իրենց նկատմամբ գործադրվում են ճնշումներ՝ պարտադրելով հրաժարվել նախաքննական ցուցմունքներից»:

Զարուհի Փոստանջյանն «Առավոտին» հայտնել էր, թե իրենց հանդիպման ժամանակ «առաջադրված հարցերից էր, թե 10 զոհերի վերաբերյալ քննություն կատարվո՞ւմ է, թե՞ ոչ: Ոստիկանության կողմից սպանված անձանց վերաբերյալ հնարավո՞ր է զենքերի նույնականացում»: Գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ այս առնչությամբ նշվել է, թե «բանակցություններ են անցկացրել տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի փորձագետների հետ՝ հատկապես խնդիր ունենալով ստանալ փորձագետների օգնությունը ոստիկանների կողմից կիրառված հատուկ միջոցների նույնացման հարցում, սակայն բոլորն էլ նշել են, որ հատուկ միջոցներից կիրառված փամփուշտները հնարավոր չէ նույնացնել: Նման եզրակացություն են ներկայացրել նաեւ հատուկ միջոցներն ու փամփուշտները արտադրող հիմնարկությունը, որտեղ քննչական խումբը նշանակել էր փորձաքննություն՝ նրանց տրամադրելով դիակների մարմիններից հանված փամփուշտները ու ոստիկաններից առգրավված հատուկ միջոցները»:

ԵԽԽՎ համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Կարծում եմ, այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ մեր երկիրը պատրաստ է կատարել ստանձնած պարտավորությունները»: Ըստ նախագահի մամուլի ծառայության՝ «Զրուցակիցները կարեւորել են գրանցված առաջընթացը: Համազեկուցողները ողջունել են համաներման գործընթացի վերաբերյալ երկրի ղեկավարի նախաձեռնությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել